Այս պահի դրությամբ սահմաններին հարաբերական անդորր է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը։
Հարցին, թե հակառակորդը փորձում է առա՞ջ շարժվել, թե՞՝ ուղղակի լարվածությունը պահել, Մակարյանը պատասխանեց՝ միայն լարվածություն, առաջ գալու փորձեր չկան։
«Քանի մենք ունենք սրանց նման հարևաններ, լարվածություն միշտ էլ լինելու է: Մեր խնդիրը որպեսզի ցանկացած ժամանակ ոչ միայն լինենք պատրաստ, ցանկացած ժամանակ ուղղակի ճնշենք նրանց», - ասաց ԳՇ պետի տեղակալը։
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը վճռականորեն պաշտպանելու է իր տարածքները: «Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», - ասել էր նախարարը։
«Ազատության» հարցին, թե ի՞նչ կարող է ասել, «պատերազմից հետո, որքան հասկանում ենք, փոխվել է Հայաստանի ռազմական գերատեսչության մոտեցումն այս առումով», Մակարյանը պատասխանեց․ - «Ընդունեք պաշտպանության նախարարի ասած խոսքերը բառի բուն իմաստով»։
Երեկ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Ադրբեջանի զինուժի դիպուկահարի կրակոցից սպանվել է Երասխի հատվածում ծառայություն իրականացնող 45-ամյա ավագ ենթասպա Վահան Թաթոսյանը, ավելի ուշ նախարարությունը տեղեկացրեց, որ Գեղարքունիքի հատվածում ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի, փոխհրաձգության հետևանքով հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել 19-ամյա շարքային Արման Հակոբյանը: