Կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվով 9 հիվանդանոցների վերակենդանացման բաժանմունքների 183 մահճակալներից այս պահին ազատ է ընդամենը 9-ը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով, իրավիճակը կարող է ավելի լարվել ուսումնական տարվա մեկնարկից հետո, հետևաբար, ըստ նրա, միակ ելքը շարունակում է մնալ պատվաստումը. - «Ուսուցիչները, պրոֆեսորադասախոսական կազմը, և դա միայն իրենց չի վերաբերվում, ընդհանրապես հանրային սննդի օբյեկտները, մի շարք կազմակերպություններ, պետական, տեղական ինքնակառավարման մարմինները... բոլոր կառույցներում պետք է ներդրվի այս կանոնը՝ այն անձինք, ովքեր ինչ-ինչ պատճառներով հրաժարվում են պատվաստումից, բայց չունեն պատվաստման որևէ հակացուցում, պետք է ամսեկան երկու անգամ թեստ հանձնեն։ Ինչպես հիմա ես էլ նկատում եմ, որ, ցավոք սրտի, մենք ո'չ ուզում ենք պատվաստվենք, ո'չ դիմակ կրենք, որևէ բան չանենք, բայց հիվանդությունը հաղթենք։ Ցավոք սրտի, դա հնարավոր չէ»։
ՊՇՌ թեստի արժեքը, հիշեցնենք, 10-15 հազար դրամ է։ Լրագրողները հետաքրրքվեցին նախարարից՝ եթե պատվաստումը պարտադիր չէ, արդյո՞ք ֆինանսական այդպիսի բեռ դնելով մարդկանց ուսերին, չեք ստիպում նրանց պարտադիր պատվաստվել։ Առողջապահության նախարարն ասաց, որ այս սահմանափակումները միայն Հայաստանում չեն կիրառվում։ Օրինակ, որպեսզի Գերմանիայում պատվաստումների թիվն ավելանա, կառավարությունն իր երկրի քաղաքացիների համար անվճար թեստավորումը չեղարկում է։ Բացառություն կկազմեն այն մարդիկ, որոնց համար պատվաստումը հակացուցված է: Իսկ օրինակ Լիտվայի իշխանությունները որոշել են, որ COVID-19-ի դեմ չպատվաստվածները կզրկվեն գործազրկության նպաստից, անվճար բուժման իրավունքից և այլն։
Անահիտ Ավանեսյանը փոխանցեց, որ իրենք նույնպես սահմանափակումների փաթեթ են մշակում, որն առաջիկայում կներկայացվի կառավարություն. - «Ցավոք սրտի, Քովիդ-19-ը լուրջ մարտահրավեր է երկրի համար, այն անտեսանելի պատերազմ է, որը մենք մեկ ու կես տարի է վարում ենք։ Մենք ունենք օրեկան դեռ գրանցվող մահեր, ունենք մտավախություն հետագայում ալիքի բարձրացման, և մենք որպես պետություն պետք է անենք ամեն ինչ՝ պաշտպանելու մեր քաղաքացիներին։ Եվ այդ գործիքակազմի մեջ, ինչպես նաև շատ այլ երկրներ, օգտվելու ենք նման սահմանափակումներից, որովհետև այս պարագայում կոնկրետ անձի առողջությունից բացի, մենք խնդիր ունենք հանրային լուրջ առողջապահական մարտահրավերի հետ»։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 440 մարդ այս պահին գտնվում է ծանր, 90-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում, թոքերի արհեսհտական օդափոխման ապարատի միջոցով շնչում է 46 մարդ։ Մինչև այս պահը կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվն անցնում է 4 հազարը։
Մինչև այսօր ՀՀ-ում պատվաստվել է բնակչության 5,3 տոկոսը։ Այս առումով Հայաստանը շարունակում է տարածաշրջանում վերջին տեղում մնալ։
Քովիդով հիվանդների բուժմամբ զբաղվող «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի փոխտնօրեն Նաիրա Ստեփանյանից տեղեկացանք, որ այս կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի 10 մահճակալներից ազատ է միայն 3-ը։ Ստեփանյանը հիշեցրեց, որ «դելտա» շտամը նույնպես շրջանառվում է երկրում, ասաց, որ հիվանդության երիտասարդացում են նկատում. - «Երիտասարդացել է շատ ծանր դեպքերը։ Եվ հիմա շատ ունենք առանց ուղեկցող հիվանդության երիտասարդ պացիենտներ, որոնց մոտ բավականին ծանր է ընթանում հիվանդությունը, և, ցավոք սրտի, կորուստներ նույնպես լինում են այդ տարիքային խմբում»։
Հայաստանում այս պահին Քովիդ-19- ի դեմ կիրառվող պատվաստանյութերից չինական CoronaVac-ը սպառվել է, հասանելի է միայն երկրորդ դեղաչափը ստացոողների համար։ Շարունակվում են կիրառվել բրիտանա-շվեդական AstraZeneca-ն ու ռուսական Sputnik V-ն։
Առաջիկայում կառավարությունը շուրջ 72 միլիոն դոլարի պատվաստանյութեր կգնի Cinopharm և ամերիկա-գերմանական Pfizer ընկերություններից։ Արդեն աշնանը Հայաստանը ձեռք կբերի նաև մեկ ներարկմամբ կիրառվող ամերիկյան Johnson & Johnson-ի 50 հազար դեղաչափ պատվաստանյութ, ևս 300 հազար դեղաչափ՝ Novavax-ի արտադրության պատվաստանյութ։
Եվրահանձնաժողովը, ի դեպ, 35 միլիոն եվրոյով ավելացրել է Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրում ընդգրկված վեց երկրներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի տրամադրմանն ուղղված օժանդակության փաթեթը՝ 40 միլիոն եվրոյից հասցնելով 75 միլիոնի: Այդ երկրների շարքում է նաև Հայաստանը։