Մատչելիության հղումներ

Առողջապահության նախարարը հորդորում է «շատ ավելի զգոն լինել»


Արդեն երկրորդ օրն է, ինչ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների օրական թիվն անցնում է 300-ը։

Նախորդող ամիսներին վարակվածների օրական թիվը միայն մի քանի տասնյակի էր հասնում, համաճարակային վիճակը գնահատվում էր կայուն, թվերի նվազման միտում կար։ Սակայն վերջին շաբաթներին վարակվածության դեպքերը շարունակաբար աճում են։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ևս այսօր կառավարության նիստի ընթացքում արձանագրեց, որ վարակվածների թվի դանդաղ աճ է նկատվում. - «Սրա շրջանակներում մենք նորից փորձում ենք ուժեղացնել, հորդորել ուշադրությունը սևեռել փակ տարածքներում կանոնների պահպանման ռեժիմի հաստատմանը, քանի որ առաջիկայում մեզ սպասվում է ուսումնական նոր տարվա մեկնարկը։ Եվ մենք ամեն բան պետք է անենք՝ կանոնները պահպանելով հնարավորինս զսպել վարակի աճը»։

Հայաստանում բրիտանական շտամից զատ, շրջանառվում է նաև աշխարհին անհանգստացնող «Դելտա» շտամը։ Վիրուսի այս տարբերակը առավել արագ է տարածվում, հոսպիտալացման դեպքերն ավելանում են, հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և սա, ըստ մասնագետների, հիմնականում ոչ ամբողջապես պատվաստված քաղաքացիների մոտ է նկատվում։

Այսօր էլ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ տեղեկացրեց, որ հետազոտություն է անցկացվել. քովիդ դրական արդյունքներից 30 նմուշ է առանձնացվել, որոնց մեծ մասում՝ 25-ում, «Դելտա» շտամ է հայտնաբերվել. - «Կանոնավոր կերպով կշարունակենք այս սեկվենավորման աշխատանքները, ուստի ևս մեկ անգամ հորդորում եմ շատ ավելի զգոն լինել, որովհետև այս շտամը աչքի է ընկնում տարածելիության բարձր մակարդակով, ինչը բերում է նաև հիվանդացության աճի։ Պետք է հնարավորինս խուսափել, ցավոք սրտի, տարածաշրջանում գրանցվող նաև հոսպիտալացման մեծ դժվարություններից»։

Խոսելով պատվաստումային գործընթացից՝ նախարարը նշեց, որ մինչ օրս Հայաստանում իրականացվել է ավելի քան 190 հազար պատվաստում։ Միայն նախօրեին 6188 անձ է պատվաստվել. - «Մենք պատվաստման տեմպի բավական լավ առաջընթաց ունենք։ Սա, իհարկե, ուրախալի է, բայց պիտի շարունակական աշխատենք հնարավորինս կարճ ժամանակահատվածում իրականացնելու պատվաստումները ողջ երկրում»։

Առողջապահության նախարարը նշեց, որ վարչապետի հանձնարարականով առանձին վիճակագրություն է վարվում, թե պատվաստվածներից քանիսն են Հայաստանի քաղաքացի, քանիսը՝ արտերկրի։

Վիճակագրությունը, սակայն, վարվում է հուլիսի 15-ից։ Այդ օրվանից մինչև օգոստոսի 4-ը ներառյալ, նախարարի փոխանցմամբ, պատվաստվել է 58 հազար 108 անձ, որոնց շուրջ 96 տոկոսը կամ 56 հազար 10 եղել են Հայաստանի քաղաքացիներ։

Հայաստանում պատվաստումային գործընթացը մեկնարկել է ապրիլի 13-ից։ Կորոնավիրուսի դեմ անվճար պատվաստվելու համար հատկապես հուլիսին Իրանից մեծ հոսք կար Հայաստան։ Մասնավորապես բացօթյա տարածքներում գտնվող քովիդի դեմ պատվաստման շարժական կետերում առավոտից հերթեր էին, օտարերկրացիներն անգամ գիշերում էին Երևանի կենտրոնում՝ պատվաստվելու հերթը պահելու համար։

Կառավարությունը այնուհետև որոշում կայացրեց, համաձայն որի հուլիսի 15-ից պոլիկլինիկաները սպասարկում են միայն Հայաստանի քաղաքացիներին և այստեղ կացության իրավունքով բնակվողներին: Իսկ օտարերկրացիները կարող են պատվաստվել Հայաստանում առնվազն 10 օր մնալու դեպքում և բացօթյա տարածքներում գտնվող շարժական կետերում։ Փաստորեն չկա վիճակագրություն, թե զբոսաշրջիկների մեծ հոսքի շրջանում՝ մինչև հուլիսի 15-ը, պատվաստված շուրջ 132 հազար քաղաքացիներից քանիսն էին հայաստանցիներ, քանիսը՝ օտարերկրացիներ։

«Մենք պետք է այդ վիճակագրությունը առանձին տանենք և և թվերը հրապարակելիս հենվենք ՀՀ քաղաքացիների պատվաստումների թվի վրա։ Եվ մենք այսօր կարող ենք արձանագրել, որ այս պահին մեր կարիքների հետ կապված պատվաստանյութերի խնդիր չունենք, և առաջիկա մատակարարումներն էլ պլանավորվում են այնպես, որպեսզի ծրագիրն իրականացնենք և կարողանանք պատվաստումների էական աճ ունենալ», - ասաց Փաշինյանը։

Այժմ Հայաստանում 18-ից բարձր բոլոր անձանց համար անվճար և կամավոր երեք տեսակի պատվաստանյութ է հասանելի՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա» և չինական «Կորոնավակ»։

Առողջապահության նախարարությունը այս պահին բանակցություններ է վարում նոր պատվաստանյութեր ներկրելու համար․ աշնանը Հայաստան կբերվեն ամերիկյան Johnson & Johnson, ինչպես նաև Novavax-ի արտադրության փոքր խմբաքանակով պատվաստանյութեր։ Քննարկվում են նաև Pfizer և Moderna ձեռք բերելու հնարավորությունները։

XS
SM
MD
LG