Բաքուն այսօր հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքով» ավտոճանապարհը կունենա 123,8 կիլոմետր երկարություն և բաղկացած կլինի 4-6 գծերից: Շինարարական աշխատանքներն Ադրբեջանը ծրագրում է ավարտել 2024 թվականին։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է այդ երկրի Ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության համապատասխան վարչության պետի տեղակալ Հիդայաթ Ռուստամովը՝ վարչության աշխատանքին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
«Պատրաստվում է Զանգեզուրի միջանցքի նախագիծը, ինչպես նաև զուգահեռաբար ընթանում է Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ադրբեջանական կողմում գտնվող Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ հատվածի շինարարությունը։ Այդ հատվածը կապահովի ելք դեպի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ստորագրված եռակողմ հայտարարությունն ընդհանուր դրույթներ է պարունակում տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային երթուղիների ապաշրջափակման մասին, սակայն ուղղակիորեն հիշատակվում է միայն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջեւանի միջև կապը: Բաքուն և Երևանը այն տարբեր կերպ են մեկնաբանում։ Բաքուն ասում է, թե Երևանի և Մոսկվայի հետ պայմանավորվել է «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, իսկ Երևանն ասում է, թե միջանցքի մասին որևէ խոսք չկա: Վերջին անգամ նման հայտարարություն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արել է մի քանի օր առաջ՝ օգոստոսի 3-ին. Հայաստանը չի քննարկել և չի քննարկելու «միջանցքի տրամաբանությունը», սակայն «տրանսպորտային հաղորդակցության բացումն առաջնային խնդիր է, քանի որ այդ համաձայնագրերի շրջանակներում Հայաստանը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կստանա Իրանի և Ռուսաստանի հետ»:
Հիմնական տարաձայնությունը, որի մասին քիչ է խոսվում, «միջանցք» տերմինի մեջ է։ Այս առումով ուշագրավ է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտի՝ «Ազատություն» TV-ին տված հարցազրույցում արած հայտարարությունը։ Լաքոտը մասնավորապես ասել է, որ «պետք է վանել «միջանցք» հասկացությունը», քանի որ «միջանցքները շատ վատ հիշողություն են թողել դիվանագիտության պատմության մեջ, ինչպես, օրինակ, Դանցիգյան միջանցքը»։ «Մենք այլևս չենք ապրում մի աշխարհում, որտեղ միջանցքներ ենք ստեղծում օտար տարածքների հաշվին», - ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը։
Ադրբեջանի նախագահը, սակայն, հետպատերազմյան շրջանում պարբերաբար հայտարարում է, թե «Զանգեզուրի միջանցքը», անկախ նրանից՝ Երևանը համաձայն է, թե ոչ, կառուցվելու է, և եթե անհրաժեշտ լինի, Բաքու պատրաստ է դրան հասնել ուժով։ Ընդ որում, Իլհամ Ալիևը նաև հայտարարել է, թե չունի տարաձայնություններ Մոսկվայի հետ միջանցքի հարցում:
Պաշտոնական Մոսկվան պատերազմից հետո պարբերաբար ասում էր, թե եռակողմ հայտարարությունում չկա «միջանցք» բառը, սակայն վերջին շրջանում փորձում է շրջանցել հարցը և ընդհանուր ձևակերպումներ է տալիս՝ «Մոսկվան կողմ է, որ բացվեն բոլոր տրանսպորտային հաղորդակցությունները տարածաշրջանում» տրամաբանության մեջ։ Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով զբաղվում է եռակողմ աշխատանքային խումբը, որը, սակայն, վերջին շրջանում գործում է փակ ձևաչափով և հայտարարություններ քիչ է անում։
«Զանգեզուրի միջանցք» ասվածը ենթադրում է ոչ միայն ավտոճանապարհի կառուցում, այլ նաև երկաթգիծ, որը Նախիջևանը պետք է կապի Ադրբեջանի հետ։ Խոսքը 40 կիլոմետր երկարությամբ տարածքի մասին է Սյունիքի մարզում։ Թե ինչ լայնություն պետք է ունենա այդ այսպես կոչված «միջացքը», կարելի է միայն պատկերացնել՝ հաշվի առնելով, որ խոսքը և՛ ավտոճանապարհի, և՛ երկաթգծի մասին է։ Եռակողմ համաձայնագրում, հիշեցնեք, նշված է, որ Ադրբեջանի հիմանական մասը Նախիջևանի հետ կապող՝ Հայաստանի տարածքով անցնող ճանապարհը պետք է վերահսկեն ռուս սահմանապահները։
Այսօր ադրբեջանցի չինովնիկը, ի դեպ, նաև հայտարարել էր, թե սկսվել է Լաչինի շուրջ 23 կիլոմետր երկարությամբ օղակաձև ճանապարհի շինարարությունը։