Հայաստանը եղել և մնում է առավելապես կառուցողական, այսպես Հայաստանի արտգործնախարարությունը պատասխանել է Ադրբեջանի ԱԳ նախարարին։
Ջեյրհուն Բայրամովը նախօրեին Հայաստանին մեղադրել էր նոյեմբերի 9 -ին հայտարարության իրականացմանը խոչընդոտելու համար։ «Արմենպրես»-ին տված պատասխաններում ԱԳՆ -ն ասում է, որ ադրբեջանական կողմը, մասնավորապես, խախտել է հայտարարության 1-ին և 7-րդ կետերը ու մինչ օրս չի կատարել հայտարարության 8-րդ կետը, որի համաձայն պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակումը։ Ավելին, հայ ռազմագերիները ենթարկվում են քրեական հետապնդման, ինչը նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
ԱԳՆ-ն շեշտում է, որ հայտարարության ստորագրումից մեկ ամիս հետո ադրբեջանական զորամիավորումները խախտել են հայտարարության 1-ին կետը, որի համաձայն կողմերը պետք է մնային իրենց դիրքերում, և հարձակում են սկսել Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ, ինչի արդյունքում զավթել են այդ բնակավայրերը, սպանել և գերեվարել հայ զինծառայողներին։
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը նկատում է՝ Հայաստանի ԱԳՆ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված տևական լռությունից հետո սա ուշացած, կարևոր և բավական սուր արձագանք է. «Նյուանսներ են բացվել, օրինակ, նյուանսներ կապված նոյեմբերի 9-ի փաստաթղթի հետ, օրինակ, Ադրբեջանն ուզում է նոյեմբերի 9-ի փաստաթղթի մեջ ներդնել այն, ինչը այնտեղ չկա: Օրինակ՝ Զանգեզուրի միջանցքի մասին, այնտեղ 9-րդ կետում կոմունիկացիայի բացման մասին է խոսքը, ուրեմն շատ կարևոր, տեղին հայտարարություն է ԱԳՆ-ի, որտեղ Հայաստանն իր կարծիքը ասում է ու նյուանսներ է բացում միջազգային հանրության համար, ինչը շատ պակասում էր մեզ վերջին մեկ տարվա ընթացքում՝ և՛ պատերազմի ժամանակ, և՛ պատերազմից հետո»:
Նախարարությունը խոսում է նաև այն մասին, որ Ադրբեջանի զինված ուժերը մայիսի 12-ից սկսած գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Արտաքին գերատեսչությունից հարկ են համարել նշել, որ ադրբեջանական զորամիավորումները ներթափանցել են Հայաստանի այն տարածքներից, որոնց վրա Ադրբեջանը վերահսկողություն է հաստատել նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման հետևանքով։
«Այսինքն՝ հայտարարությունն իրականացնելու հայկական կողմի կառուցողական մոտեցմանը Ադրբեջանը հակադրել է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգություն իրականացնելու՝ տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը խաթարելու քաղաքականություն», - ասված է հայտարարության մեջ։
Ըստ վերլուծաբանի՝ հայտարարության մեջ նման մանրամասները հատկապես կարևոր են միջազգային կառույցներին ամբողջական ինֆորմացիա փոխանցելու առումով: Այս համատեքստում ուշադրություն է հրավիրում փաստին, որ երեկ ԱՄՆ դեսպանը այցելել էր Գեղարքունիք՝ հայ-ադրբեջանական սահման, իրավիճակին տեղում և անձամբ ծանոթանալու համար:
«Միացյալ Նահանգների դեսպանի կարծիքը, մոտեցումը, հայտարարությունը կապված Գեղարքունիքում եղած լարվածությանը Ադրբեջանի հետ շատ կարևոր է Հայաստանի համար, ու դա միայն կարելի է ողջունել: Շատ լավ կլինի, եթե նաև Ռուսաստանի դեսպանը հայտնվի այդ կողմերում, քանի որ Ռուսաստան է համանախագահող երկիր Մինսկի խմբում, որ Ռուսաստանը օբյեկտիվ ինֆորմացիա ունենա, այլ ոչ թե մեզ ասի, որ այդտեղ միջսահմանային վեճ է», - ասաց Գրիգորյանը:
ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ անդրադարձ է կատարել նաև Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված միջանցք եզրույթին, անընդունելի և եռակողմ հայտարարությունների բովանդակությունն ու նպատակը ամբողջովին աղավաղող է բնութագրել այն։
Պատասխանելով Ադրբեջանից հնչող մյուս մեղադրանքներին, մասնավորապես, որ հայկական կողմը չի օգնում Ադրբեջանին ականազերծելու հակամարտության գոտու տարածքները, ԱԳՆ-ից հիշեցրել են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի պարունակում ականազերծման ուղղությամբ կողմերի միջև համագործակցության որևէ դրույթ։
Այդուհանդերձ, գերիների վերջին երկու խմբերի վերադարձը տեղի ունեցավ միայն այն բանից հետո, երբ Երևանը Բաքվին փոխանցեց մի քանի շրջանների ականապատման քարտեզները։