Մատչելիության հղումներ

Ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է վտանգներով. ԱԳՆ-ն արձագանքում է Ալիևի հայտարարություններին


Արտաքին գործերի նախարարությունը օրվա վերջում արձագանքում է Ադրբեջանի ղեկավարի հայտարարություններին։ Ուժի սպառնալիքի կիրառումը չի կարող ստեղծել տևական խաղաղություն և հղի է տարածաշրջանի բոլոր երկրների և ժողովուրդների համար վտանգներով, նշված է արտաքին գերատեսչության հայտարարությունում:

«Հայաստանը հետևողականորեն հանդես է գալու Արցախի տարածքում արցախահայության ինքնորոշման իրավունքի իրականացման, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանման դիրքերից՝ հիմնվելով միջազգային իրավունքի վրա», - նշված է արտաքին գերատեսչության հայտարարությունում։

Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը սպառնում է՝ Ադրբեջանական զորքը շարունակելու է ամրապնդվել Գեղարքունիքից Սյունիք սահմանին։ Ըստ Ալիևի՝ իրենք Հայաստանի տարածք չեն մտել, պարզապես ձնհալից հետո վերցրել են անհրաժեշտ բարձունքներ և ամրապնդվել։ Երեկ հայտարարել է ադրբեջանական պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Լեռնային Ղարաբաղի ապագային անդրադառնալով՝ Ալիևը պնդել է, որ «նման տարածքային միավոր այլևս գոյություն չունի և Ղարաբաղի կարգավիճակի հարցը քննարկման ենթակա չէ»։

Արտաքին գերատեսչությունից արձագանքում են. «Հարկ է նշել, որ այս սադրիչ գործողություններն ուղեկցվում են Ադրբեջանի նախագահի կողմից այսպես կոչված «զանգեզուրի միջանցք» ձևակերպման շրջանառմամբ, ինչն ամբողջովին հակասում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ հունվարի 11-ի եռակողմ համատեղ հայտարարություններին, որոնք պարունակում են տարածաշրջանում առկա տնտեսական և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման դրույթը։ Ադրբեջանական կողմը հասկանալով միջազգային իրավունքը խախտող իր այս պահանջների հիմնազուրկ լինելը՝ փորձում է որպես փաստարկ ներկայացնել խնդիրն ուժի կիրառմամբ լուծելու իր պատրաստակամությունը»։

Պատերազմում հաղթած Ադրբեջանի ախորժակը չի փակվելու, Հայաստանի նկատմամբ ճնշումը շարունակելու է մինչև իր նպատակին հասնի, ասում է քաղաքագետ Արեգ Քոչինյանը։ Ադրբեջանի նվազագույն ծրագիրն է՝ Հայաստանը ճանաչի Արցախը Ադրբեջանի կազմում, ապա՝ հայ-ադրբեջանական սահմանազատում իրականացվի, և ըստ քաղաքագետի, առավելագույնը՝ եթե Հայաստանը չհամաձայնի իր պահանջին, Ադրբեջանը Հայաստանից տարածքներ կզավթի ու կպարտադրի ընդունել պահանջները։

«Այսինքն իրենք իրենց հաշվարկով մոտավորապես նույնն են ուզում անել, ինչ որ Հայաստանն է արել Ադրբեջանի հետ անցած տարիների ընթացքում: Հիմա սրան մենք ի՞նչ ունենք հակադրելու, բնական է, որ Հայաստանն այս պահի դրությամբ չի կարող գնալ լայնածավալ առճակատման, սա մեր շահերից չի ելնում, որովհետև, ինչպես վերջին պատերազմը ցույց տվեց, մեր բանակը պատրաստ չէ կռվելու թուրքական աջակցությամբ ադրբեջանական ստորաբաժանումների հետ, մեզ մնում է բանակցել», - ասաց Քոչինյանը:

Փաշինյանը մեկ ամիս առաջ ընտրողների մեծամասնության քվեն ստացել է Հայաստանի քաղաքացիներին խաղաղության դարաշրջան խոստանալով։ Հայաստանը կարո՞ղ է դիմադրել ու հրաժարվել Ադրբեջանի պահանջները կատարել, որի ախորժակը լայն բացվել է հաղթելուց հետո։ Ըստ Արեգ Քոչինյանի՝ առանց Արևմուտքի միջամտության հնարավոր չէ։ Հայաստանն այս պահին լայնածավալ պատերազմի ռեսուրս չունի։

«Մենք գտնվում ենք շատ երկարաժամկետ տուրբուլենտության մեջ ու այդ տուրբուլենտության մեջ մեզ անընդհատ ցնցելու է, դա կավարտվի միայն այն ժամանակ, երբ որ մենք կարողանանք վերականգնել մեր զինված ուժերի պոտենցիալը, գոնե այն մասշտաբով, գոնե այն մակարդակի, որ մեզ հետ խոսելը կդառնա ավելի էժան, քան մեզ հետ կռվելը», - ասաց նա:

Հայաստանի դիմադրողականությունը կախված է Արևմուտքի աջակցությունից, եթե այստեղ հետաքրքրություն ունեն, կստացվի, Եթե ոչ, պատերազմի սպառնալիք կա, ասում է Քոչինյանը։ Ընդ որում Արևմուտքի՝ միջամտության դեպքում այնպես չէ, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը լուծվելու է Հայաստանի օգտին։ Պարզապես սառեցվելու է ստեղծված իրավիճակը մինչև հնարավոր լինի վերականգնել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում, կարծում է քաղաքագետը։

«Եթե հավաքական ասած՝ Արևմուտքը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան տարածաշրջանը բավականաչափ կարևորեն, ապա ես չեմ բացառում, որ այդտեղ անգամ որոշիչ նշանակություն չունենան մեր ներքին դիմադրողականության մակարդակը: Իրենք կարող ենք այնպիսի աջակցություն ցուցաբերել կամ այնպիսի քաղաքական ճնշում գործադրել, օրինակ, Ադրբեջանի վրա, որպեսզի գոնե սառի իրավիճակը», - ասաց Քոչինյանը:

Ըստ քաղաքագետի՝ Ռուսաստանն ու Թուրքիան վերաբաժանում են տարածաշրջանը և գործը գլուխ բերելու համար Հայաստանը պետք է զիջի։ Այս հարցում Հայաստանի բնական դաշնակից է դառնում Արևմուտքը, որին Ռուսաստանն ու Թուրքիան փորձում են դուրս մղել տարածաշրջանից։ Եթե Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան ձեռք չմեկնեն Հայաստանին, Հայաստանն էլ չկատարի հակառակորդի պահանջները, կզարգանա հնարավոր վատագույն սցենարը։

«Եթե մենք չենք համաձայնվում կնքել բոլոր այն փաստաթղթերը, որոնք Ադրբեջանը պահանջում է, իսկ մենք դրանց չենք համաձայնվում ու չենք ստանում որևէ աջակցություն այս նոր ստատուս քվոյի բնական հակառակորդը հանդիսացող արևմտյան երկրներից, ապա այդ պարագայում ես չեմ բացառում, որ այո, գնա նշված զարգացմանը, գնա ընդհուպ ավելի մեծ տարածքների օկուպացիայի և դրանք գերու կարգավիճակով պահվեն, մինչև մենք կհամաձայնենք ստորագրել այդ բոլոր փաստաթղթերը», - ընդգծեց Քոչինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG