Մատչելիության հղումներ

Դատախազությունը ցանկանում է նոր մեղադրանք առաջադրել Քոչարյանին և մյուսներին, Վերաքննիչին խնդրեց կասեցնել գործի քննությունն ու դիմել ՍԴ


Վերաքննչ քրեական դատարանում այսօր սկսվեց գլխավոր դատախազության և Մարտի 1-ի գործով տուժողների բողոքների քննությունը։ Վերջիններս վիճարկում են երկրորդ նախագահին և նրա նախկին ենթականերին արդարացնելու առաջին ատյանի որոշումը։

Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը, որից հետո առաջին ատյանի դատարանը արդարացրել էր պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նրա իշխանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին և Արմեն Գևորգյանին։

Այժմ Քոչարյանն ու Գևորգյանը մեղադրվում են միայն կաշառքի գործով, որի մասին հաղորդում է տվել գործարար Սիլվա Համբարձումյանը։ Քոչարյանը մեղադրվում է 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար կաշառք ստանալու համար, Գևորգյանը նաև՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար է մեղադրվում։

Դատական նիստին գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը միջնորդեց կասեցնել գործի քննությունն ու դիմել Սահմանադրական դատարան։ Ասաց՝ արդարացման որոշումից հետո խախտվում է այս գործով տուժողների արդար դատաքննության իրավունքը։ Այս գործով տուժող են 2008-ի մարտի մեկի հետընտրական բախումներում սպանված 10 անձանցից 9 և վնասվածքներ ստացած հարյուրավոր քաղաքացիներ։

«Սահմանադրական դատարանի որոշումից հետո արարքին տված ճիշտ իրավական որակումն արտահայտող նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և այլևս չի գործում, իրենց նկատմամբ կատարված արարքը համապատասխանում է քրեական օրենսգրքի այլ նորմերին, բայց տուժողներն արդար դատաքննության իրավունքից չեն կարողանում օգտվել մի պարզ պատճառով՝ մեր քրեական դատավարության օրենսգրքի նորմերն արձանագրում են, որ Սահմանադրական դատարանի որոշումից անմիջապես հետո վարույթը պետք է բացառվի: Դրանով ակնհայտորեն վտանգված են տուժողների իրավունքները, և այս պարագայում արդեն կարող ենք ասել՝ ոչ թե վտանգված են, այլ այդ վտանգը հասել է իր արդյունքին՝ առաջին ատյանի դատարանը կայացրել է այդ վտանգն արտահայտող որոշում և քրեական հետապնդումները դադարեցրել է, քրեական գործի վարույթի այդ մասը` կարճել», - ասաց Բաղդասարյանը։

Դատախազությունը պնդում է, որ օրենքն իրենց հնարավորություն չի տալիս արդարացվածներին այս գործով այլ հոդվածով մեղադրանք առաջադրել։ Սակայն 2008-ին Հայաստանի բարձրագույն իշխանության այս ներկայացուցիչների գործողություններում կան օրենքով արգելված արարքներ։ Սա էր պատճառը, որ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո գլխավոր դատախազն էր դիմել Բարձր դատարան, բայց այն մերժել էր քննել Արթուր Դավթյանի դիմումը։ Եվ եթե Վերաքննիչը դիմի Սահմանադրական դատարան, որն էլ հակասահմանադրական ճանաչի քրեական դատավարության որոշ հոդվածներ, ապա գլխավոր դատախազությունը Քոչարյանին և մյուսներին կկարողանա մեղադրանք առաջադրել պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

Գևորգ Բաղդասարյանը հիշեցրեց, որ ինքը դեռ առաջին ատյանի դատարանում է խնդրել կասեցնել Մարտի 1-ի գործի քննությունն ու դիմել Բարձր դատարան, բայց դատավոր Աննա Դանիբեկյանն այդպես էլ չքննեց այն. «Դա տեղի է ունեցել մի պատճառով, որ քրեական դատավարության օրենսգրքի 35 -րդ և 366-րդ հոդվածները չեն սահմանում այդպիսի հնարավորություն, իսկ առաջին ատյանի դատարանում մենք խնդրել էինք հենց այդ հարցը բարձրացնել։ Ինչո՞ւ եմ միջնորդությունը ներկայացրել Վերաքննիչ դատարանում, որովհետև Վերաքննիչ դատարանը, որոշելով քննարկել առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունը և հիմնավորվածությունը, կիրառելու է նույն նորմերը` կիրառելու է դարձյալ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը, կիրառելու է նաև 366-րդ հոդվածը, որը, մեր կարծիքով, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասում է»:

Պաշտոնաթող նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը, անդրադառնալով դատախազների մատնանշած միջազգային փաստաթղթերին, օրինակ՝ Եվրոպական կոնվենցիային, որով, ըստ դատախազների, խախտվում է այս գործով տուժողների արդար դատաքննության իրավունքը, շեշտեց՝ տուժողներին այս դեպքում այդ իրավունքը չի վերաբերում. «Ոչ մի պարագայում տուժողների իրավունքները 6-րդ հոդվածը չի պաշտպանում, որովհետև ասում է` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, այ այս երկու տեսակի սուբյեկտներն են, որոնց 6-րդ հոդվածը պաշտպանություն է տրամադրում»:

Դատարանը հետաձգեց նիստը՝ Քոչարյանի և մյուսների պաշտպաններին հնարավորություն տալով ծանոթանալ դատախազության միջնորդությանը։ Դատական նիստի վերջում փոքր միջադեպ եղավ տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանի միջև։

Հաջորդ դատական նիստը հուլիսի 15-ին է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG