Ի պատասխան հարցին, թե ինչ է լինելու Մարտի 1-ի գործի ապագան, նախարարն ասաց, որ կա դատական որոշում, և Գլխավոր դատախազությունն ինքն է որոշելու՝ այդ ակտը ենթակա՞ է բողոքարկան, թե՞ ոչ:
Նախարարն ասում է, թե կոնկրետ գործերով մեկնաբանություն տալ չի կարող, բայց և չի հերքում, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների որոշ հարցերում ունեն ձախողումներ․ - «Կոնկրետ հետևանքները բացարձակապես իմ լիազորությունների մեջ չի մտնում»։
«Ազատության» հարցին, թե արդյոք իրավական առումով փակված է Մարտի 1-ի էջը, նախարարն արձագանքեց․ - «Ես կարող եմ ասել, որ մեծ ցավ եմ ապրում առհասարակ տեղի ունեցած պրոցեսների մասով։ Չգիտեմ, Մարտի 1-ի գործի նախաքննության փուլում, եթե չեմ սխալվում, կա գործ, որը որ դեռ շարունակվում ա գործի քննությունը։ Բայց կրկին պետք ա դիմել պատասխանատուներին և ստանալ համապատասխան մեկնաբանություններ, որովհետև ոչ թե չեմ ուզում որևէ կարծիք արտահայտեմ, այլ ուղղակի չեմ տիրապետում ամբողջ տեղեկատվությանը»։
Ազգային ժողովի որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր Արման Բաբաջանյանը Մարտի 1-ի գործի առնչությամբ դատարանի կայացրած որոշումը համարում է քաղաքական՝ շեշտելով, թե այսպիսի հանգուցալուծումից հետո առնվազն մի քանի պաշտոնյաներ պետք է հրաժարական տան, այդ թվում՝ Արդարադատության նախարարը, նախաքննական մարմինների ղեկավարները․ - «Մենք ակնհայտորեն տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանը, դատական համակարգը առհասարակ և իրավապահ համակարգի այլ ինստիտուտներ, գերատեսչություններ ուղղակի ցույց են տալիս, թե հանցավոր համագործակցությամբ ինչպես են ընդունակ տեղի ունեցած սահմռկեցուցիչ հանցագործությունը՝ Մարտի 1-ի գործը ուղղակի տապալել, երբ ըստ էության կա հանցանքը, բայց չկա հոդվածը»։
2018 թվականի օգոստոսին Փաշինյանը հայտարարել էր, թե Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է։ Նա այս հայտարարությունը վերահաստատեց այս տարի մարտի 1-ին հրավիրված հանրահավաքին․ - «Շատ կարևոր է արձանագրել, որ Մարտի 1-ի գործով կան մեղադրվող անձինք, որոնք այսօր կանգնած են դատարանի առաջ։ Ու պիտի, այո, արձանագրեմ, որ Մարտի 1-ի գործը ըստ էության, իմ գնահատմամբ, բացահայտված է»։
Նախարար Բադասյանն այսօր ասում է, թե բացահայտում ասելով նկատի են ունեցել այն, որ բացահայտված են այն դերակատարները, որոնք որոշումեր են կայացրել: Բադասյանը համաձայնեց, որ կա հանրային ընկալում, որ դատաիրավական ոլորտի բարեփոխումների հարցում իշխանությունը դանդաղկոտություն է ցուցաբերել, և ինքը պատրաստ է կրել դրա պատասխանատվությունը՝ ինչպիսին էլ որ այն լինի․ - «Ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն ցանկացած․․․ ինչ որ որոշում կկայացվի։ Եթե կվերլուծվի, որ ես եմ պատասխանատուն, օրինակ, հենց էդ հարցում ՝ դատաիրավական բարեփոխումների և այսպես կոչված վեթինգը չանելու․․․»
Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին մեղսագրվող 300.1 հոդվածը հակասահմանադրական ճանաչեց Սահմանադրական դատարանը։ Ընդ որում՝ այն կազմով, որը ձևավորվել էր այս իշխանությունների կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններից հետո։
Բաբաջանյանն ասում է՝ դա փոփոխված բայց չբարեփոխված կազմ է․ - «Սա իրականում պատասխան է թույլ, անօգնական իշխանությանը։ Ես կարծում եմ, եթե իշխանությունը չլիներ այսքան թույլ և այսքան անկարող, ատական իշխանությունը իրեն այսպես սանձարձակ չէր պահի»։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը երեկ ապրիլի 6-ին որոշեց կարճել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի, Պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքների մասով քրեական գործի վարույթը:
Խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվեց այս հարցով որևէ մեկնաբանություն տալ։
2008 թվականի հետընտրական պրոցեսները գլխավորող առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։
Նախկին վարչապետ Արամ Սարգսյանը, չխորանալով իրավական հարցերում, ասում է՝ ակնհայտ է, որ 2008 թվականի մարտի 1-ին ինչ-որ մեկը կրակելու հրաման է տվել որի արդյունքում 10 մարդ է զոհվել, և այս էջը փակված համարել չի կարելի։