Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանին ու մյուսներին արդարացնելու որոշումը կբողոքարկվի, հայտարարում է Սաֆարյանը


Մարտի 1-ի զոհերի հարազատները ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի առջև, 14-ը ապրիլի, 2021թ.
Մարտի 1-ի զոհերի հարազատները ակցիա են իրականացնում ԲԴԽ-ի առջև, 14-ը ապրիլի, 2021թ.

Մարտի 1-ի զոհերի հարազատներն ու նրանց շահերի պաշտպանները գործի բացահայտման էջը փակված չեն համարում։ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) առջև այսօր կազմակերպված ակցիայի ընթացքում փաստաբան Սեդա Սաֆարյանը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են բողոքարկել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու նախկին ենթականերին արդարացնելու որոշումը։

Նախկին նախագահն ու նրա նախկին երեք ենթակաները շուրջ մեկ շաբաթ առաջ արդարացվեցին, քանի որ նրանց մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը բարձր դատարանի կողմից անվավեր ու հակասահմանադրական էր ճանաչվել։

«Մենք չենք զլանա, կբողոքարկենք այս որոշումները, մենք կունենանք եվրոպական դատարաններում վճիռներ տասնյակների և հարյուրների հասնող այս գործով, որովհետև դատարանը ստիպված է արձանագրել, որ իրավական պաշտպանության միջոց Հայաստանի Հանրապետության տուժողները չեն ունեցել», - ասաց Սաֆարյանը։

«Մենք չենք հուսահատվել, որ Մարտի 1-ն ամբողջովին փակվելու է, ոչ, ընտրություններ են լինելու և շատ հանգամանքներ են բացահայտվելու», - ընդգծեց 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները իրենց պաշտպանյալին արդարացնելուց հետո նրան նոր մեղադրանք ներկայացնելը անօրինական են համարում։ Փաստաբան Գևորգ Գյոզալյանը ևս կարծում է, որ Քոչարյանին նույն արարքի համար նոր մեղադրանք չեն կարող առաջադրել։ Կա նույն արարքի համար կրկին դատվելու անթույլատրելության սկզբունք, ասում է իրավաբանը։ Ըստ Գյոզալյանի, չկա տարբերություն՝ ամբաստանյալն արդարացվել է Սահմանադրական դատարանի որոշման, թե գործի քննության արդյունքում։ Կա մեկ փաստ՝ նրան վերագրվող հոդվածն անորոշ է և չի կարող այդ տեսքով գոյություն ունենալ:

Դատաիրավական համակարգի դեմ այսօր կազմակերպված բողոքի ակցիան մասնակցում էր նաև Ազգային ժողովի անկախ պատգամավոր, «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանը։ Նրա պնդմամբ՝ 2018-ի հեղափոխությունից 3 տարի հետո Մարտի 1-ի գործով այդպես էլ ամբողջ ճշմարտությունը վեր չի հանվել։

«Միայն այդ ճշմարտության բացահայտմամբ մենք կարող ենք հստակ, պարզ ճակատով ասել, որ մեր երկրում այլևս անհնար է նոր Մարտի 1», - ասաց Բաբաջանյանը:

XS
SM
MD
LG