Երևանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի՝ կաշառքի գործով հերթական դատական նիստը։
Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը արձակուրդում է և դատական նիստին չէր ներկայացել։ Այդ բացակայությունը, դատախազ Գևորգ Բաղդասարյանը անհարգելի որակեց. «Բացակայությունը հարգելի չէ և արդեն հասնում է դատարանի նկատմամբ անհարգելի վերաբերմունքի մակարդակի: Պայմանավորված բացակայություններ են դատական նիստից»:
«Տպավորություն է, որ շատ կարճ ժամանակ առաջվա հանգամանք է մոռացել մեղադրանքի կողմը, երբ Սահմանադրական դատարանի որոշման հրապարակումից հետո դատարանի կողմից նշանակված օրվա և ժամի նիստին պարզապես չէին ներկայացել մեղադրողները: Հարգելի դատարան, ես առնվազն տեղյակ չեմ մեկ հանրապետության մասին կամ մեկ մասնագիտության մասին, որտեղ անձը հնարավորություն չունենա արձակուրդ մեկնելու: Չկա նման երկիր, չկան նման փորձ», - ասաց Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Քոչարյանի պաշտպանը տեղեկացրեց, որ ինքը ևս վաղվանից լինելու է արձակուրդում՝ պայմանավորված առաջիկա քաղաքական գործընթացներում ներգրավմամբ և խնդրեց դատական նիստը նշանակել հունիսի 19-ին կամ դրանից հետո, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը հաջորդ նիստը նշանակեց հունիսի 15-ին, նշելով, որ փաստաբանի բացակայությունը չի խոչընդոտի նիստի ընթացքին, քանի որ Ռոբերտ Քոչարյանի դեպքում աշխատում է փաստաբանական թիմ։
Այս որոշումը Արամ Վարդևանյանը հերթական ապացույցը համարեց, որ դատարանի վրա կա քաղաքական ճնշում և փորձ է արվում այդ կերպ խախտել քաղաքական մրցակցությունը և խաթարել Ռոբերտ Քոչարյանի քարոզարշավը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 26-ին հակասահմանադրական և անվավեր էր ճանաչել երկրորդ նախագահ Քոչարյանին և նրա նախկին երեք ենթականերին մեղսագրվող սահմանադրական կարգը տապալելու հոդվածը և մեղադրյալները արդարացվել էին։
Այս գործով Ռոբերտ Քոչարյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով` Քոչարյանը 3 միլիոն դոլար, իսկ Արմեն Գևորգյանը՝ 1 միլիոն դոլար, կաշառք ստանալու համար, Արմեն Գևորգյանը նաև հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։