Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը սկսել է քաղաքական խորհրդակցությունները


Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօրվանից սկսում է երկխոսություն ընտրության մասնակից այն ուժերի հետ, որոնք հակված են երկխոսելու։

Երեկվա հետընտրական հանրահավաքում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով քաղաքական ճգնաժամը արդեն հաղթահարված է. «Մենք պարզում ենք ձեզ համախմբման մեր ձեռքը՝ ընդգծելով, որ դա չի կարող որևէ կերպ կասկածի տակ դնել ժողովրդի առաջ մեր ստանձնած պարտավորությունը՝ գործադրելու պողպատե մանդատը և Հայաստանում հաստատելու իրավունքի և օրենքի դիկտատուրա»:

Վարչապետի աշխատակազմը չի հստակեցնում՝ ո՞ւմ նկատի ունի Փաշինյանը, ո՞ր ուժերին է հրավեր ուղարկվել, ինչի՞ համար են խորհրդակցությունները։ Ավելի ուշ կառավարության էջում հայտնվեցին տեսանյութեր հանդիպումներից, որտեղ Փաշինյանը լսում էր արտախորհրդարանական ուժերի գնահատականները, դիտարկումները, մտահոգությունները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իր դերն ունեցել է մեր քաղաքական կյանքում, ափսոսում եմ, որ չեք լինելու 8-րդ գումարման խորհրդարանում», - դիմելով ընդդիմադիր կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ զրույցն այսպես է սկսել Նիկոլ Փաշինյանը։ «Համերաշխության օրակարգը պարտվեց», - Մարուքյանի պատասխան էր Փաշինյանին:

«Ես հույս ունեմ, որ նոր ձևավորված խորհրդարանը և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ամբողջությամբ կարող են հիմք հանդիսանալ երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար», - ընդգծել է ԼՀԿ ղեկավարը:

Փաշինյանը կարծում էր, որ 5 տոկոսի շեմը կհաղթահարի 3 տոկոսից ավելի ձայն հավաքած «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։ Իր խոսքում Արամ Սարգսյանը նախընտրեց ոչ միայն փոխադարձ հաճոյախոսությամբ հանդես գալ, այլև ներքաղաքական խնդիրների վերաբերյալ իր տեսակետները հայտնել։

«Հիմնական բանալի բառը Ձեր բոլորի վարչապետ լինելն է՝ անկախ նրանից՝ իրենք որ թիմից են: Իհարկե, հասկանում եմ, որ այն թիմերում 20 տոկոսն է մոլորյալ, որոնց վարչապետն արժի լինել իսկապես, մյուսներն այլ նպատակներ ունեն՝ իրենց նախկին ունեցած ազդեցությունները վերականգնելու», - ասաց Սարգսյանը::

Առանձին հանդիպումներ են տեղի ունեցել նաև 1,5 տոկոս քվե ստացած ու անցողիկ շեմը չհաղթահարած «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» առաջնորդներ Լևոն Շիրինյանի ու Արման Բաբաջանյանի հետ։ Երկուսն էլ պատրաստակամ են օգնել իշխանությանը հեղափոխության արժեքները մինչև վերջ կյանքի կոչելուն։

«Կարևոր էր հեղափոխության շարունակությունը», - նշել է Շիրինյանը:

«Ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել», - ընդգծեց Բաբաջանյանը:

«Մեծ պատասխանատվության տակ եք մտել», - Ազատական կուսակցության ղեկավար Սամվել Բաբայանը, դիմելով Փաշինյանին, շեշտեց՝ պետք է ապահովել ներքին կայունություն՝ պետության բարօրության համար. «Բոլորն, իմ կարծիքով, իրենց ամբիցիաները պետք է ցած դնեն ու փորձեն համագործակցել հանուն մեր պետության, հանուն մեր ապագայի»:

Իշխանությունից դատական ոլորտում լուրջ բարեփոխումներ է ակնկալում «Արդար Հայաստան» կուսակցության առաջնորդ Նորայր Նորիկյանը, որը թեթև ակնարկեց առկա խնդիրների մասին. «Հիմա առավել ևս համոզված եմ, որ մեր սերնդի պարտքն է ուղղակիորեն այդ ոչ ֆորմալ բարքերը արմատախիլ անել այդ ոլորտից»:

Ընտրությունների արդյունքներն էլ ցույց տվեցին, որ քաղաքական դաշտը մրցունակ չէ, իրականությունից կտրված է, «Քաղաքացու որոշում» կուսակցության ղեկավար Սուրեն Սահակյանի նկատողությունն էր Փաշինյանին. «Պետք է շատ աշխատել, որ այս մոխրացած դաշտում նոր ծիլեր առաջանան»:

Խորհրդարանական 5 տոկոսի շեմը չհաղթահարած ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը, որ դեռևս պաշտոնական հայտարարություն չեն տարածել ընտրությունների վերաբերյալ, մինչև հիմա չեն արձագանքել նաև Փաշինյանի այս կոչին։

«Ազգային-Ժողովրդավարական բևեռ»-ից էլ հայտնում են, որ մերժել են հանդիպման առաջարկը, նպատակահարմար չեն համարում:

Քաղաքական ուժերից բացի Փաշինյանը համերաշխության և համագործակցության ձեռք մեկնեց նաև, իր ձևակերպմամբ, այն կառույցներին, որոնց հետ նախկինում վեճ է ունեցել։ Դիմեց նաև հոգևոր առաջնորդներին՝ ընդգծելով, որ որևէ հոգևոր սպասավոր առաջնորդ ժողովրդի կամքին հակադրվելու իրավունք չունի։ Հիշեցնենք՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատերազմից հետո պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

«Ձայն բազմաց, ձայն Աստծո, և Աստծո ձայնին առավել ևս որևէ հոգևոր սպասավոր հակադրվելու իրավունք չունի», - հայտարարել է Փաշինյանը:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունել է վարչապետի պաշտոնակատարի կողմից հոգևոր առաջնորդներին ուղղված երկխոսության առաջարկը։ Դրական են գնահատում հանրահավաքի ժամանակ Փաշինյանի անդրադարձը քաղաքական դաշտում հայհոյախոսությանը և ատելության խոսքին վերջ տալու անհրաժեշտության մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG