Վարչապետի պաշտոնակար Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի են ունենում քաղաքական խորհրդակցություններ մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ:
Ըստ վարչապետի պաշտոնակատարի գրասենյակի՝ Փաշինյանն այսօր հանդիպել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ:
Արամ Սարգսյանը նախ շնորհավորել է «համոզիչ հաղթանակի» համար՝ մաղթելով «բեղմնավոր աշխատանք»՝ նշելով՝ ընտրություններն իսկապես ամեն ինչ դրեցին իրենց տեղը։
«Այսօր ընտրություններում կան երեք խորհրդարանական ուժեր: Ես մյուս երկուսին էլ եմ շնորհավորել Ազգային ժողով անցնելու առումով և գտնում եմ, որ ընդհանուր գործընթացների համար լավագույն տարբերակը կլինի, որ քննարկումները տեղափոխվեն Ազգային ժողովի հարթակ, և այնտեղ առաջին հերթին Ազգային ժողով անցած խորհրդարանական ուժերի միջև փորձ արվի գտնել մարդավարի լեզվով խոսելու, այն հին հռետորաբանությունից դուրս գալու, երկիրն այս իրավիճակից հանելու հիմնական բանաձև», - ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը:
Խոսելով իր կուսակցության հետագա գործունեությունից՝ Արամ Սարգսյանն ասել է՝ կարծում է, որ մշտապես լինելու են պետության կողքին, պետականության կողքին:
«Մեզ համար դա գերկարևոր է, գերկարևոր է Հայաստանի Հանրապետության անկախությունը, այդ անկախության գիծն անընդհատ պահելու գործընթացը, որը մենք պահում ենք արևմտյան մոտեցումներ ներկայացնելով, արտաքին քաղաքական դաշտը բալանսավորելով: Սա համարում ենք շատ կարևոր ու գտնում ենք, որ դրանով թե՛ պետությանը, թե՛ արտաքին քաղաքականությամբ զբաղվող քաղաքական գործիչներին բավականին օգնած կլինենք: Ու հակված ենք այդ ուղղությամբ մեր աշխատանքները շարունակել: Նաև տնտեսական դաշտում են առաջարկները, ինչ կլինեն, սիրով կներկայացնենք կառավարությանը, փորձենք հետամուտ լինել, որ դրանք տեղ հասնեն ու իրականություն դառնան, իսկ եթե մերժվում են, ապա հիմնավոր մերժվեն և այդ մերժումները կարողանանք բացատրել նաև մեր գործընկերներին, որ բիզնեսը չնեղանա», - ասել է Սարգսյանը:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են կարողությունների և ներուժի համախմբմանը, ինչպես նաև հետագա համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր:
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ, կուսակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին համագործակցության առաջարկ արեց՝ նշելով՝ «վաղվանից սկսելու է քաղաքական բանակցություններ այն ուժերի հետ, որոնք պատրաստ են համագործակցության»:
Հիշեցնենք՝ նրա առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ին անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է քվեների մեծամասնությունը՝ 53.92 տոկոս և կարող է միայնակ ձևավորել կառավարություն։ Խորհրդարան անցած մյուս երկու ուժերը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն է՝ 21.04 տոկոսով և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը։