«Ո՛չ նախկին, ո՛չ ներկա, ազգային ապագա» կարգախոսով «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության պատգամավորի թեկնածու Վարուժան Ավետիսյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի 9-րդ օրը ասում է, թե այս ընթացքում նկատել են, որ քաղաքացիների մեծ մասը ընտրության հարցում դեռևս կողմնորոշված չէ։
«Նախ խոչընդոտ է այն, որ էլի նորից նույն սև - սպիտակ, Քոչարյան - Փաշինյան երկվության մեջ են ժողովրդին պահում, երկու կողմն էլ ունեն հսկայական ռեսուրսներ և կարողանում են ժողովրդի հիմնական մասի միտքը, ուշադրությունը պահել իրենց երկուսի միջև։ Արհեստական բաժանում է, որովհետև երկուսն էլ հնի ներկայացուցիչներ են։ Եվ դրանով կլանում են ամբողջ ուշադրությունը կամ ուշադրության առյուծի բաժինը։ Մենք հրապարակել ենք մեր ծրագիրը ԿԸՀ-ի կայքում զետեղված է։ Շատերը չէր էլ հրապարակել իրենց ծրագիրը, ծրագիր չեն էլ ներկայացնում։ Էլի նույն նախկինի նման գալիս ասում են՝ մենք լավն ենք, մեզ ընտրեք, որովհետև․․․ և ջախջախիչ մեծամասնությունն էլ ուղղակի Ռուսաստանի գովքն են անում, ոչ մի բան չունեն ասելու», - նշեց Ավետիսյանը։
Արտաքին քաղաքականության հարցում արևմտամետ դիրքորոշում ունեցող «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցությունը (ԱԺԲ), որի մաս է կազմում «Սասնա ծռեր»-ը, քարոզարշավի երկրորդ շաբաթը և՛ Երևանի տարբեր վարչական շրջաններ է այցելում, և՛ մարզեր։
Այսօր Արարատի մարզում, օրինակ, քարոզարշավն ակտիվ չէր։ Ըստ Ավետիսյանի՝ իրենց ուղերձը որոշակի արդյունավետությամբ փորձում են տեղ հասցնել, բայց, ընդգծում է՝ դժվարություններ կան․ - «Մարդիկ շատ կան հիասթափված, սրտնեղած։ Շատերը, այո, այն կարծիքին են, որ ինչ ընտրության ժամանակ է պատերազմից հետո, պետք է հարցեր լուծվեին, այս վիճակում ի՞նչ ընտրություն․․․․ Ես նկատի ունեմ քաղաքականապես ավելի պատրաստված մարդկանց, որոնք մտահոգություն են հայտնում, թե ինչպես կարող է պատերազմը պարտված կառավարությունը նորից փորձել ժողովրդին մոլորեցնել ր մանդատ վերցնել։ Ինչպե՞ս կարող է նախկինները, որ բերեցին հասցրեցին մեզ այս աղետին, իրենք ևս հանդգնեն և փորձեն իրենց միլիարդները օգտագործեն ժողովրդին ապակողմնորոշելու, մոլորեցնելու համար։ Էսպիսի խոսակցություններ շատ են լինում։ Տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին խաբել են, մոլորեցրել են և՛ Ռուսաստանի՝ եղբայր ու դաշնակից լինելու առումով, և՛ հիմա էլ արդեն այս նախկին – ներկա կեղծ խաղով»։