Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը բացառում է կոալիցիան, եթե վարչապետ լինի Նիկոլ Փաշինյանը կամ Ռոբերտ Քոչարյանը


Ինչ կոալիցիա էլ մենք ստեղծենք, վարչապետ չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, «Ազատության» հետ զրույցում ասում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ, պատգամավորության թեկնածու Լևոն Զուրաբյանը: Նա նաև չի բացառում, որ առաջին նախագահի ղեկավարած Կոնգրեսը հաղթանակ տանի ընտրություններում, նշում է. «Կարող է շատ մեծ անակնկալի առաջ կանգնեք արդյունքների հրապարակումից հետո»:

Ստորև ներկայացնում ենք հատվածներ հարցազրույցից.

«Ազատություն» - Կոալիցիա կազմելո՞ւ եք, օրինակ, Նիկոլ Փաշինյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ, քանի որ շատ հարցումներ վկայում են, որ որևէ ուժ այս պահին միայնակ մեծամասնություն ձևավորել չի կարողանալու:

Լևոն Զուրաբյան - Բնականաբար, եթե հայտնվենք մի իրավիճակում ազգովի, որ որևէ քաղաքական ուժ չի կարողանում միայնակ ձևավորել կառավարություն, պետք է լինի կոալիցիայի փնտրտուք, և այդ վիճակում նորից ելնելով ստեղծված բաշխվածությունից` մենք պետք է որոշում կայացնենք: Բնականաբար, մենք պատրաստ ենք քաղաքական որոշակի ճկունության, այսինքն` ես չեմ բացառում, որ կարող են մեր կոալիցիայում լինել տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ընդ որում որևէ ուժ պետք չի բացառել, բայց մի բան բացառում ենք և հստակ ասում ենք, և դրանից հետո ես չեմ հասկանում` ինչ խոսակցություններ են: Ինչ կոալիցիա էլ մենք ստեղծենք, վարչապետ չի լինի ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը: Երկուսն էլ մեզ համար հավասարապես մերժելի են, և մենք նման վարչապետության ստեղծմանը չենք աջակցի ո՛չ մեկի, ո՛չ մյուսի դեպքում:

«Ազատություն» - Անգամ նրանց ուժերի հետ քաղաքական դաշինք կկազմե՞ք:

Լևոն Զուրաբյան - Իրենց ուժերի հետ, իրենց պատգամավորների հետ, առանձին պատգամավորների հետ մենք ճկուն ենք, կարելի է, բայց ասում եմ` եթե այդպիսի իրավիճակ…. Ի վերջո, ընտրություններ, հլը չգիտեք` ինչ արդյունք կլինի, և վերջին օրերին ամեն ինչ կարող է փոխվել: Ես, օրինակ, չեմ բացառում, որ մենք ուղղակի կհաղթենք, չեմ բացառում դա: Դա հայտնի ֆենոմեն է, քաղաքական իրավիճակ է ստեղծվում, որտեղ բավականին շատ մարդիկ կան, որ ասենք, ընտրում են Հայ ազգային կոնգրեսին կամ ընդհանրապես որևէ հարցում ունեն իրենց դիրքորոշումը, բայց այդ դիրքորոշումը բացահայտ չի ասվում, որովհետև 20 տարվա ընթացքում ստեղծված են ստերիոտիպներ ու միֆեր, որ մարդիկ մի քիչ վախենում են իրենց դիրքորոշումը բաց ասել: Եվ կարող է շատ մեծ անակնկալի առաջ կանգնեք արդյունքների հրապարակումից հետո:

«Ազատություն» - Քաղաքացիական պատերազմի վտանգի մասին կանխատեսումները չափազանցվա՞ծ չեն:

Լևոն Զուրաբյան - Բացարձակապես:

«Ազատություն» - Կա՞ն Ձեր շրջապատում մարդիկ, որ ասենք, Փաշինյանին ընտրելու համար կամ Քոչարյանին ընտրելու համար հարևանի վրա կրակելու են, գիտե՞ք այդպիսի բան:

Լևոն Զուրաբյան - Իմ հարևանի ասածներով չպիտի հիմնավորեմ քաղաքացիական պատերազմը:

«Ազատություն» - Դուք տեսնո՞ւմ եք այդ տրամադրությունները Հայաստանում, որ մարդիկ զենք վերցնեն ու դուրս գան փողոց:

Լևոն Զուրաբյան - Ես պարզ տեսնում եմ, որ երկու պոեզ գնում են իրար դեմ-դիմաց: Դրա լավագույն ապացույցը նաև այն է, որ երկու ուժերն էլ հունիսի 21-ին մինչև, չգիտեմ, 26-ը դիմել են տարբեր հրապարակների, այդ թվում` բոլորն էլ Ազատության հրապարակի հայտ են ներկայացրել հանրահավաքների համար մի քանի օր: Ասենք ի՞նչ նպատակով է Նիկոլ Փաշինյանը 6 օր ուզում հանրահավաք անի, էլի հպարտանալո՞ւ է պարտությամբ, կամ տոնելու են իրենց հաղթանակը 5 օ՞ր:

Ակնհայտ է, որ երկու ուժերը պատրաստվում են փողոցային պայքարի և բախումների: Սա լինելու է քաղաքացիական պատերազմ, թող ոչ ոք չկասկածի: Նաև զգուշացում եմ անում մեր ժողովրդին` բոլոր նրանք, ով որ ձայները տալու են Նիկոլ Փաշինյանին, կամա թե ակամա, անգամ ամենալավ մղումներով, քվեարկելու են Հայաստանի անմեղսունակ կառավարման համար, շարունակական պարտության համար, գումարած քաղաքացիական պատերազմի համար: Բոլոր նրանք, ով որ քվեարկելու են Ռոբերտ Քոչարյանի համար, քվեարկելու են կոռուպցիոն բռնապետության հաստատման, պլյուս Ադրբեջանի հետ հակամարտության շարունակման, պլյուս քաղաքացիական պատերազմի համար: Բոլոր նրանք, ովքեր քվեարկելու են Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին, քվեարկելու են նրա համար, որ Հայաստանում իշխանությունը վերցնի այն ուժը, որը կարող է կայունություն հաստատել:

«Ազատություն» - Դուք ունե՞ք ընտրակեղծիքների մտավախություն:

Լևոն Զուրաբյան - Ընտրակեղծիքներն արդեն կատարվում են, ինչի՞ համար է պետք հազար շտաբ, ինչի՞ ամեն 2-3 շենքի մոտ պետք է լինի շտաբ: Դա միայն մեկ նպատակով է արվում` լեգիտիմացնել կաշառքը, որովհետև այն կաշառքը, որով մարդկանց ձայներն առնում են, ձևակերպվում է որպես աշխատավարձ շտաբում, և եթե այս իշխանությունը դա չի տեսնում ու չի փորձում դրա դեմն առնել:

«Ազատություն» - Ո՞ր ուժն է դա անում:

Լևոն Զուրաբյան - «Հայաստան» դաշինքը միանշանակ դա անում է, չի՞ երևում: Կարո՞ղ եք անցնել 100 մետր ու չտեսնել «Հայաստան» դաշինքի մեկ այլ շտաբ: Այդտեղ էլ երևում է մեր իրավական մարմինների, իրենց կառավարող քաղաքական ուժի անմեղսունակությունը:

Ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG