Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք»


Լուսանկարը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, Սիսիան
Լուսանկարը ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ֆեյսբուքյան էջից, Սիսիան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» քարոզարշավի 9-րդ օրը Սյունիքում է: Սիսիանում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթը սկսեց ընդդիմադիր քաղաքապետերին հիշելով՝ առանց անուններ հնչեցնելու:

Ձեռքին կրկին պողպատե մանդատը խորհրդանշող եռագույնով մուրճն էր: Սպառնաց, շրջվեց Սիսիանի համայնքապետարանի ուղղությամբ. «Մենք շատ-շատ տեղերից, ներառյալ այստեղից այ սրանով հանելու ենք էդ ժանգոտած մեխերին, տարբեր քաղաքապետարաններում ծվարած դուրսպրծուկներին»:

Սիսիանի, Գորիսի, Կապանի քաղաքապետերը դեռ ամիսներ առաջ պահանջել էին Փաշինյանի հրաժարականն, իսկ նրանց համակիրներն էլ երկու անգամ խոչընդոտել էին Փաշինյանի այցը Սյունիք: Արտահերթին ընդդիմադիր քաղաքապետերը մասնակցում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի ցուցակով: Իշխող ուժի վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե ընդդիմության ներկայացուցիչները փորձում են Սյունիքը հակադրել Հայաստանին. «Սյունիքը Հայաստան է այնքան, որքան Երևանը, որքան Գյումրին, որքան Լոռին, որքան Տավուշը, և մենք կկոտրենք և կկտրենք Սյունիքը մնացած Հայաստանին հակադրելու փորձ անող ամեն մի ձեռք, ամեն մի ձեռք»:

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև մայիսի 12-ից Հայաստանի սահմանը Գեղարքունիքի և Սյունիքի ուղղություններով հատած ադրբեջանցի զինվորականներին, սահմանային իրավիճակին: Համոզված ասաց, թե ադրբեջանցի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի սահմաններից, հավելելով՝ այդ տեսակետը պաշտպանում է ողջ միջազգային հանրությունը. «Սահմանային կետերի երկայնքով պետք է տեղակայվեն ռուս սահմանապահների ներկայացուցիչներ, նաև միջազգային դիտորդների հովանու ներքո պետք է տեղի ունենա Սոթքից Խոզնավար սահմանային կետերի ճշգրտում և սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա»:

Սիսիանի որոշ բնակիչների ամենևին սահմանային հարցերը չէ, որ հետաքրքրում էին, զայրացած էին, թե՝ քաղաքապետն արգելել է աշխատակիցներին մասնակցել Փաշինյանի հավաքին. «Սաղ հասարակական բանվորներ են, ժողովուրդը, մեկը չկա, մի ծառայող, տես` որն ա երևում... Ինչի՞ չեն հիմա դուրս գալիս իրենք, ուրեմն արգելել են էլի, որ չեն գալիս»:

Իշխող ուժը Երևանից Սյունիք ավտոերթով էր եկել՝ համակիրների հետ միասին: Նրանց Սյունիք երեկ Փաշինյանն էր հրավիրել: Միասնության ավտոերթի մասնակից քաղաքացիներից մի քանիսին Գորիսիում լրագրողները փորձեցին հարց ուղղել. հարցից քաղաքացիները վրդովվեցին ու փորձեցին խոչընդոտել լրագրողների աշխատանքը. «Սյունիքից հեռացեք, էս իմ հայրենիքն ա, հերիք ա մեդիատեռորի ենթարկեք մեր ժողովրդին:

Տրամադրությունը շատ հոյակապ ա, դուք եք մենակ խոչընդոտ, այ սենց, մուտիլովշիկ, հեռացեք էստեղիցլ:

Սյունիք ոչ միայն մեծ թվով անվտանգության ծառայողներ, այլև ոստիկանական ուժեր էին բերվել: Գորիսում մեր տեսախցիկը արձանագրեց նաև հրապարակի շենքերից մեկի տարածքում տեղակայված դիպուկահարին:

Գորիսից իշխող ուժի ներկայացուցիչները շարժվեցին Ագարակ, Մեղրի, Քաջարան: Այստեղ հավաքի փոխարեն Փաշինյանի գլխավորությամբ ու իրենց կարգախոսով քայլերթ կազմակերպեցին:

«Եվ ես անձամբ ձեզ խոստանում եմ, որ այդ թափթփուկ պաշտոնյաներին դուք տեսնելու եք այս ասֆալտին պառկած, և բոլոր այն պաշտոնյաները Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի, ովքեր ձեզ սպառնացել են այսօրվա հավաքին չմասնակցել, բոլորն առանց բացառության ազատվելու են աշխատանքից», - հայտարարեց Փաշինյանը:

«Քաղաքացիական պայմանագիրն» այսօրվա քարոզարշավն ավարտեց մարզկենտրոն Կապանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG