Մատչելիության հղումներ

ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ԿԸՀ-ում հայտարարագրած իրենց գույքով և դրամական միջոցներով առաջատարն են


ԿԸՀ շենքը Երաևանում
ԿԸՀ շենքը Երաևանում

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին հայտ ներկայացրած ուժերից իրենց ունեցած գույքով և դրամական միջոցներով առաջատարները Հայաստանը 10 տարի ղեկավարած Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ու նախկինում նրա հետ մի քանի անգամ կոալիցիա կազմած Հայ հեղափոխական դաշնակցությունն (ՀՅԴ) են։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացրած գույքի և եկամուտների մասին հայտարարագրերից պարզ է դառնում, որ երկու ժամկետ պաշտոնավարած Սերժ Սարգսյանի առաջնորդած քաղաքական ուժը հարուստ է մայրաքաղաքում և մարզերում ունեցած իր անշարժ գույքով։ Այսպես, ՀՀԿ-ն ունի մոտ 11 հազար քառակուսի մետր մակերեսով շինություններ, նաև վարձակալում է 1300 քառակուսի մետր տարածքով շինություններ։

Երրորդ նախագահի քաղաքական ուժն ունի նաև 2.5 հեկտար հողատարածքներ։ Իսկ ահա կուսակցության ավտոպարկը շատ համեստ է՝ դեռևս նախորդ դարի՝ 1993 թվականի արտադրության 1 վազ 2121 ավտոմեքենա ունի։

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա 2020-ի հունիսի 1-ից մինչև այս տարվա մայիսի 31-ը՝ նախկին իշխող, այժմ ընդդիմադիր ուժը հայտարարագրել է մոտ 2 միլիոն 800 հազար դրամ։ Անցած մեկ տարում կուսակցության եկամուտների մի մասը՝ 205 միլիոն 62 հազար դրամը գոյացել է անդամակցության վճարներից և նվիրատվություններից, փոքր մասը՝ 900 հազար դրամը վարձակալության վճարներից։ Բյուջեից ստացած ֆինանսավորումը կազմել է 521 հազար դրամ։ Ըստ «Կուսակցությունների մասին» օրենքի՝ ընտրություններին մասնակցած ուժերը պետական աջակցություն են ստանում կախված իրենց ստացած քվեից։

Հանրապետականի հետ «Պատիվ ունեմ» դաշինքով ընտրություններին մասնակցող ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի նորաստեղծ «Հայրենիք» կուսակցության հայտարարագիրն, ի տարբերություն դաշնակցի, աղքատիկ է։ 2 էջից բաղկացած հայտարարագրում, բացի 3 անշարժ գույքից, որևէ եկամուտ կամ գույք հայտարարագրված չէ։ Այդ 3 անշարժ գույքից երկուսը որևէ դրամական միջոց և եկամուտ չհայտարագրած կուսակցությունը վարձակալել է, իսկ երրորդը Վանեցյանի ղեկավարած ուժն օգտագործում է անհատույց հիմունքով։

Ընդդիմադիր դաշտում խաղացող մյուս քաղաքական ուժը՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքն է, որի մաս են կազմում 131-ամյա Դաշնակցությունը և նորաստեղծ «Վերածնվող Հայաստանը»։

Այսպես, «Վերածնվող Հայաստանն» ընդամենը հայտարարագրել է վարձակալած մեկ հասարակական տարածք։ Դաշնակցության 4 էջից բաղկացած հայտարարագրում տեղ են գտել ավելի քան 10 հազար 300 քառակուսի մետր մակերեսով շենք-շինություններ, մոտ 3 հեկտար հողատարածք։ Հայտարարագրման պահին Դաշնակցության դրամական միջոցները կազմել են 720 հազար դրամ։ Անցած մեկ տարում կուսակցության եկամուտի մեծ մասը՝ 28 միլիոն դրամը վճարել են կուսակցականները, 4 միլիոն 300 հազար դրամը տրամադրել է կառավարությունը, իսկ ավելի քան 3 միլիոն դրամը կուսակցության բյուջե է մուտք արվել վարձակալական գումարներից։

Եթե պատգամավորի թեկնածուների շարքում ամենահարուստը Գագիկ Ծառուկյանն է, ապա նույնը չես ասի նրա առաջնորդած քաղաքական ուժի մասին։ «Բարգավաճ Հայաստան»-ը (ԲՀԿ) հայտարարագիրը ներկայացնելու պահին իր հաշվին ունեցել է 573 հազար դրամ։ Տասնյակ ընկերություններում բաժնետոսմեր, միլիոնավոր դոլարների եկամումուտներ ու շքեղ անշարժ և շարժական գույք ունեցող Ծառուկյանի կուսակցությունը չունի ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք, մեկ տարվա եկամուտները կազմել են ավելի քան 9 միլիոն դրամ։ Այն էլ գոյացել է ոչ թե անդամավճարներից, այլ կառավարության տրամադրած աջակցությունից։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ը (ԼՀԿ) ևս անշարժ գույք չունի, փոխարենը Երևանում և մի քանի մարզերում վարձակալում է 274 քառակուսի մետր մակերեսով 5 տարածք։ Հայտարագիրը ներկայացնելու պահին կուսակցության դրամական միջոցները կազմել են 32.5 միլիոն դրամ։ Անցած մեկ տարվա եկամուտի 55 միլիոնը գոյացել է անդամցության վճարներից և նվիրատվություններիս, իսկ ավելի քան 7 միլիոն դրանը բյուջեից տրվող աջակցությունն է։

Իշխող քաղաքական ուժը ևս չի առանձնանում իր ունեցվածքով։ Այսպես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարագրել է 22 միլիոն 240 հազար դրամ դրամական միջոցներ։ Անցած մեկ տարում եկամուտները գոյացել են անդամավճարներից և նվիրատվություններից՝ հասնելով 30 միլիոն դրամի։ Իսկ 39 միլիոն դրամը կուսակցությունը ստացել է պետական բյուջեից։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսն (ՀԱԿ) ավելի համեստ է․ դրամական միջոցները կազմել են ավելի քան 506 հազար դրամ, իսկ եկամուտները գոյացել են անդամավճարներից և նվիրատվություններից՝ հասնելով 11 միլիոն դրամի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG