Մատչելիության հղումներ

Փաշինյանը չանդրադարձավ Էջմիածնի քաղաքապետի ու Պապիկյանի ձայնագրությանը, Մակունցն անկարևոր թեմա որակեց


Քարոզարշավի 8-րդ օրը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում էր: Բոլոր հանդիպումներն ավարտեց արդեն հայտնի դարձած մուրճը ձեռքին պահած` քաղաքացիներից քվե խնդրելով, որպեսզի թավշյա մանդատը փոխարինեն պողպատյայով, և հաստատվի, ինչպես Փաշինյանը հայտարարեց, դիկտատուրա, բայց իհարկե օրենքի:

«Էս գործիքը գիտե՞ք չէ` ինչի համար է, սա ժանգոտ մեխերը հանելու համար է, ժանգոտած մեխերին, այդ թվում` այս մարզի, հունիսի 21-ից անձամբ եմ զբաղվելու, բայց դրա համար ի՞նչ է հարկավոր. դրա համար հարկավոր է, որ դուք հունիսի 20-ին գնաք ընտրական տեղամասեր, վերցնեք քվեաթերթիկ համար 3-ը և քվեարկեք քվեաթերթիկ համար 3-ով»:

Ամեն 3-րդ և հաջորդ երեխայի համար 50 հազար դրամ նպաստ, առնվազն մինչև չորս տարեկանը. այս նախընտրական խոստումն ու նախկինների թեման Փաշինյանի ելույթների առանցքում էր Արարատի մարզի բոլոր կանգառներում։ Բայց վարչապետի պաշտոնակատարը համառորեն շրջանցեց համացանցում տարածված ձայնագրության թեման, որտեղ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Պապիկյանի հետ հեռախոսազրույցում դժգոհում է Փաշինյանից, ասում, որ հանուն պետության նա պետք է հեռանա, առաջարկում է թիմի ներսում Փաշինյանին փոխարինող գտնել։

«Հանուն պետության ինքը պիտի գնա, թող թիմից ուրիշին, թող քեզ ընտրեն, ամենաընկալելի մարդն ես, ամենաբարձր ռեյտինգով, որպեսզի էս обстановк-են разрядить լինի, թե չէ սենց չի լինի, իրեն տարել է արդեն, ինքն էլ երևի, իրա հոգեկանը արդեն չի դիմանում, իրա նյարդերը տեղի են տվել, թող գնա, իսկականից հանգստանա, չի լինի էլ սենց», - ըստ ձայնագրության` ասում է քաղաքապետ Գասպարյանը:

Փաշինյանին և Պապիկյանին մոտենալու լրագրողների բոլոր փորձերն ապարդյուն անցան: Քառաշերտ կենդանի պատ կազմած թիկնազորը հրում, ոլորում էր լրագրողների ձեռքերը, հորդորում քարոզարշավ իրականացնողներից պահել այնպիսի հեռավորություն, որի դեպքում նրանք անգամ տեսախցիկի օբյեկտիվում չէին հայտվում։ Թիկնազորի ներկայացուցիչներից մեկը ավելի հեռուն գնաց ու նույնիսկ պնդեց, թե հարց տալ չի կարելի։

Փոքրիկ ճեպազրույց ունեցանք խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ: Ասաց` քարոզարշավի այս օրերին այդ ձայնագրությունն անկարևոր թեմա է, չգիտի` երբ, ինչ կոնտեքստում է եղել զրույցը, թիմում չեն քննարկել հարցը. «Այդ հարցը չենք քննարկել: Ձայնագրության հետ կապված մեկնաբանություն չունեմ և համարում եմ դա անկարևոր թեմա»:

Ըստ Փաշինյանի` կատարյալ աբսուրդ են լուրերը, թե Հայաստանը ռուս գործընկերներից թաքցրել է ականապատված տարածքների քարտեզները

Արտաշատում Փաշինյանը կատարյալ աբսուրդ որակեց խոսակցությունները, թե Հայաստանը ռուս գործընկերներից թաքցրել է ականապատված տարածքների քարտեզները։ Ասաց՝ քարտեզների մի փոքր մասը հայկական կողմը Բաքվին տվել է 15 գերիների վերադարձի քայլին ի պատասխան, բայց հստակեցրեց` խոսքը չի գնում հայկական կողմը և Ադրբեջանը բաժանող հատվածների քարտեզների մասին, այլ այն հատվածի, որն արդեն Ադրբեջանի թիկունքում է։

Իսկ այս քայլով, ըստ Փաշինյանի, վերականգնվել է գերիների վերադարձի գործընթացը. «Նախ ես ինքս եմ ասել, որ կան այդպիսի քարտեզներ, և մենք պատրաստ ենք քայլին քայլով պատասխանել, և ավելին` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ, որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, բայց ես ուզում եմ նաև ընդգծել, որ այդ իրադարձությունները փորձում են ոմանք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ինչ-որ սեպ խրեն, ինչ-որ լարումներ ստեղծեն, ինչ-որ բամբասանքներ ստեղծեն: Դա չի ստացվի»:

Փաշինյանը քարոզչության նպատակներով վաղը պատրաստվում է այցելել Սյունիք։ Նրա նախորդ այցը արդեն սահմանամերձ դարձած մարզ բողոքի ակցիաներով ուղեկցվեց։ Այսօր Փաշինյանը հայտարարեց` Սյունիք գնալու է` իր հետ տանելով հազարավոր աջակիցների. «Ուրեմն 7:30 հազարավոր ավտոմեքենաներով մեկնում ենք Սյունիքի մարզ` ի աջակցություն Սյունիքի և ցույց տալու Հայաստանի Հանրապետության միասնությունը, և ես Հայաստանի բոլոր քաղաքներից, բոլոր գյուղերից մեր հայրենակիցներին, նաև ներկաներից, ովքեր ուզում են մասնակցել ազգային միասնության այդ ավտոերթին, վաղը` 7:30` Երևանի Հանրապետության հրապարակից շարժվում ենք դեպի Սյունիքի մարզ»:

Այսօրվա քարոզչությունը Փաշինյանն ավարտում է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Անդրանիկ Օզանյանի հուշարձանի մոտ հանրահավաք-երթով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG