Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը պնդում է, թե իր ղեկավարած քաղաքական թիմն է, որ «պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել»


Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական հանդիպումներ է անցկացնում Արմավիրի մարզում։

Գործող քաղաքական թիմի անճարությունը բերեց ողբերգության և կորուստների, հայտարարում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ իր գլխավորած «Հայաստանի» դաշինքի իշխանության գալու դեպքում խոստանալով ուժեղ, աճող տնտեսությամբ և համերաշխ հանրությամբ Հայաստան։

«Մենք ասում ենք՝ սա այն քաղաքական թիմն է, որը պատրաստ է այս գահավիժումը կանգնեցնել, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով։ Անել ամեն ինչ, որ շատ կարճ ժամանակ հետո դուք ամենդ զբաղվեք ձեր գործերով, ամեն ինչը նորմալ գնա կենցաղում, հանրային ծառայություններում, այն գործերում, որոնցով պետք է զբաղվի կառավարությունը, այլ ոչ թե ամեն մի քաղաքացի։ Քաղաքացին պետք է զբաղվի իր գործով, իր ընտանիքով, իր ժամանցով իր հողի վրա, իսկ կառավարությունը պետք է ծառայի, անի ամեն ինչ, որ այդ աշխատանքը լինի արդյունավետ», - Էջմիածնում բացօթյա հանրահավաքի իր ելույթում հայտարարեց Քոչարյանը։

Ելութներ ունեցան նաև «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, նախկին դաշնակցական Աղվան Վարդանյանը և դաշինքի մի շարք համակիրներ։

«Բոլորս միասին վերջ տանք ձախողված իշխանությանը, հույս ներշնչեք մեր ժողովրդի լայն խավերին, համոզեք ձեր հարևաններին, որ ճիշտ ճանապարհը սա է, և գնանք բոլորս միասին դեպի ուժեղ Հայաստան», - կոչ արեց դաշինքի վարչապետի թեկնածուն։

Եթե Ռոբերտ Քոչարյանը քննադատում է գործող իշխանություններին առանց վիրավորական արտահայտնությունների և խոսում է ներքաղաքական լարվածության թուլացման անհրաժեշտության մասին, ընդ որում՝ դա ներկայացնելով որպես իր երեք գլխավոր նպատակներից մեկը, ապա նրա թիմակիցների մասին նույնը դժվար է ասել։

«Եվ իրան որևէ հոգեբուժարան չի օգնելու, դա անդառնալի է», - հայտարարեց Վահե Հակոբյանը։

Նախկին դաշնակցական, «Հայաստան» դաշինքի ցուցակում 14-րդ հորիզոնականը զբաղեցնող Աղվան Վարդանյանն իր ելույթում նախ դատապարտեց գործող իշխանության կողմից ժողովրդի պառակտումը, ապա ընտրողներին բաժանեց երկու խմբի՝ արժանապատիվ մարդկանց և վախկոտ, նախանձ ստախոսների․ - «Ով կյանքում ոչնչի չի հասել, ով վախկոտ է, նախանձ է ու ստախոս, ով աշխատել չի սիրում, թող ընտրի էդ բանին․․․ Ով տղամարդ է, արժանապատիվ կին է, ով ուզում է իր ընտանիքը, իր գյուղը, իր քաղաքը ապագա ունենա, ով ուզում է պատվով ապրել, ով ուզում է իր պետությունը անկախ, ուժեղ տեսնել, վստահ եմ, հունիսի 20-ին ընտրելու է Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքը»։

Էջմիածնում նախընտրական հանդիպումից հետո մեզ չհաջողվեց հարց ուղղել Ռոբետր Քոչարյանին։ Փորձեցինք նաև հաջորդ հանդիպման ընթացքոում՝ Մեծամորում, կրկին երկրորդ նախագահը չլսեց հարցը ու շտապեց նստել ավտոմեքենան։

Արմավիրի հաջորդ կանգառը Մեծամորի մշակույթի տանն էր, հավաքված մարդկանց մի մասը տեղացիներ էին, մյուսները եկել էին այլ բնակավայրերից՝ սատարելու դաշինքին։

Մեծամորում վարչապետի թեկնածու Քոչարյանը նախ համառոտ ներկայացրեց ընտրվելու դեպքում լուծելիք երեք հրատապ հարցերը՝ անվտանգություն, տնտեսական աճ, ներքաղաքական լարվածության թուլացում․ - «Մեկ-մեկ մտածում ես, թե սրանցից որն է ավելի կարևոր, որն է առաջնահերթ, և հասկանում ենք, որ մենք պետք է այս երեք ուղղություններով շարժվենք»։

Կարճատև ելույթներից հետո Քոչարյանը պատասխանեց նախօրոք հերթագրված մարդկանց հարցերին, նշեց, թե ինչպես է պատկերացնում բանակի վերակառուցումն առաջիկա տարիներին, նաև համոզմումնք հայտնեց, որ ընտրվելու դեպքում ի վիճակի են վերականգնել ԼՂԻՄ-ի տարածքները․ - «Ես ունեմ բավարար հիմքեր մտածելու, որ նախկին ԼՂԻՄ-ի տարածքով մենք ի վիճակի ենք վերականգնել․․․ Այս հարևանությունը ժամկետային է՝ հինգ տարի ռուսական խաղաղապահ զորքեր։ Չորս տարի վեց ամիս անց Ադրբեջանը իրավունք ունի խաղաղապահ զորքերից հրաժարվելու և Արցախից հանելու պահանջ կարող է դնել։ Եվ սա մեծ անորոշություն է ստեղծում։ Առաջին հերթին պետք է կարողանանք այս հարցի կարգավորումը ստանանք և հավաստիացումը, որ դա այդպես չի լինելու»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG