Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետարանի նախկին պաշտոնյան պնդում է՝ աշխատանքից ազատվել է քաղաքական հետապնդումների պատճառով


Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Ժիրայր Ղազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Սպիտակ, 12-ը հունիսի, 2021թ.
Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Ժիրայր Ղազարյանը զրուցում է «Ազատության» հետ, Սպիտակ, 12-ը հունիսի, 2021թ.

Լոռու մարզպետարանի տեղական ինքնակառավարման և համայնքային ծառայության պետի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատված Ժիրայր Ղազարյանը հայտարարում է՝ իր նկատմամբ քաղաքական ճնշումներից հետո ստիպված է եղել ազատվել 12 տարի զբաղեցրած պաշտոնից։ Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի կազմակերպած հանրահավաքի ժամանակ «Ազատության» հետ զրույցում Ղազարյանն ասաց՝ չեն հորդորել ազատման դիմում գրել, բայց այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ այլընտրանք չի ունեցել։

«Քաղաքական հայացքների համար հետապնդում են», - պնդեց մարզպետարանի նախկին պաշտոնյան՝ մանրամասնելով. - «Երբ որ մի աշխատակազմում աշխատում ես, և քո ամբողջ շրջապատի վերաբերյալ ինֆորմացիա են հավաքում, դա նշանակում ա անձնական գործ սարքել: 37 թիվն ա՞»:

Թե շրջապատի մասին ինֆորմացիա հավաքելն ինչ է նշանակում՝ Ղազարյանը պարզաբանեց. - «Ո՞վ ա, ի՞նչ քաղաքական դիրքորոշում ունի իմ ընկերներից, որոշ մարդիկ, ինչի՞ են մասնակցում հանրահավաքների»:

Օրենքը քաղաքացիական ծառայողին արգելում է աշխատանքային ժամերին զբաղվել քաղաքականությամբ։ «Հայաստան» դաշինքի համակիր Ժիրայր Ղազարյանը չի ժխտում՝ դժգոհ էր իշխանության կառավարումից, գուցե քաղաքական նախասիրություններ ուներ, բայց պնդում է՝ աշխատելու ընթացքում քաղաքականության մեջ չի եղել։ Մինչդեռ, ըստ մարզպետարանի նախկին պաշտոնյայի, վերադասները պարբերաբար իրեն հարցեր են տվել իր շրջապատի մասին, տեղեկանքներ պատրաստել նրանց քաղաքական կենսագրության վերաբերյալ։

«Բայց դա չի նշանակում՝ կանչել խոսակցության և ասել հետևյալը, որ «եթե քո շրջապատը էս ա, դու ի՞նչ դիրքորոշում ունես»: Ես էլ արտահայտեցի իմ դիրքորոշումը դիմում տալով՝ ես արտահայտեցի դրանով», - հայտարարեց Ղազարյանը՝ կրկին ընդգծելով. - «Խոսակցությունը էղել ա ընդհանրապես իմ շրջապատի քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ՝ ինչո՞ւ էս մարդը ստեղ հանրահավաքի ա մասնակցում, ինչո՞ւ ա գնում հանդիպման կամ բանի, որի պատասխանները ես չունեմ, որովհետև ես իմ շրջապատի հետ նման խոսակցություններ չեմ տանում»:

Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի 37-րդ համարը ներկայացնող Արամ Խաչատրյանը հերքում է մարզպետարանի 25 տարվա արդեն նախկին աշխատողի պնդումները, թե նրա նկատմամբ քաղաքական ճնշումներ են եղել։

«Ես հասկանում եմ, որ փորձում են մարդկանց ուղղորդել, ինչ-որ հերյուրանքներ տարածել, բայց սա էլ նույնպես իրենց չի փրկելու, անհոգ թող լինեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատրյանը՝ հարցին էլ, թե չի՞ փորձել ճշտել՝ ի՞նչն էր պատճառը, որ պաշտոնյան ցանկանում էր ազատվել աշխատանքից, արձագանքելով. - «Ոչ, ինքը դիմումը գրել էր, մենք խոսել էինք, և ինքը ասել էր՝ «դա վերջնական որոշում ա, ես ուզում եմ դուրս գամ», և դուրս ա եկել»:

Իսկ թե ի՞նչ տեղեկություններ են հավաքվել Ղազարյանի շրջապատի մասին, ինչպես նա է պնդում, մարզպետն ասաց. - «Ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում: Ինքը իր դիմումի համաձայն է դուրս եկել աշխատանքից: Ես նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Հարցին էլ՝ տեղյա՞կ էր, որ Ժիրայր Ղազարյանը հարում է «Հայաստան» դաշինքին, Արամ Խաչատրյանը պատասխանեց. - «Ոչ, ես տեղյակ չեմ: Դա իր իրավունքն է, և ինքն էլ օգտվում է իր իրավունքից»:

2008 թվականի մարտի 1-ի հետընտրական իրադարձություններից հետո Լոռու մարզպետարանի աշխատակից Արմեն Հովհաննիսյանն էր աշխատանքից ազատվել՝ իր արձակուրդի օրերին ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Մարզային իշխանությունը համարել էր, որ նա խախտել է քաղաքացիական ծառայողի համար օրենքով սահմանված քաղաքական զսպվածության պահանջը։ Իշխանությունների այս որոշումից 13 տարի անց, նախորդ ամիս Մարդու իրավունքների եվրոպական դատարանը համարել է, որ 2008-ին խախտվել է վանաձորցի Արմեն Հովհաննիսյանի՝ խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը։ Միջազգային դատարանը սահմանել է 7 հազար եվրոյի չափով փոխհատուցում՝ կրած ոչ նյութական վնասի դիմաց։

XS
SM
MD
LG