Մատչելիության հղումներ

«Անկախ դիտորդ»-ը 70-ից 100 հազար դրամ ընտրակաշառքի մասին ահազանգեր է ստանում


«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ
«Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյան, արխիվ

Սյունիքի, Լոռու, Արամվիրի մարզերից, Երևանից ունենք բազմաթիվ ահազանգեր ընտրակաշառքների վերաբերյալ, ասում է «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը, «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում, մշտադիտարկում է սկսել ընտրական գործընթացների նկատմամբ դեռ ամիսուկես առաջ։

«Մարզերում ավելի քիչ են գները, օրինակ, Գորիսում մեկ անձին 70 հազար դրամ են առաջարկում, Երևանում՝ մի քիչ ավելի բարձր է՝ 100 հազար դրամի կարգի գումարներ են։ Ըստ էության, հիմնականում մեր ահազանգերը «Հայաստան» դաշինքի հետ կապված են, ավելի սակավաթիվ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մասով», - ասաց Իոաննիսյանը՝ շարունակելով․- «5 հոգանոց ընտանիքը Երևանում 1000 դոլար ընտրակաշառքի առաջարկ ունի»։

Գլխավոր դատախազությունը մինչև այժմ ընտրակաշառքի երկու գործ է հարուցել՝ Արմավիրում ու Գավառում, մի դեպքում գործող անձինք «Պատիվ ունեմ» դաշինքից են, մյուս դեպքում ՝ «Բարգավաճ Հայաստան»-ից։ Դատախազություն 5 հաղորդում էլ «Անկախ դիտորդ» դաշինքն է ուղարկել։

«Մի քանիսն այժմ պատրաստման փուլում են ևս, ևս մի քանիսի մասով մենք ունենք արդեն վստահություն, որ այդտեղ հանցագործություն է տեղի ունեցել, բայց լրացուցիչ աշխատանք է արվում ապացույցները հավաքելու և արդեն ապացույցներով ուղարկելու իրավապահներին», - նշեց Իոաննիսյանը։

Վերջին օրերին ահազանգեր են ստանում Սյունիքի մարզից․ Կապանի ու Գորիսի համայնքային ենթակայության հիմնարկների ղեկավարներն իրենց աշխատակիցներին պարտադրում են մասնակցել «Հայաստան» դաշինքի հավաքներին, ասում է Դանիել Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ Արծվանիկում սպառնում են բնակիչներին զրկել այն գումարից, որ ստանում են ամեն ամիս, որպես փոխհատուցում։

«Արծվանիկի վարչական ղեկավարը, դա Կապանի համայնքի մաս է, բնակիչներին ասել է, որ իրենք չեն ստանա իրենց 40 հազար դրամները, որոնք իրենք ստանում են պոչամբարին մոտիկ ապրելու համար կոմբինատից, եթե չընտրեն Քոչարյանին», - ասաց Իոաննիսյանը։

Նրա տեղեկությամբ, Ոստիկանությունը Սյունիքում որոշակի գործողություններ է սկսել՝ այս ամենը պարզելու համար։

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որ դաշինքի 4-րդ համարն է, այս թեմայով «Ազատության» հարցին հրաժարվեց պատասխանել։ «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը խոսում է իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին, շեշետում՝ անասելի ծավալով։

«Այսօր տեսանք որ դպրոցի տնօրենն ուղիղ, առանց ինչ-որ այլ ձևակերպումներ օգտագործելու, բառացի այսօր ասաց, որ այո՛, երեխաներին դպրոցից բերել են հանրային հավաքի և դրանում խնդիր չի տեսնում, թող հավաքն ավարտվի, դրանից հետո կվերադառնան դպրոց», - ասաց Վարդևանյանը։

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչն նշեց՝ այս հարցով իրավական գործընթաց են սկսելու, ավելի վաղ իրավապահներին դիմել են՝ անարձագանք։

Վարդևանյանի խոսքով՝ իշխանությունը դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին հավաքների է բերում՝ ճնշումների կիրառմամբ, «Անկախ դիտորդ» դաշինքում այսպիսի փաստեր չունեն։ «Չունենք որևիցե ապացույց առ այն, որ իշխանության, օրինակ, հանրահավաքներին մասնակցելու համար ինչ-որ մարդկանց պարտադրում են», - ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորման» համակարգողը։

Ըստ Իոաննիսյանի՝ իշխանության, ավելի կոնկրետ Նիկոլ Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մի դեպք են ֆիքսել, որը սակայն հանցակազմ չի պարունակում, երբ նա քարոզչական նպատակով բացահայտել է հրապարակման ոչ ենթակա տեղեկություն․ - «Որ Ռոբերտ Քոչարյանի որդու հաշվին եղել է վերջին տարիներին 200 միլիոն դոլարի շրջանառություն»։

«Լոռու մարզի Թումանյանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը Փաշինյանի օգտին ձայն հավաքելու համար քաղաքացիներին բաժանում է 20 հազարական դրամ և հավի ճտեր», - «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանն է սոցցանցի իր էջում տարածել այս գրառումը՝ հորդորելով իրավապահներին արձագանքնել։

«Որ համայնքապետը ձայներ հավաքելու համար գումար է բաժանում, սա բացարձակ՝100 տոկոս կեղծիք է», - «Ազատության» հետ զրույցում հակադարձեց Տիգրան Մխիթարյանը։

Դատախազությունից «Ազատության»-ը տեղեկացրին՝ ստուգողական գործողություններ են սկսել։

«Եթե կգտնվի մի բնակիչ, որ կպնդի, որ ես տվել եմ ու կոչ եմ արել, որ էս մեկին ձայն տալ, կամ չտալ ու դա կապացուցվի, ես պատրաստ եմ հենց այսօր ազատման դիմում գրել», - ասաց Մխիթարյանը։

Թումանյանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը հերքեց, թե հունիսին 33 անապահով ընտրանիքներին տրամադրած սոցիալական աջակցությունն ու 49 ընտանքիներին տրված 1200 ճուտիկները ընտրությունների հետ կապ ունեն՝ նշելով անձամբ չի բաժանել, աշխատակազմն է զբաղվել աջակցության այդ ծրագրով։ «Ճուտը բաժանվել է իմ երկու մշակույթի բաժնի աշխատակիցների սոցիալական աշխատողի, համայնքի ղեկավարի օգնականի կողմից, հրապարակայնորեն դրել ենք հրապարակում, եկել ճտերը ստացել են», - ասաց Մխիթարյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG