Մատչելիության հղումներ

«Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք՝ ով է ժեխը». Փաշինյանը դիմեց իր ընտրողներին


«Որն է մեր վերջին երեք տարվա ամենամեծ պրոբլեմը եղել։ Ամենամեծ պրոբլեմը եղել է այն, որ մենք, հանգամանքների բերումով՝ օբյեկտիվ հանգամանքների բերումով չենք կարողացել կեղեքող էլիտայի ամբողջական փոփոխություն անել», - այսօր Սևանում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը բացահայտեց իր կառավարության ամենամեծ խնդիրն ու հեղափոխությունից երեք տարի անց իր ընտրողներից պահանջեց կրկին հեղափոխություն անել՝ այս ընտրություններով ազատվել նախկին էլիտայից։

«Ինչո՞վ է կեղեքող էլիտան ապահովել իր երկարաժամկետ իշխանությունը։ Առաջին հերթին ժողովրդին զրկելով պատշաճ կրթությունից։ Եվ այս էլիտան, այո՛, պետք է պատժվի, էլիտան պետք է պատժվի ժողովրդին ստրկացնելու համար, կեղեքող այս էլիտան պետք է փոխարինվի առաջնորդող էլիտայով», - հայտարարեց Փաշինյանը։

Նա դժգոհեց, որ իշխանության ձգտող այդ էլիտան պատերազմում իր անհաջողությունները օգտագործում է ժողովրդին ստրկացնելու համար։ Եվ վստահեցրեց, թե ժողովուրդը բոլորովին այլ կարծիքի է։

«Բայց ժողովուրդը տեսնում է, որ պատերազմում մեր անհաջողությունն ընդամենը հետևանք է երկար տարիներ ժողովրդին, երկիրը կեղեքելու», - հայտարարեց Փաշինյանն՝ ընդգծելով, թե Հայաստանի զենք-զինամթերքի 60 տոկոսը ձեռք է բերվել իր կառավարման երեք տարում, ավելի շատ, քան՝ իրեն նախորդած տասը տարում, և Ադրբեջանը, տեսնելով Փաշինյանի կառավարության շռայլ գնումները, հարձակվել է․ - «Որովհետև հակառակորդը նույնպես հետևել է մեզ և տեսել է, որ սպասել չի կարելի, որովհետև, եթե սպասի մի քանի տարի, Հայաստանը կլինի այնպիսին, որ լիարժեք ի վիճակի կլինի պաշտպանել ինքն իրեն»։

Իշխանության համար իր հետ այսօր մրցակցող էլիտային քննադատելուց հետո Փաշինյանն անցավ հոգևորականներին։ Նա հայտարարեց, թե նրանք ամեն ինչ արել են, որ ձախողեն հեղափոխությունը։ «Մեզ ասում են, թե մենք փորձում ենք վարկաբեկել Հայ Առաքելական եկեղեցին, ավանդական արժեքները, ո՛չ, այդ արժեքները վարկաբեկում են կոռումպացված հոգևորականները։ Այսօր Հայ Առաքելական եկեղեցում կան բազմաթիվ ազնիվ հոգևորականներ», - ասաց Փաշինյանը։

Նա հոգևոր դասի իր քննադատներին նախընտրեց արձագանքել աստվածաշնչյան մոտիվներով՝ ընթերցեց 55-րդ Սաղմոսը։

Քարոզարշավն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շարունակեց սահմանամերձ Ճամբարակում։ Վարչապետի պաշտոնակատարը սահմանների անվտանգության հարցին հպանցիկ անդրադարձավ։ Նա մտահոգվեց, որ նախկիններն այս ընտրապայքարը դասակարգային պայքարի են վերածել ու պիտակավորում են իր համակիրներին։

«Մեր ժողովրդին, գյուղացիներին նկարահանում են, մարդիկ մեկն իրա տանն ա, մեկն իրա գոմից ա դուրս գալիս, չգիտեմ, մեկը սոցիալապես անապահով ա, նկարում են մարդկանց՝ Հայաստանի քաղաքացուն, ի ցույց են դնում, ասում են՝ «հեսա, տեսեք՝ ով ա Նիկոլի ընտրողը»։ Դուք պետք է քաղաքական գնահատական տաք էն ուժերին, որ կանգնում են բարձր ամբիոններից ժողովրդին անվանում են ժեխ։ Ընտրությունների արդյունքներով ցույց տվեք՝ ով է ժեխը», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Ճամբարակից Փաշինյանի ավտոշարասյունը շարժվեց սահմանային վերջին լարվածությունների կիզակետում հայտնված Վարդենիս։ Մինչև այնտեղ հասնելը Փաշինյանին դիմավորեցին Մեծ Մասրիկ գյուղի բնակիչներն ու նրա ոտքերի առաջ գառ մատաղ արեցին։

Մեկ ամիս է՝ հակառակորդը Հայաստանի սահմանն անարգել հատել է Գեղարքունիքի այս հատվածից։ Հենց Վարդենիսի ուղղությամբ էր, որ ադրբեջանական կրակոցից զոհվեց զինծառայող, գերեվարվեց՝ 6-ը։ Փաշինյանը խոսեց միայն վերջին գերու մասին, որին ժամեր անց ադրբեջանցիները վերադարձրին։ Նա ասաց, որ սահմանային լարվածությունը հանգուցալուծելու իր առաջարկին արձագանք կա, այդ ուղղությամբ աշխատում են։

XS
SM
MD
LG