Մատչելիության հղումներ

«Եթե արցախցին ունի ՀՀ անձնագիր՝ ի՞նչ տարբերություն Քաշաթաղից է, թե Հադրութից». արցախցիները ցանկանում են մասնակցել ընտրություններին


Ոստիկանության անձնագրային բաժանմունքներում մեծ հերթերի մեջ նաև արցախցիներ են, որ ցանկանում են մասնակցել խորհրդարանական ընտրություններին, դիմում են ներկայացնում ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար։ Lսել են, որ ավելի հաճախ անձնագրայինները մերժում են:

«Օրենքը չեմ ուսումնասիրել, բայց, որ մերժում ստանամ կուսումնասիրեմ​՝ իմ իրավունքները իմանամ», - ասաց հավաքվածներից մեկը:

Միակ լուրը, որ արցախցիները լսել են՝ այն է, որ ոստիկանությունը ընտրական ցուցակներում ըստ դիմումի՝ ներառում է այն քաղաքացիներին, որ նախկինում Հայաստանում են ապրել՝ հաշվառում ունեցել, ապա վերաբնակեցման ծրագրերով հաստատվել Արցախում՝ Քաշաթաղի ու Քարվաճառի բնակիչները հիմնականում հենց վերաբնակիչներ են՝ շուրջ 10 հազար ընտրող։

«Արցախում բնակվող մեր հայրենակիցների ձեռքին կա այս անձնագրից, որը կոչվում է՝ Հայաստանի Հանրապետության անձնագիր»​, - ասաց Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման ծրագրի ղեկավար Ռոբերտ Մաթևոսյանը:

Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման բաժնի ղեկավար Ռոբերտ Մաթևոսյանը տարակուսած է՝ եթե բոլոր արցախցիներն ունեն Հայաստանի քաղաքացու կապույտ անձնագիր՝ ի՞նչ տարբերություն՝ նա Քաշաթաղից է, թե, օրինակ, Հադրութից։

«Ի՞նչ հիմքով վերաբնակիչն իրավունք ունի, մյուսը չունի, հիմքը թող ասեն, բացատրեն՝ ինչ իրավունքով: Նույն անձնագիրն ա, Հադրութի բնակչի մոտ գտնվում է նույն անձնագիրը»​, - նշեց Մաթևոսյանը:

Արցախցիները հայաստանյան անձնագրային միասնական համակարգում առանձնանում են միայն 070 կոդով, սակայն պատերազմից հետո շատերը առանց անձնագրի են եկել և այստեղ են փաստաթուղթն ստացել: Ռոբերտ Մաթևոսյանն, օրինակ, վերջերս Մասիսի բաժանմունքից է կապույտ անձնագիր ստացել. «Մեկ է մերժվելու է, այդ նույն բանը ինձ ասաց, ասացի՝ բայց չէ որ ձեզնից եմ այդ անձնագիրը ստացել, հենց մեկ ամիս առաջ դուք եք այս անձնագիրը տվել, ո՞նց եք մերժելու»:​

Բերձորից տեղահանված Հարություն Բերբերյանը շեշտում է՝ Նուբարաշենի ամենահին ընտանիքներից էին, հետո գնացին Բերձորում ապրելու, պատերազմից հետո՝ հետ Նուբարաշեն: Անձնագրային բաժանմունքում դիմում է ներկայացրել՝ ակնարկել են, որ կմերժվի:

«Մենք դիմում ենք, որպեսզի մեզ այդ իրավունքը տրամադրեն Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 5-րդ մասով, ես նույնիսկ կարող եմ ավելին ասել, որ այդ հոդվածը չի ենթադրում դիմումի քննարկում, ենթադրում է միանգամից դրական պատասխան», - հայտարարեց Բերբերյանը:​

Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածը 5-րդ կետը Հայաստանում հաշվառում չունեցող ընտրողներին առաջարկում է քվեարկությունից ոչ ուշ քան 10 օր առաջ դիմում ներկայացնել ընտրողների ցուցակում ընդգրկվելու մասին։ Լիազոր մարմինը՝ այս դեպքում անձնագրային ու վիզաների վարչությունը եռօրյա ժամկետում, ընտրողին ընդգրկում է քվեարկության օրը նրա գտնվելու վայրի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում։

«Քաշաթաղն ու Քարվաճառը օրենսդրական որևէ բանով չեն տարբերվում Արցախի մյուս շրջանների բնակիչներից բայց այն հանգամանքից, որ մենք նախկնում ապրել ենք Հայաստանի Հանրապետությունում», - ասաց Հարություն Բերբերյանը:​

Արցախի օպերատիվ շտաբում ունեն օրինակներ, որ Քաշաթաղի վերաբնակիչներին էլ են մերժել, օրինակ, Օնիկ Նաջարյանը, ապրել է Սևանում, 97 թվականին մեկնել Քաշաթաղ՝ հիմնել Վարդաբաց գյուղը, դարձել գյուղի առաջին բնակիչը: Այս պատերազմում գյուղն ադրբեջանի հսկողության տակ է անցել, Նաջարյանը վերադարձել է Հայաստան, ընտրել չի կարող, որովհետև ըստ ոստիկանության գրության՝ միշտ հաշվառված է եղել Արցախում, այժմ ադրբեջանական Վարդաբացում:

Անձնագրայինները հակասական պատասխաններ են տալիս, ոչ նույնական, ասում են Արցախի օպերատիվ շտաբում: «Ազատությունը» Ոստիկանություն հարցում է ուղարկել՝ բոլոր այս հարցերի պատասխաններն ստանալու համար, արձագանք առայժմ չկա:

Անձնագրային ու վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանն էր այս թեմային անդրադարձել սոցցանցի իր էջում. «Այն անձինք, ում տները և հողերը անցել են թշնամուն, տեղափոխվել են Հայաստան բնակության, Հայաստանում եթե նույնիսկ երբևէ չեն ունեցել հաշվառում, կարծում եմ անձնագրայինի կողմից մերժում ստանալու դեպքում կարող են դիմել դատարան իրենց հարցի վերանայման համար։ Եթե անձը չի հասցրել հաշվառվել Հայաստանում կորցրել է իր ունեցվածքը, հետագա ճակատագիրը և կենսական շահերը կապված են լինելու Հայաստանի հետ, ինչի համար պետք է զրկվի երկրի կառավարմանը մասնակցելու իրավունքից: Նման նախադեպային իրավիճակ չի եղել, դրա համար կարծում եմ այն պետք է դատարանը գնահատի»​։

Արցախի շտաբում հորդորում են քվեարկելու իրենց ցանկությունը չկապել որևէ քաղաքական ուղղորդումների հետ, ասում են՝ հայացքների բազմազանություն է. «Մեր ընտրազանգվածը կողմնորոշված չէ մեկ ուղղությամբ, բավական տարբեր են մտածում»​:

Բերձորցի Հարություն Բերբերյանը շեշտում է՝ գիտեն, հասկանում են, որ արցախցիների Հայաստանում քվեարկելու հարցը նուրբ դիվանագիտական շերտեր ունի, բայց թող պետական կառույցները պարզ բացատրեն ու նաև ընդհանուր մոտեցմամբ՝ մերժեն կամ չմերժեն արցախցիների դիմումները:

«Մարդու իրավունքը գերակա է մնացած բոլոր առումներով, մնացած բոլոր հարցերի՝ քաղաքական, դիվանագիտական: Այսինքն՝ մարդը ՀՀ քաղաքացի է և ուզում է օգտվել իր իրավունքից, եկեք այդ մարդուն ցույց տվեք, որ խնդրում ենք՝ դուք ձեր իրավունքն այս պահին համբերեք»​, - նշեց Բերբերյանը:

Շտաբի տվյալներով՝ այս պահին Հայաստանում ավելի քան 22 հազար արցախցի կա։ Երեկ դիմումների ներկայացման վերջնաժամկետն էր, անձնագրայինը մինչև կիրակի պետք է որոշում կայացնի՝ ընդգրկել նրանց ընտրական ցուցակներում, թե ոչ։

XS
SM
MD
LG