Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի վեցերորդ օրն Արտաշատում էր: ԲՀԿ-ի 64-ամյա առաջնորդը, որն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի վարչապետի թեկնածուներից ամենահարուստն է, ելույթի մեծ մասը նվիրեց սոցիալական խնդիրներին:
Ծառուկյանի խոսքով՝ ցանկացած խնդրի ինքը ծանոթ է, լուծումներն էլ գիտի և բոլոր խնդիրներն ունեն մեկ լուծում, դրանք ներդրումներն են, խոսեց վարկերի տոկոսադրույքները նվազեցնելուց, թոշակները բարձրացնելու անհրաժեշտության մասին, կարևորեց գյուղնախարարության վերականգնման անհրաժեշտությունը:
«Այսօր նույն վիճակն արդեն Հայաստանի դուռն է չոքել, այսօր անվտանգություն ապահոված չէ, ցանկացած քայլով քայլելով, առաջ գալով, գողանալով, զինվորին գերի վերցնելով, դա խայտառակություն է, դրա համար մենք պետք է կարողանանք առաջնայինը անվտանգությունը ապահովել: Անվտանգության ապահովումը միայն մենք կարող ենք Ռուսաստանի հետ, մեր բարեկամ պետության հետ, նոր փաստաթուղթ պետք է Ռուսաստանի հետ ստորագրենք ռազմաքաղաքական: Մեր և ռուսների ապագան ընդհանուր է, դա բեկման ենթակա չէ, քննարկման ենթակա չէ, ժողովուրդ ջան: Ինչ որ ասում եմ բոլորդ էլ վերլուծեք, իրոք դա այդպես է, մենք կարանք կարճ ժամանակում իրոք հզորացնենք, զարգացնենք, գումար բերենք, աշխարհի տարբեր տեղերից կարանք գումար բերենք», - նշեց ԲՀԿ առաջնորդը:
Ծառուկյանը խոսեց նաև աշխատատեղեր ավելացնելու մասին. «Միայն գումարով կարող ենք այս վիճակն ուղղել, որ մարդկանց էժան տոկոսով վարկեր տալ, անել, վաճառել, բերել, աշխատավարձերը տալ, բյուջեի գումարն ավելացնել, ամեն տարի կրկնակի զարգացնելով, հզորացնելով, ոչ թե մարդիկ այսօր ասեն` աշխատատեղ չկա: Էնքան աշխատատեղ լինի, որ դրսից մարդիկ գան՝ Հնդկաստանից թող գան, որ աշխատեն»:
Ըստ էության Ծառուկյանը կրկնում էր իր նախորդ օրերի ելույթները:
Նրան հարցեր ուղղելու հնարավորություն չունեցանք, հարցերին չպատասխանեց: