«Հայաստան» դաշինքի ղեկավարներն այսօր Լոռու մարզի քաղաքային համայնքներում խոստացան «արժանապատիվ խաղաղություն, թռիչքաձև զարգացող տնտեսություն և ազգային համերաշխություն»։
88-ի երկրաշարժի էպիկենտրոն Սպիտակում դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ամենուր իր արած գործերն են՝ հրապարակ, շենքեր ու ճանապարհներ է կառուցել, աղետի գոտին` զարգացման գոտի դարձրել։
«Գիտեք, իմ հիշողությունը լավն է, հիշում եմ յուրաքանչյուր շենք Սպիտակում, նույնիսկ հիշում եմ շինարարների դեմքերը, կարող է անունները չհիշեմ, բայց նույնիսկ դեմքերն եմ հիշում, թե ով, որ շենքն էր կառուցում», - հայտարարեց Քոչարյանը։
1997-2004 թվականներին հիմնականում «Լինս»-ի հիմնադրամի միջոցներով Սպիտակում 97 բազմաբնակարան շենք է կառուցվել։ Քոչարյանն ասաց՝ ինքն այսօր կարող է պարզերես նայել սպիտակցիների աչքերին, ինչի իրավունքն, ըստ նրա, չունեն երեք տարվա գործող իշխանությունները։
«Դրդիչ ուժն ինձ համար եղել է հետևյալը՝ բա հաջորդ անգամ, որ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու։ Նամուսի, թասիբի, պատասխանատվության հարց էր ինձ համար։ Հիմա իմ մոտ շատ բնական հարց է առաջանում՝ եթե երեք տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են իրենք գալիս ձեզ մոտ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար», - ասաց Քոչարյանը։
Այսօր էլ Սպիտակում տնակային ավաններ ու անօթևաններ կան, բազմաթիվ անհատական տների բնակիչներ դեռ փոխհատուցման են սպասում։ Հանրահավաքից հետո Ռոբերտ Քոչարյանն անպատասխան թողեց «Ազատության» դիտարկումը, թե սպիտակցիներից շատերի կարծիքով, միլիոնավոր դոլարների հասնող ներդրումներով Սպիտակում շատ ավելին պետք է կառուցված լիներ։
«Էս ինչո՞վ էիք զբաղված էսքան տարի»
Ստեփանավանում արդեն հանդիպումը բացօթյա չէր․ մշակույթի պալատի դահլիճում տեղի ունեցավ։ Քոչարյանը խոսքը սկսեց նրանով, որ քաղաքում իր աչքին անցած 13 տարիներին ոչինչ չի փոխվել։ «Ինչո՞վ եք զբաղվել այսքան տարի», - հարցրեց նա ներկաներին․ - «Ստեղ գալուց աջ ու ձախ նայում էի և տպավորությունն այնպիսինն էր, որ էս քաղաքը, էս ճանապարհը ոնց թողել եմ, նույնն է մնացել։ Սխա՞լ է տպավորությունս, թե՞՝ ոչ։ Էս ինչո՞վ էիք զբաղված էսքան տարի, 2003 թվականի ասֆալտ է, շենք-շինություն, ճանապարհ․․․ բան չի փոխվել»։
Քոչարյանը նկատեց՝ սրան զուգահեռ իրեն ասում են, որ գործող իշխանությունները մեծ հեղինակություն ունեն Ստեփանավանում, զարմացած է։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն պատասխանեց քաղաքացիների երեք հարցի, որոնք նախապես գրանցվել էին։
Քաղաքացիներից մեկը Քոչարյանին խնդրեց իր երեխայի քավորը դառնալ, պատասխանեց՝ «խոսալու վրա է»։ Պատասխանների մեջ նա հավաստիացրեց, թե ընտրվելու դեպքում փարատելու է մարդկանց բոլոր մտահոգությունները՝ կրթության որակի, ապրանքների գների թանկացման, բանակի և թոշակների ու աշխատավարձի բարձրացման մասին։
«Հիմա օգնելո՞ւ եք մեզ փոխել մեր հայրենիքը», - հարցրեց Քոչարյանը՝ ներկաներին։
Այսօր «Հայաստան» դաշինքը բաց և փակ տարածքներում հանդիպումներ է ունենում նաև Ստեփանավան, Տաշիր, Վանաձոր և Ալավերդի քաղաքներում։
Բոլոր համայնքներում ներկա էր երիտասարդ ուսանողների մի մեծ՝ նույն խումբը՝ դրոշակներով, դաշինքի գովազդային շապիկներով, գլխարկներով։ Կարգախոսներով ու ծափողջյուններով դիմավորում ու ճանապարհում էին ՀՅ Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների կազմած դաշինքի ղեկավարներին։
Նրանք «Ազատության»-ն ասացին՝ Երևանից են, ներկա են լինում դաշինքի բոլոր հանրահավաքներին․ - «Երևանից ենք եկել, հիմնականում ուսանողներ ենք, բոլոր համայնքներում նախագահի հետ ենք լինում, երիտասարդական թիմ ենք, ովքեր աջակցում են նախագահին։ Հայաստանում ապրելու և անվտանգ երկրում ապրելու, անվտանգ երկիր ունենալու և ապահով ապրելու հույսեր ունենք»։
Քոչարյանի գլխավորած դաշինքի քարոզարշավը Լոռիում գլխավորում էին նախկին պաշտոնյաներ
Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի քարոզարշավը Լոռու մարզում գլխավորում են նախկին պաշտոնյաներ։ Սպիտակում Սոցիալական ապահովության տարածքային կառույցի նախկին պետ Սամվել Խոյեցյանը, Ստեփանավանում Սոցիալական ծառայության տարածքային կառույցի նախկին պետ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ Վերջինս մեղադրվում է աղքատության նպաստի գումարներից ավելի քան կես միլիարդ դրամ յուրացնելու մեջ։ Գործն արդեն երկու տարի դատարանում է։ Նրա ենթականերն անցած տարի արդեն դատապարտվել են նպաստի գումարները յուրացնելու համար։
Նրանք դատավարությունների ժամանակ ասել են, որ յուրացված գումարների հիմնական մասը տվել են իրենց ղեկավար Ալբերտ Ղարաքեշիշյանին։ Երկու օրից տեղի կունենա Ղարաքեշիշյանի գործով հերթական դատավարությունը։ Այսօր խոշոր չափերի յուրացումների համար մեղադրվող շտաբի պետը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին։
Ստեփանավանում, որտեղ ըստ Ռոբերտ Քոչարյանի, երկար ժամանակ ոչ մի տեսանելի աշխատանք չի իրականացվել, անցած 8 տարիներին համայնքի ղեկավար է եղել «Հայաստան» դաշինքի տեղի կառույցի ղեկավար, կոռուպցիայի գործով մեղադրյալ Ալբերտ Ղարաքեշիշյանի հայրը՝ Միքայել Ղարաքեշիշյանը, որը կորոնավիրուսից մահացավ անցած տարեվերջին։ Նրանից առաջ՝ 13 տարի Ստեփանավանը ղեկավարել է շտաբի պետի հորեղբայրը՝ Սարգիս Ղարաքեշիշյանը։ Վերջինս այսօր ներկա էր դաշինքի հանրահավաքին, ասաց՝ աջակցում է, բայց պատասխանատվություն չի կրում համայնքում չարած գործերի համար։