Մատչելիության հղումներ

Ծառուկյանը կարծում է` հայ և ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ «ոչ մի ճանճ չշարժվի»


Իջևանի հրապարակում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանն իր նախընտրական ելույթը սկսեց երկրի անվտանգային խնդիրներին անդրադառնալով: Ասաց` պետք է ռուս զինվորի հետ սահմանը պահենք, որ «ոչ մի ճանճ չշարժվի»:

«Մենք պետք է մեր ռուս բարեկամների հետ նոր փաստաթուղթ ստորագրենք` ռազմաքաղաքական, և հայ, ռուս զինվորը միասին պետք է սահմանը պահեն, որ մեր ժողովուրդը հանգիստ լինի, լարված չլինի: Այս վտանգավոր տարածաշրջանում միայն ու միայն մենք կարող ենք ապահովել մեր ժողովրդի անվտանգությունը, որ մենք կարողանանք ռուս զինվորի հետ միասին սահմանը պահել, այդ ժամանակ ոչ մի ճանճ չի կարա շարժվի, բոլորս էլ վստահ ենք` այդ ժամանակ լիարժեք անվտանգ կլինենք», - հայտարարեց նա:

Տավուշցիներին դիմելով` ԲՀԿ 64-ամյա առաջնորդն ասաց` ինքը սահմանային բնակիչներին ընտրությունից ընտրություն չի հիշում: Ոչ մի ոլորտը, ըստ նրա, սկսած գյուղատնտեսությունից չի աշխատում: Կարևորեց` Գյուղատնտեսության նախարարությունը պետք է անպայման բացվի. «Այսօր անտերություն է, անծայրածիր հողեր ունենք, որոնք անմշակ են, նայող չկա, սերմ տվող չկա, մեխանիզացիա չկա, ընդունող չկա, պարարտանյութ բերող չկա, հո՞ գյուղացին չի կարա գնա, ասենք թե, որտեղից, պետք է բերեն, հատկացնեն, ինքը 500 կիլոգրամը վերցնի, մեկ հեկտարին տալով իր 5-10 մեշոկը, որ իմանա` մի տոննա ավելի ցորեն կստանա: Գիտի, որ դա չի ստանալու, չի անում»:

ԲՀԿ 93 հոգանոց ցուցակն առաջնորդող, կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, Իջևանի կենտրոնական հրապարակում հավաքված քաղաքացիներին դիմելով, հարցրեց` մարդ կա՞, որ վարկ չունի: Պատասխան հնչեց, որ ամեն մեկը մի քանի վարկ ունի: Արձագանքելով այս պատասխաններին` Ծառուկյանն ասաց, բայց աշխատանք չունեք, ապա ընդգծեց. «Պետությունը պետք է հոգա ձեր խնդիրները, որպեսզի դուք փակեք այդ վարկերը: Կառավարությունը պետք է մտածի նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ:

Բա մի քանի հատ ունենալով, այս ծանր վիճակում, նայելով, որ տնտեսական ճգնաժամ է եղել` համաճարակ, արտակարգ իրավիճակ, պատերազմ, մարդիկ ապրել են, ծախսել են, բայց եկամուտ չկա, շահույթ չկա, որ կարողանան այդ վարկի տոկոսը փակել: Ի՞նչ պետք է արվի. ամբողջ աշխարհում պետությունները, կառավարություններն իրենց ժողովրդին գումարներ տրամադրելով, նվեր տալով ընտանիքին 5000 դոլար, 10.000 դոլար, մեզ մոտ ոչինչ չեն տվել: Ես չեմ ասում` էլի տան, բայց քայլ պետք է կատարեն»:

Գագիկ Ծառուկյանն ասաց նաև` «մենք կարող ենք գումարներ բերել», անվտանգային հարցերը լուծել: Նախընտրական ծրագրի 30 կետերն էլ, ըստ նրա, միանգամից իրականություն կդառնան. «Ես ինչ որ ասել եմ, երբեք այնպիսի բան չեմ ասել, որ դա ես չեմ կարող իրականացնել: Ես միշտ քիչն եմ ասում, որ շատ անենք: Այն ստեղծված հարգանքը, վստահությունը, հավատքը երբեք ու երբեք ես չեմ կորցնելու: Ես ձեզ ուզում եմ ասել, որ ամենակարևորը` անհնարին ոչինչ չկա, ժողովուրդ ջան, դուք պետք է հուսախաբ չլինեք»:

Ցանկացած ոլորտից կարող եմ խոսել` առաջարկելով լուծումներ, ասաց ԲՀԿ առաջնորդը` միաժամանակ ընդգծելով` դրանք բոլորն ունեն մեկ լուծում` ներդրումներ:

Առողջապահական խնդիրների մասին խոսելով` հարցրեց օրինակ` պետպատվերից գո՞հ են: Հատուկենտ արձագանքներ հնչեցին` ոչ:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քվեաթերթիկը 14-ն է, կարգախոսն է «Անվտանգ հայրենիք, հզոր պետություն»:

Հիշեցնենք` խմբակցության 64-ամյա առաջնորդն անցած տարի զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, և նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: Ծառուկյանը կալանավորվեց անցած սեպտեմբերին` պատերազմից 2 օր առաջ, և ազատ արձակվեց հոկտեմբերի վերջին` 100 միլիոն դրամ գրավի դիմաց: Այս գործը դեռ դատաքննության փուլ չի մտել:

XS
SM
MD
LG