Գործադիրն այսօրվա նիստում որոշեց բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչված տարածքների ցանկից հանել Երևանի Պուշկինի 4 տուն. Պուշկինի 8. Պուշկինի 8, բն. 3. Պուշկինի 10-1 և 6ա. Պուշկինի 10, բն. 3, Պուշկինի 10, հ. 6 տարածք հասցեները։
«Օրենքով սահմանվում է, որ հանրության շահը չի կարող համարվել գերակա, եթե օտարման նպատակի իրագործումը չի սկսվելու հանրության գերակա շահ ճանաչելու մասին կառավարության համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ տարվա ընթացքում»,- ասել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը՝ հավելելով, որ 2013թ-ից առ այսօր քաղաքաշինական միասնական կառուցապատումը, ըստ էության, տեղի չի ունեցել և գերակա շահ ճանաչելու որոշման հիմքում ընկած նպատակի իրագործում փաստացի տեղի չի ունեցել, իսկ չիրականացնելը նշանակում է գերակայության բացակայություն, ինչը հանրության գերակա շահ ճանաչելու համար կարևորագույն պայման է և օրենքի խստագույն պահանջ:
Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը մանրամասնել է՝ խոսքը վերաբերում է Աբովյան-Պուշկին խաչմերուկից մինչև Սախարովի հրապարակ ընկած տարածքում գերակա շահ ճանաչված որոշմանը:
«Ընդհանուր առմամբ մի քանի շենքեր ճանաչվել են նաև մշակութային արժեք ներկայացնող: Փաստացի կարելի է ասել, որ այս գործընթացում քաղաքաշինական մեծ առաջընթաց չի եղել: Եվ նաև, հաշվի առնելով պատմամշակութային հուշարձանների պահպանման հարցը, որոշում է կայացվել տվյալ հասցեները հանել կառավարության 2013թ. որոշումից։ Սա հայտնի «Դոլմամայի» շենքերն են», - ասել է փոխվարչապետի պաշտոնակատարը:
Քաղաքապետարանին առաջարկվել է քաղաքաշինական նոր սխեմա կազմել այդ հատվածում: