Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերը Հյուսիսային պողոտայի վերջին հին կառույցներից են։ Բնակիչները 10 տարուց ավելի պայքարում են, որպեսզի գերակա շահ ճանաչված իրենց բնակելի շենքը չքանդվի:
Բնակիչների պնդմամբ, օրերս կալանավորված գործարար Սամվել Մայրապետյանի դեմ իրենց դատական հայցերը դեռ վիճարկվում են դատարանում: Նրանք հույս ունեն, որ հեղափոխությունից հետո իրավապահներն իրենց գործերն էլ կվերանայեն։
«Ինձ մոտ, կարճ ասեմ, հույսը մեռնելու վրա էր, բայց երբ ես լսեցի, որ Մայրապետյանին ձերբակալել են, հույսն արթնացավ, շատացավ, և ես ասում եմ, որ այս հեղափոխական պրոցեսը ճիշտ ճանապարհի վրա է», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնակիչներից Յուրա Ուդումյանը։
Կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով օրերս կալանավորված Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը պետության կողմից գերակա շահ ճանաչված այս շենքերի տարածքում մտադիր էր հյուրանոց կառուցել:
Բնակիչները տարիներ շարունակ նույն հարցով են դիմել պատկան ատյաններին ու մնացել առանց պատասխանի։ «Ո՞վ է տեսնել, որ մարդկանց բնակելի շենքը վերցնեն իրենց ձեռքից, տան ուրիշին, որ նա դարձնի իրա սեփականությունը և ունենա շահույթ», - ասաց «Ազատության» զրուցակիցներից մեկը։
Մայրապետյանը տարիներ առաջ «Ազատության» հետ հարցազրույցներից մեկում ասել էր. - «Ներկայիս տների մակերեսներով բնակարաններ են առաջարկվել բնակիչներին, մի մասը գումարն է վերցրել, մյուսներն էլ հենց իրենց բակի նորակառույց բարձրահարկում նույն մակերեսով տուն ստանալու առաջարկն են ընդունել: Եթե պայքարում են, որ շենքը չքանդվի, դրա հասցեատերը ես չեմ: Ես մրցույթը շահել եմ, շենքն էլ քանդվելու է»։
Բնակիչների պնդմամբ, մոտ 55 ընտանիքից 23-ը դուրս չեն եկել իրենց տներից ու տարիներ շարունակ իրենց ժամանակն ու առողջությունն են դատարաններում մաշում:
Ֆլորա Ուդումյանն ամեն օր սպասում է, որ իրեն տանից կվտարեն, բայց ասաց՝ պայքարում է։ «Երբ որ ես գնացի գույքահարկ մուծելու թաղապետարանում, նայեցին, ասացին՝ «դուք այդ անունով գույք չունեք, այդ գույքը ձերը չի՝ օտարված է»։ Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքը, իմ զայրույթը»։
Բնակիչների խոսքով՝ գերակա շահ ճանաչված իրենց շենքի բնակարաններն 86-ից 120 քառակուսի մետր են, իրենց առաջարկում են 1 քառակուսի մետրը վաճառել 700-ից 900 դոլարով: Դա, նրանց խոսքով, ծիծաղելի գումար է Հյուսիսային պողոտայում գտնվող շենքի համար:
«Դիմացի նորակառույցները, որը կառուցել է պարոն Մայրապետյանը, հետաքրքիր է, այդ գնով բնակարան ինքը մեզ կվաճառի՞, ինչ գնով, որ ինքն ուզում է բնակարանները մեզանից խլել, այսպես ասած, իսկ ես լսել եմ, որ այստեղ բնակարանները սկսում են 2 հազար 500 - 3 հազար դոլարից, ինչքան որ ես հիշում եմ։ Հույս ունենք, որ էս տունը կմնա մեզ, մենք կապրենք։ Մենք արդեն իրար հետ վիճում ենք, որ շենքի վրա փակցված SOS պաստառն արդեն հանենք», - ասաց բնակիչներից Մելինե Նավասարդյանը։
Հին Երևանից մնացած վերջին կառույցներից են նաև Պուշկին 8 և 10 շենքերը: Այստեղ է գտնվում նաև բարձրաստիճան պատվիրակություններ, տարբեր երկրների նախագահներ ընդունած «Դոլմամա» ռեստորանը։ Ռեստորանի սեփականատերը՝ սփյուռքահայ ներդրող Ժիրայր Ավինյանը, նույնպես 10 տարուց ավելի դատական քաշքշուկների մեջ է: Նա քաղաքի կենտրոնում սեփական տարածքը ոչ մի գումարի դիմաց կառուցապատողին չի պատրաստվում հանձնել:
Ավինյանը նամակ է գրել վարչապետին ու նախագահին, որպեսզի սեփական ու պետական շահերը հստակեցնող օրենք մշակվի:
«Սենց գծով մինչև Սախարովի հրապարակ տրված է մեկին որպես սեփականացնելու իրավունք, այս դեպքում Սամվել Մայրապետյանին։ 19-րդ դարի վերջի շենքեր են սրանք՝ շատ սիրուն աշխատանքներով, սրանք վերանորոգելու դեպքում դառնում են ազգային արժեքներ. էս ամբողջ փողոցի տակը՝ «Դոլմամա»-ի տակն էլ ներառյալ, կան մառաններ, որոնք երևի մի 150 տարեկան են, այդտեղ գինի է պատրաստվել, այդտեղ պատմություն կա», - ասաց Ավինյանը։