Մատչելիության հղումներ

«Հանրային գերակա շահի» հերթական պոտենցիալ զոհերը հրաժարվում են լքել իրենց տարածքները


«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյան
«Դոլմամա» ռեստորանի սեփականատեր Ժիրայր Ավանյան

20 տարուց ավելի Երևանի Պուշկինի փողոցում գործող «Դոլմամա» ռեստորանի հիմնադիրը միակը չէ, որ առաջիկայում, դատարանի որոշմամբ պետք է լքի իր սեփականությունը։ Հյուսիսային պողոտային կից Լալայանց 37, Տերյան 23 ու 25 հասցեների շենքերի 6 բնակիչներ շուտով նույնպես պետք է կառուցապատողի փոխհատուցման դիմաց դուրս գան իրենց տներից։

Թե՛ «Դոլմամա»-ի սեփականատեր Ժիրայր Ավանյանն ու թե՛ նշված հասցեների բնակիչները հրաժարվում են լքել իրենց տարածքները։

«Եթե պետությունը էստեղ ուզում է օդանավակայան, զինվորական բազա․․․ ինչ ուզում է պետության համար, վաղը դուրս կգամ այստեղից։ Բայց ինչ-որ մի սեփականատեր դառնա իմ սեփականության տերը, ոչ մի ձևով չեմ ընդունում», - հայտարարում է Ավանյանը։

Ի թիվս մայրաքաղաքի մի շարք թաղամասերի, նշված հասցեները դեռ 2008-ին կառավարության որոշմամբ համարվել են բացառիկ հանրային գերակա շահ։ Թե ինչ պետք է կառուցվի այդ տեղում, պարզ չէ։ Բնակիչները լսել են, որ հյուրանոց պետք է լինի։ «Դոլմամա»-ի սեփականատիրոջ խոսքով, իր քթի տակ մյուս տարածքները նույն կառուցապաոտղը վերցրել ու վարձով է տալիս։

«Հանրային գերակա շահի մասին» օրենքը բիզնեսի համար հորինված կոռուպցիոն արտոնություն է, որը ճիպոտ է դարձել մեր գլխին», - ասում են իրենց տներից ու տարածքներից զրկվող քաղաքացիները։

Հյուսիսային պողոտայի հարևանությամբ հին Երևանից մնացած մի քանի թաղամասերի բնակիչների և «Դոլմամա»-ի սեփականատիրոջ շահերը դատարանում ներկայացնում է փաստաբան Ալինա Ավետիսյանը։ Նրա խոսքով, կառուցապատող «Լոքալ Դիվելոփերզ» ընկերությունը բազմաթիվ խախտումներով է ստանձնել քաղաքի կենտրոնում այդ տարածքների կառուցապատողի դերը։

Ընկերության տնօրենը, ըստ Հատուկ քննչական ծառայության, գործարար Սամվել Մայրապետյանն է։ Մի շարք մեղադրանքներից զատ, ՀՔԾ-ն Մայրապետյանին մեղադրանք էր առաջադրել նաև Հյուսիսային պողոտայում 300-ից ավելի անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերում շուկայականից ցածր գներ նշելու համար:

Փաստաբան Ալինա Ավետիսյանն ասում է, որ իր վստահորդների սեփականությունը նույնպես քաղաքի կենտրոնում անշարժ գույքի գներից կրկնակի անգամ էժան է գնահատվել։ Փաստաբանի խոսքով, կառուցապատողը, որպես այդ տարածքների ձեռք բերող, պարտավոր է նոտարի կամ դատարանի դեպոզտային հաշվին նախնական գումար փոխանել նոր դատի նոր դատական հայց ներկայացներ։

Թեև բնակիչներն ու «Դոլմամա»-ի սեփականատերը գումարի մասին առհասարակ չեն խոսում, փաստաբանն այդուհանդերձ պնդում է, թե կառուցապատողն այստեղ էլ է խախտումներ արել․ - «Որևիցե մի բնակարանի փոխհատուցման գումարը նոտարի կամ դատարանի դեպոզիտում առկա չի։ Գումարները ուղղակի չկան»։

«Լոքալ Դիվելոփերզ» ընկերությունը, ըստ փաստաբանի, 2008-ից առայսօր շինարարություն չի իրականացրել։ «Այդպիսի բացառիկ հանրային գերակա շահ տեսե՞լ եք, որ տարիներով չի անցնում իր գործին», - տարակուսում է փաստաբանը։

Նկարիչ Վարդան Գաբրիելյանը Տերյան 25-ի իր տանն է ապրում դեռ 80-ականներից։ Ասում է՝ ոչ մի գնով չի լքելու իր արվեստանոցն ու բնակարանը։ Դրանց տարածքը 160 քմ է, կառուցապատողը դրա համար պատրաստ է վճարել 95 հազար դոլար։ Զրուցակիցս հիշեցնում է՝ շենքը Հյուսիսային պողոտային կից է, այդ հատվածում շուկայական գները մի քանի անգամ բարձր են։

Բնակչի խոսքով, այդ երեք շենքերի շուրջ 55 բնակչից այսօր 22-ն են մնացել իրենց տներում։ 5-7 ընտանիք տեղափոխվել է կառուցապատողի կառուցած բազմահարկ բնակելի շենքը, մի մասը, թեև ցածր գնով, բայց վերցրել են փոխհատուցումն ու հեռացել, ոմանք մահացել են՝ դատարաններում թողնելով իրենց տների հարցը։

Այս շենքերի բնակիչները կառուցապատողի հետ դեմ առ դեմ միայնակ են մնացել արդեն 10 տարուց ավելի։

ԱՄՆ քաղաքացի Ժիրայր Ավանյանը նույնպես տասը տարուց ավելի պայքարում է, որ իր երևանյան հանրահայտ ռեստորանը չքանդվի։ Այսօր արդեն տարածքը լքելու 15-օրյա ժամկետի առաջ է կանգնել․ - «Լավ կտոր է․․․ Այս ամբողջ տարածքի կարծեմ 70 տոկոսը արդեն վերցված է։ Ես այն մասն եմ, որը խանգարում է իրեն։ Դատարանները դեռ շարունակում են լինել օլիգարխների և մյուսների հրահանգների ներքո»։

«Լոքալ Դիվելոփրս» ընկերության փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը մեր բոլոր հարցերին ի պատասխան ասաց, որ ընկերությունը կատարում է կառավարության որոշումը․ - «Մենք իրավաբանություն ենք անում կառավարության հանձնարարությամբ։ Եթե կառավարությունը կգտնի, որ դա պետք չէ անել, էդ քննարկումը մենք կանենք կառավարության հետ։ Մենք Ժիրայր Ավանյան, կամ էլի բնակիչներ կան, չենք ճանաչում։ Օրինական ուժի մեջ մտած վճիռների մասին ես պարզապես խոսել չեմ կարող, որովհետև մտել է օրինական ուժի մեջ»։

«Դոլմամա» ռեստորանի սեփականատիրոջ և Լալայանց 37, Տերյան 23 ու 25 հասցեների բնակիչների շահերի պաշտպան Ալինա Ավետիսյանն ասում է՝ եթե այս կառավարությունն ուժը կորցրած ճանաչի 2008-ի գերակա հանրային շահի մասին օրենքը, ապա իր վստահորդները կազատվեն սեփականությունը կառուցապատողին պարտադիր կերպով զիջելու գլխացավանքից։

Փաստաբանն ասաց, որ օրերս իրենց ընդունել էր Արդարադատության նախարարն ու լսել բողոքները․ - «Սպասում ենք ներգերատեսչական հանձնաժողովի երկրորդ նիստին։ Մեր կողմից ներկայացված խախտումները կառավարությանը կներկայացվեն։ Դա պատճառ կհանդիսանա, որպեսզի կառավարությունը նշված որոշումը վերանայի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG