Մատչելիության հղումներ

Ադրբեջանը պնդում է, թե «գերեվարված զինվորականները դիվերսանտներ են»


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության` «Հայաստանի զինված ուժերի հետախուզական-դիվերսիոն երկու խումբ անցած գիշերը փորձել է հատել Քելբաջարի սահմանը և ականապատել ադրբեջանական դիրքերի ճանապարհները», սակայն շրջապատվել են, զինաթափվել և ձերբակալվել։

Ադրբեջանական կողմի տվյալներով` մի խմբում 9 զինծառայող կար, մյուսում`15։ Առաջին խմբից 4 զինվորական է գերեվարվել, այդ թվում` մեկ սպա, երկրորդ խմբից՝ 2 զինվորական։ Մյուսները նահանջել են։

Սոցցանցերում հրապարակվել են գետնին պառկեցված, ձեռքերը կապած զինվորական հագուստներով մարդկանց լուսանկարներ, որոնց դեմքերը չեն երևում։ Ադրբեջանական լրատվամիջոցները առաջին անգամը չէ, որ հրապարակում են գերեվարված մարդկանց արժանապատվությունը նվաստացնող լուսանկարներ ու տեսանյութեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաև հաղորդում է, որ այսօր առավոտյան սահմանային այդ ուղղությամբ նկատվում են «հայկական զինված ուժերի զինտեխնիկայի կուտակումներ, այդ թվում` տանկեր», բայց իրենց ձեռնարկած գործողությունները «կանխել են զինտեխնիկայի տեղաշարժը, և ադրբեջանական ստորաբաժանումները այդ ուղղությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը»։

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը` միջադեպը գնահատելով Ադրբեջանի դեմ «սադրիչ ահաբեկչական գործողության փորձ»։ Ադրբեջանի արտգործնախարարությունը ևս մեկ անգամ նշել է երկու երկրների միջև սահմանազատում ու սահմանագծում կատարելու և սահմանները հարգելու անհրաժեշտությունը։

Ադրբեջանի Հանրապետության օրա առիթով Իլհամ Ալիևին հղած` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նամակում խոսք կա տարածաշրջանի անվտանգության մասին։ «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք հետագայում էլ բազմակողմանիորեն կամրապնդենք մեր ռազմավարական գործընկերությունը և արդյունավետ համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների, տարածաշրջանային անվտանգության և կայունության», - Իլհամ Ալիևին գրել է Պուտինը։

Միջազգային առաջատար լրատվամիջոցները լուրերով հաղորդում են հայ զինծառայողների գերի ընկնելու միջադեպի մասին, մեջբերում Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների հայտարարություններից, համառոտ անդրադառնում ղարաբաղյան վերջին պատերազմին ու հայ-ադրբեջանական հարաբերությունների նախապատմությանը։

«Ֆրանս Պրեսը» նշում է, որ Հայաստանի զինվորականների գերեվարումը տեղի է ունենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար նուրբ շրջանում` գալիք ամսվա արտահերթ ընտրությունների նախաշեմին։

«Ազերթաջ» պետական գործակալության հարցազրույցում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ասել է, թե Ադրբեջանը կողմ է սահմանազատման հարցում աշխատանքային խմբի ստեղծմանը, բայց Հայաստանը սահմանի հետ կաված հարցերում լարվածություն է ստեղծում, ինչն ըստ նրա՝ պայմանավորված է Հայաստանի ներքաղաքական անկայունությամբ և նախընտրական շրջանով։

Նախօրեին Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ճեպազրույցում անդրադառնալով սահմանային մեկ այլ միջապեպի, երբ հակառակորդի կրակոցից հայկական կողմում պայմանագրային զինծառայող էր զոհվել, ասել է, թե միջադեպը ուղիղ առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը։

«Հիմնական խնդիրը հայ-ադրբեջանական սահմանի միջազգային-իրավական ձևակերպման բացակայությունն է, որը ժառանգություն ենք ստացել դեռ խորհրդային շրջանից»,- ասել է Զախարովան։ Խնդրի երկարատև լուծման համար նա ասել է, որ պետք է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատելու, սահմանագծելու գործընթացը, որին Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել։

Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը նշում է, որ Զախարովան փաստորեն պաշտապանել է Բաքվի պահանջները։

Ադրբեջանցի քաղաքագետ Արաստուն Օրուջուն «Թուրանի» հետ զրույցում ասել է, թե վերջին երեք շաբաթների իրադարձությունների գլխավոր նախաձեռնողը Ռուսաստանն է։ Նրա խոսքով` Մոսկվայի նպատակն է արագացնել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների վերականգնումը՝ Կովկասում և Մերձավոր Արևելքում իր պլանները իրականացնելու համար։

«Իր խնդիրները լուծելու համար Մոսկվան պատրաստ է երկու երկրներին` Ադրբեջանին ու Հայաստանին մղել ընդհարհման, ուստի տարածաշրջանում հնարավոր են տեղական բախումներ»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետը։

Սահմանազատման մասին մայիսի առաջին տասնօրյակում Երևան ու Բաքու կատարած այցելության ընթացքում խոսել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Իսկ վերջերս նա ասել էր, թե Ռուսաստանը պատրաստ է այդ աշխատանքներում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին։ Պաշտոնական Երևանը պնդում է, որ նախ պետք է ադրբեջանցի զինծառայողները դուրս գան Հայաստանի տարածքից, ու վերադարձվեն Ադրբեջանում պահվող գերիները։

Մայիսի 12-ին Հայաստանը պաշտոնապես հայտարարեց, որ Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում երեք ուղղություններով հատելով սահմանը մի քանի կիլոմետր խորացել են Հայաստանի տարածք։ Հայաստանը Ռուստանի հետ անվտանգային երկկողմ պայմանագրեր ունի, ՀԱՊԿ-ի անդամ է, բայց նրանց ուղղված օգնության դիմումները գործնական քայլերի առումով մնացել են անպատասխան։

XS
SM
MD
LG