Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է՝ Ֆրանսիայի համար ընդունելի է իրադրության հաղթահարման իր առաջարկը


«Ֆրանսիայի համար ընդունելի է Հայաստանի անվտանգության խորհրդի նիստում իրադրության հաղթահարման իմ առաջարկը», հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ամփոփելով Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ իր հանդիպումը։

«Ես արձանագրեցի, որ նախագահ Մակրոնը հետաքրքրված է և մտադիր է ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն վարել, որպեսզի միջազգային կառույցներն ավելի շատ ներգրավված լինեն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, մեր տարածաշրջանում կայունություն և անվատնգություն ապահովելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանի խոսքով՝ Մակրոնի հետ քննարկել են նաև, թե ինչ քայլեր պետք է անել, որ ղարաբաղյան հարցի կարգավորման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերականգնվի։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ մշտական կապի մեջ է Ռուսաստանի նախագահի հետ, վերջին հեռախոսազանգը տեղի է ունեցել մայիսի 31-ին։ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ նույնական մոտեցում կա իրադրության լուծման վերաբերյալ, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության սահմանից։

«Եվ մեր դիրքորոշումն այն է, որ Ադրբեջանն, արդեն ասացի, պետք է ետ քաշվի։ Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը և Հավաքական անվտանգության պայմանագրի որպես գործընկեր և որպես ռազմավարական գործընկեր, այս դիրքորոշումը հստակ կձևակերպի, որովհետև այս փաստի արձանագրումից հետո նրանց հետ չքաշվելը նշանակում է, որ ուժի մեջ է մտնում ՀԱՊԿ 4-րդ հոդվածը, որը տվյալ գործողությունը որակում է որպես ագրեսիա անդամ երկրի նկատմամբ», - ասաց Փաշինյանը։

Բացի այդ, ըստ վարչապետի պաշտոնակատարի, նույնական է Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումն այն հարցում, թե խնդրահարույց հատվածում, որն է Հայաստանի սահմանը։ Դա, ըստ Փաշինյանի, Խորհրդային Միության վարչական սահմանն է, որը խորհրդային ժամանակներում դեմարկացված և դելիմիտացված է և որի վերաբերյալ Հայաստանի և Ռուսաստանի ունեցած քարտեզները նույնական են։

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե տեսնում են իրավիճակի լուծման հնարավորություն դիվանագիտական ճանապարհով․ - «Այս իրավիճակը պետք է դիվանագիտական ճանապարհներով լուծվի։ Մենք այս պահին դեռևս տեսնում ենք այդ հնարավորությունը և մենք շարունակելու ենք ջանքերն այդ ուղղությամբ»։

Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպումը, որն, ի դեպ, եզրափակում էր Նիկոլ Փաշինյանի փարիզյան աշխատանքային այցն, ուղեկցվեց բողոքի ցույցով և միջադեպով։

Դաշնակցությունն այս հանդիպումը բոյկոտել էր, մի քանի տասնյակ ցուցարարներ Հայաստանի դեսպանատան մոտ էին, վիրավորական վանկարկումներ էին անում։

Նիկոլ Փաշինյանի պատվիրակությունը և լրագրողներին տեղափոխող ավտոշարասյունը հարձակման ենթարկվեց։ Ցուցարարներն ինչ-որ առարկաներ սկսեցին նետել, ինչից վնասվեց նաև լրագրողներին տեղափոխող ավտոմեքենայի դիմապակին և հայելին։ Ոստիկանությունը տեղում ուժեղացված ծառայություն էր իրականացնում և թույլ չէր տալիս, որպեսզի ցուցարարները մոտենան դեսպանատան շենքին։

Ի տարբերություն դրսում հավաքվածների, հանդիպմանը եկած հայ համայնքի ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանին դիմավորեցին և ճանապարհեցին ծափահարություններով, նրան շնորհակալության և քաջալերանքի խոսքեր ասացին։

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանը ժամանել է Բելգիա։ Բրյուսելում նա այսօր հանդիպումներ կունենա Բելգիայի վարչապետի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG