Մատչելիության հղումներ

Ըստ Փաշինյանի՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներից մեկն արդեն նախնական արձագանքել է իր հրապարակած բանաձևին


«Մենք չենք գնալու իրավիճակի սրման և այս հարցը լուծելու ենք խաղաղ ճանապարհով»,- այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկն արդեն նախնական արձագանքել է սահմանին միջազգային դիտորդնել տեղակայելու մասին իր հրապարակած բանաձևին։

Թե կոնկրետ, որ երկրի մասին է խոսքը, վարչապետի պաշտոնակատարը չմանրամասնեց։

Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաջացած պայթյունավտանգ իրավիճակը հանգուցալուծելու համար վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջազգային հանրությանը, Ադրբեջանի նախագահին առաջարկում է երկուստեք հետ քաշել զինված ուժերը Գեղարքունիքի մարզի Սոթքից մինչև Սյունիքի մարզի Խոզնավար հատվածի շփման գծից։

Ինչպես նաև Փաշինյանն առաջարկում է այնտեղ տեղակայել Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող երկրների դիտորդներ, որից հետո նույն այդ դիտորդների մասնակցությամբ կընթանա սահմանային կետերի ճշգրտման աշխատանք։

«Երեկ բանաձևը ես հրապարակել եմ, համանախագահ երկրներից մեկը նախնական արձագանքել է։ Հույս ունեմ, որ մյուս երկու համանախագահող երկրներն էլ կարձագանքեն և էսօր էլ կարելի է դա անել, մի քանի օրվա մեջ կարելի է զորքերը հետ քաշել, ընդհանրապես առանց նախապայմանի կարել է զորքերը հետ քաշել, մինչև դիտորդները կգան», - մասնավորապես ասաց Փաշինյանը։

«Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը Հայաստանի սահմանների ճշգրտման հետ»

Այսօր ինչ տեղի է ունենում Հայաստանում, այո՛, Ազգային ազատագրական պայքար է, հայտարարեց Փաշինյանը՝ նշելով այսօր և՛ Ադրբեջանը, և՛ հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրել։

«Սահմանները պիտի չճշգրտե՞նք մենք, այսինքն՝ մենք աշխարհին պետք է ասենք՝ մենք սահման չունե՞նք։ Մենք ասում ենք՝ «պետք է հասկանանք մեր պարիսպները որտեղով են անցնում», ասում են՝ «չէ՛, պարիսպ անցկացնելը շատ վտանգավոր բան է և վտանգավոր բան է Ղարաբաղի հարցի համար»։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցը, բացատրեք, օրինակ, թե Սև լճի տարածում մեր սահմանը որտեղո՞վ է անցնում, Ղարաբաղի հարցը որտե՞ղ է առնչվում էս թեմայի հետ, կապ ունի՞ Տեղ գյուղի և Խոզնավարի հատվածում որտեղով է անցնում։ Բա էդ ենք ասում՝ մեր տեսակետը կներկայացնենք։ Դրա համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախահներն ասել են, որ հարցը լուծված չէ, պետք է համապարփակ լուծում գտնել։ Ի՞նչ կապ ունի Ղարաբաղի հարցի հետ, թե Արարատի և Սադարակի արանքում մեր պետական պարիսպը որտեղով է անցնում։ Իմ գնահատականը նույնն է՝ և՛ Ադրբեջանը, և՛ հայաստանյան որոշ ուժեր ուզում են պատերազմ հրահրել։ Այսօր ինչ Հայաստանում տեղի է ունենում սա, այո՛, Ազգային ազատագրական պայքար է», - հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, օրեր առաջ ծեծկռտուք էր բռնկվել, երկու օր առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող։ Երեկ առավորտյան էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ Գեղարքունիքի սահմանային հատվածում ադրբեջանցիները ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողի են գերեվարել։

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

ԵԱՀԿ-ն իր մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին միջադեպերի մասին հաղորդումներով։«ԵԱՀԿ-ը պատրաստ է օժանդակել և կիրառել վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ՝ ստեղծելու համար երկխոսությանը նպաստող մթնոլորտ», - ասված է հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG