Մեկնարկել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Ֆրանսիա և Բելգիա։
Փաշինյանը երեկ երեկոյան է ժամանել Փարիզ։ Նրա այցը Ֆրանսիա Էմանյուել Մակրոնի հրավերով է։ Հայկական պատվիրակության կազմում է նաև Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։
Այսօր առավոտից սպասվում են պաշտոնական հանդիպումներ։ Փաշինյանը նախ կհյուրընկալվի Ֆրանսիայի Ազգային ժողովում, կհանդիպի Ազգային ժողովի նախագահ Ռիշար Ֆերանի հետ, ապա կեսօրից հետո Ելիսեյան պալատում կկայանա հանդիպում Ֆրանսիայի նախագահի հետ։
Երկու երկրների ղեկավարները լրատվամիջոցների համար միայն հայտարարություն կանեն, ապա, արդեն առանց լրատվամիջոցների, տեղի կունենա աշխատանքային ճաշ, որին կմասնակցեն միայն Մակրոնը և Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարի աշխատակազմից «Ազատության»-ը փոխանցեցին, որ Մակրոնի հետ քննարկման հիմնական թեմաներն են լինելու հայ-ադրբեջանական սահմանին լարված իրավիճակը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետագա կարգավորումը, ինչպես նաև Ֆրանսիայի հետ երկկողմ քաղաքական և տնտեսական հարցերը։
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահը Նիկոլ Փաշինյանին զանգահարել էր մայիսի 13-ին, այն բանից հետո, երբ ադրբեջանցի զինվորները ներխուժել էին Հայաստանի տարածք։ Էմանյուել Մակրոնը վերահաստատել էր Ֆրանսիայի հավատարմությունը Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության նկատմամբ և ընդգծել էր Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը։
Մակրոնի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հանդիպում կունենան նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեի հետ։
Փարիզից վարչապետի պաշտոնակատարը հունիսի 1-ին կմեկնի Բրյուսել, որտեղ կհանդիպի Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։
Եվրոպական խորհրդի նախագահի և Փաշինյանի հանդիպման օրակարգում են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակը, Ղարաբաղի կարգավորման հարցերը, պատերազմից հետո ստեղծված իրավիճակը, տուժած բնակչության ու հումանիտար աջակցության հնարավորությունը, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքը։