Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահներն այսօր Գեղարքունիք են այցելել. գիշերը մարզերում հանգիստ է եղել


Գիշերը հանգիստ, առանց միջադեպերի է անցել Գեղարքունիքի մարզում։ Միակ փոփոխությունը այսօր առավոտյան ռուս խաղաղապահների այցելությունն էր։ Թե ում են հանդիպել, ինչի համար են եկել կամ ինչ հարցեր են քննարկել, Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիտչյանը առայժմ չգիտի. «Ռուս խաղաղապահները 2-3 ավտոյով եկել են, բարձրացան, հետո գնացին, ու ոչ մի տեղեկություն չգիտեմ` ում մոտ գնացին, ինչ եղավ, որտեղ, ում հետ խոսացին: Բանակի ղեկավարի հետ եմ ուզում կապնվել, մի հատ հարցնեմ, տեսնեմ` գոնե ինքը տեղյա՞կ է, քանի անգամ զանգեցի, անհասանելի էր: Մի ժամ երևի (մնացել են)»:

Այս գիշերն առանց միջադեպերի է անցել նաև Սյունիքի մարզում, տեղեկացրեց Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը. «Չէ, որևէ փոփոխություն չկա, ամեն ինչ նույնն է, որևէ միջադեպ կամ խնդիր չի եղել: Իրավիճակը, որ ունեինք օրեր առաջ, մինչև հիմա շարունակվում է մնալ նույնը»:

Պաշտպանական գերատեսչությունից հերքեցին սոցցանցերում տարածվող այն լուրը, որ Ջերմուկում գիշերը Ադրբեջանը ռազմավարական բարձունք է գրավել։ Հայաստանի տարածքում հակառակորդը նոր սահման չի հատել, ասացին նախարարությունից։ Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում գերեվարված 6 զինծառայողներին, ապա նրանց վերադարձնելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, 3 օր անց, սակայն, նորություն դեռ չկա։

Ավելի քան 50 ժամ է անցել ադրբեջանցիներին տրված 1 ժամից։ Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հենց այդքան՝ 1 ժամ էր տվել Ադրբեջանին՝ գերեվարված 6 զինծառայողներին վերադարձնելու համար։ 1 ժամը լրանալուց հետո հայկական կողմը համապատասխան գործողությունների չի գնացել, որովհետև ռուս գործընկերներն են միջամտել՝ բանակցում են Բաքվի հետ գերիներին վերադարձնելու համար։ «Եթե հակառակորդը մեր պայմանները չկատարի, մշակվում են համապատասխան պլաններ», - օրեր առաջ կայացած ասուլիսում ասել էր Գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Գերիների խնդրին այսօր նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է անդրադարձել, ով հանդիպումներ է ունենում մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում. «Ինտենսիվ բանակցություններ են գնում մեր գերեվարվածներին… շատ կարևոր արձանագրում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ արձանագրված է բոլոր գերիների վերադարձնելու անհրաժեշտությունը»:

Մայիսի 12-ից առնվազն երեք ուղղություններով Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցիները չեն հեռանում, նրանք փաստացի ամրացել են մի քանի կիլոմետր խորության վրա, Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերի սահմաններին պարբերաբար միջադեպեր են գրանցվում, դրանց հետևանքով հայկական կողմը մեկ զոհ և վեց գերի ունի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG