Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար. Սամվել Բաբայան 


Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է Ադրբեջանին իր կողմը քաշելու համար, այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը հրաժարվում էր աջակցել Հայաստանին անգամ 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ռուսաստանն օգտագործում է Հայաստանը Ադրբեջանին իր կողմ քաշելու համար, որպես գերտերություն իրեն պետք է ամբողջ Կովկասը, Южный Кавказ-ն իր տիրության տակ լինի, ու հայերը, այսպես ասենք, իմն են արդեն վաղուց, հա՞, որովհետև քաղաքական դաշտի 90 տոկոսից ավելին ասում ենք` էսա ռուսը մեզ փրկում է, մենք կարանք դրոշները սահմանում տնկենք, սպասենք, ամեն ինչ լավ կլինի»:

«Ազատություն» - Մեր շահերի, մեր տարածքների հաշվին Ադրբեջանին ՀԱ՞ՊԿ, Ե՞ՏՄ:

Սամվել Բաբայան - Այո, ես չեմ թաքցրել, բազմիցս` արդեն 2-3 տեղ հայտարարել եմ, այսօր էլ եմ կրկնում և այն ժամանակ էլ եմ կրկնել, եթե հիշեք իմ հայտարարությունը:

«Ազատություն» - Պատերազմի՞ ժամանակ:

Սամվել Բաբայան - Պատերազմի ժամանակ, և երբ որ ձայնագրություններ դրեցին, որ ես ասի, որ մենք որևիցե փաստաթուղթ չպետք է ստորագրենք, պետք է դուրս գանք ամբողջովին Ղարաբաղից թե՜ զորքը, թե՜ ժողովուրդը, թող գա պահի, եթե մեզ ուզում են օգտագործեն, իրենց հարցերը լուծեն, մենք էլ մեր քայլն անենք: Ոմանք լավ չընկալեցին: Այսօր նորից եմ ասում. սա շարունակվում է արդեն փոքր մասշտաբներով, իհարկե չեն կարող, Հայաստանը ճանաչված երկիր է, իր սահմաններում ասենք, փոքր գծերով փորձում են իրենց խնդիրները լուծել: Եթե Ռուսաստանը ցանկանա, ոնց որ Դուք եք ասում, ОДКБ ենք դիմել, ի՞նչ ОДКБ, Ռուսաստանն է էլի, ОДКБ-ն ո՞րն է, ցանկանա այդ խնդիրը լուծել, րոպեներ էլ չի տևի, Ադրբեջանից թոզն էլ չի մնա: Այսինքն` ինքը, մեր հաշվին զիջումներ անելով, համբերությամբ լցվելով, Ադրբեջանի հետ լուծում է իր խնդիրները: Դա փաստ է:

«Ազատություն» - Հետաքրքիր հայտարարություն արեցիք, ասացիք` նույնը պատերազմի ժամանակ էր: Եթե նույնը պատերազմի ժամանակ էր, և Ռուսաստանի շահերից էին բխում Ադրբեջանի գործողությունները, քայլերը, հաջողությունները, մենք, հետևաբար, չե՞նք կարող բացառել, որ Ռուսաստանը նաև անուղղակի աջակցություն էր ցուցաբերում Ադրբեջանին հենց պատերազմի ժամանակ, ասենք՝ ինչ-որ տվյալներ էր հայտնում:

Սամվել Բաբայան - Իմաստ չուներ, այդ տվյալներն Ադրբեջանը առանց Ռուսաստանի հայտնելու էլ ուներ, իրեն պետք էր ուղղակի չմասնակցի, դեր չստանձնի, ինչն էլ որ եղել է: Բայց ուզում եմ նշել, որ մենք, օրինակ, հայերս ընդհանրապես ասում ենք` դա Ռուսաստանի կողմից դավաճանություն է, Ռուսաստանը սենց արեց: Ես տենց չեմ ընդունում, դավաճանները դուք եք բոլորդ ազգովին, որ չեք պատրաստվել այդ պատերազմին:

«Ազատություն» - Ուզում եք ասել` Ռուսաստանն ընդամենը իր շահե՞րն էր պաշտպանում:

Սամվել Բաբայան- Իհարկե, ինքը միշտ էլ պաշտպանել է ու չի էլ թաքցրել:

«Ազատություն» - Եվ տարօրինակ կլինի, որ չպաշտպանի:

Սամվել Բաբայան- Դե իհարկե:

20-30 տարեկանների եռամսյակային հավաքներ են անհրաժեշտ. Բաբայան

Ադրբեջանական զինված ուժերը մոտ քսան օր է` առնվազն երեք ուղղություններով ներխուժել են Հայաստանի տարածք: Հայաստանը դիմել է դաշնակից համարվող Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին, սակայն գործնական որևէ աջակցություն այդպես էլ չստացվեց։ Մայիսի 27-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հրապարակային առաջակությամբ հանդես եկավ՝ Սոթքից մինչև Խոզնավար տեղակայել ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների դիտորդների։

Սամվել Բաբայան - Ի՞նչ պետք է անենք մենք` իմ կարծիքով, ես առաջարկել եմ և հիմա կարող եմ արդեն բարձրաձայնել, եռամսյակային հավաք պետք է անցկացնել 20 տարեկանից մինչև 30 տարեկանը: Դրանով իսկ մի ամիս պարապմունք անցկացնեն, երկու ամիս դիրքեր պահեն ու գնան տուն և այդպես շարունակ: Ամեն 3 ամսվա մեջ, դա չես կարա, մեծ քանակ է դառնում: Ամբողջ 3 ամսվա մեջ, տարին 4 անգամ կարող եք այդ հավաքն անել, ամեն տարի 4 անգամը 20 հազարով ավելի մարդ կարող եք բերել և մի ամիս պատրաստականությունն անցնեն, կրակային պատրաստվեն, երկու ամիս դիրք պահեն և դուրս գան, քանի որ բոլոր քաղաքական ուժերը և գործող իշխանությունն անընդհատ խոսում են անցնել պրոֆեսիոնալ բանակի, պրոֆեսիոնալ բանակը 45-50 տարեկաններին ե՞նք հավաքելու, չէ չէ՞, 20-30 տարեկանը: Դրանով իսկ այդ պատրաստականությունն անցնելուց այդ սերուցքը կընտրվի, կկազմակերպվի ու մյուս կողմում արդեն 6 ամսվա պատրաստականություն էլ կանցնեն, արդեն պրոֆեսիոնալ բանակ, այսինքն` մի խնդիրը այսօրվա, այս պահի կլուծվի, այո, երկրորդը ապագա պրոֆեսիոնալ բանակի հիմքերն էլ հիմիկվանից դրեք:

«Ազատություն» - Ասացիք` առաջարկել եք Փաշինյանի կառավարությանը, պատասխան ունե՞ք:

Սամվել Բաբայան - Գլխավոր շտաբին է ուղարկված, ինչ կորոշեն, դա իրենց խնդիրն է, բայց այն, ինչ առաջարկ անում ենք, ուզում եմ դա շեշտել անպայման, դա անբեկանելի է, ուզենք-չուզենք այդ ճանապարհը պիտի անցնենք:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG