Մատչելիության հղումներ

Ըստ իշխանական պատգամավորի՝ «Ադրբեջանը հերթական կեղծ  մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք»


Հայաստանի երկու քաղաքացիների՝ Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի նկատմամբ անհիմն դատավարական գործընթացը, որը մեկնարկել է Բաքվի դատարանում, ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի ոտնահարման հերթական կոպտագույն դրսևորում, ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։

Պատգամավորն վերահաստատել է՝ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այս հարցի առնչությամբ շարունակում է մնալ նույնը նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության դրույթների կատարման, այդ թվում՝ գերիների և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց անվտանգ հայրենադարձման և հակամարտության գոտում կայունության և խաղաղության հաստատմանն առնչվող հարցերի շուրջ:

«Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մեր գերեվարված քաղաքացիները նախ և առաջ պաշտպանված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Ժնևի 3-րդ կոնվենցիայի դրույթներով ավելին՝ գերեվարված մեր հայրենակիցների նկատմամբ որևէ ոտնձգություն արդեն իսկ հարվածի տակ է դնում և խաթարում է եռակողմ հայտարարության մեջ արձանագրված պայմանավորվածությունների իրականացումը: Փաստացիորեն, չնայած մեր բազմաթիվ պնդումների, չնայած միջազգային կառույցների արձագանքի՝ Ադրբեջանը շարունակում է ոտնահարել մարդու իրավունքները և այժմ էլ հերթական կեղծ մեղադրանքներով փորձում է ձգձգել մեր քաղաքացիների վերադարձը հայրենիք», - գրել է Բաղդասարյանը:

Ալյոշա Խոսրովյանի և Լյուդվիգ Մկրտչյանի ձերբակալվել են ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում: Ադրբեջանի իրավապահները պնդում են, որ 90-ականներին՝ ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած ժամանակահատվածում նրանք ադրբեջանցի ժողովրդի դեմ ծանր հանցանքներ են գործել։

Հայկական կողմի տարբեր տվյալներով` այսօր Ադրբեջանի տարածքում կա շուրջ 200 հայ ռազմագերի։ Մինչ այժմ Հայաստան է վերադարձվել 72-ը, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Ադրբեջանը հաստատել է 72 հոգու գերեվարման փաստը, ընդ որում՝ պնդելով, թե նրանցից 56-ը, որոնք Խծաբերդում գերեվարված պահեստազորայիններն են, ոչ թե ռազմագերիներ են, այլ «ահաբեկիչներ և դիվերսանտներ»:

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

XS
SM
MD
LG