Մատչելիության հղումներ

Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, պնդում է ԱԳՆ խոսնակը


Հայաստանը ամբողջությամբ կատարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 8-րդ կետով ստանձնած իր պարտավորությունները և վերադարձրել ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ 2014թ. անչափահասի սպանության համար դատապարտված երկու անձանց: Այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Ադրբեջանի վրա տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների օրեցօր աճող ճնշումը ցույց է տալիս, որ ձևավորվում է միջազգային հանրության կոնսենսուս հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց շուտափույթ հայրենադարձման վերաբերյալ՝ միջազգային հումանիտար իրավունքի պահանջներին համաձայն», - նշել է ԱԳՆ խոսնակը` անդրադառնալով գերիների խնդրի վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը և միջազգային գործընկերների արձագանքներին, ինչպես նաև հարցադրմանը, թե որոշ հայտարարություններում հնչում է բոլոր կողմերից գերիների ազատ արձակման կոչ, կա՞ն արդյոք Հայաստանում ադրբեջանցի ռազմագերիներ կամ այլ ձերբակալվածներ:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հայտարարություններին` արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած անձանց և ականապատման մասին տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ, ապա Աննա Նաղդալյանն ասել է. «Գերիների ազատ արձակման հարցում օրեցօր ուժեղացող միջազգային ճնշման լույսի ներքո Ադրբեջանը փորձում է առաջ քաշել կեղծ օրակարգեր՝ արդարացում փնտրելով իր իսկ կողմից ստանձնած մարդասիրական պարտավորությունների չկատարման համար:

Հայաստանը մշտապես պատրաստակամ է համագործակցել միջազգային գործընկերների հետ՝ մարդասիրական բնույթի խնդիրների լուծման ուղղությամբ»:

Ադրբեջանից Հայաստան վերադարձած գերիների թիվը 72 է, նաև Բեյրութ է վերադարձել մի լիբանանահայ կին։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում դեռ շուրջ 200 հայ ռազմագերի ու քաղաքացիական անձ է պահվում անազատության մեջ։ Պաշտոնական Բաքուն ասում է, որ Ադրբեջանում մնացել է 59 հայ գերի, ում Բաքուն ռազմագերի չի համարում և պատրաստվում է դատել։ Ադրբեջան վերադարձած անձանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու Դիլհամ Ասկերովը։

Հիշեցնենք նաև, որ համատեղ հայտարարության 8-րդ կետում նշվում է. «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում»:

XS
SM
MD
LG