Մատչելիության հղումներ

500-ից 600 ադրբեջանցիներ դեռևս Հայաստանի տարածքում են, իրադրությունը լարված է մնում, հայտարարեց Փաշինյանը


Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի հատվածներում փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն՝ արձանագրելով՝ դեռևս մոտավորապես 500-600 ադրբեջանցիներ գտնվում են Հայաստանի տարածքում՝ տարբեր հատվածներում:

«Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է՝ մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով՝ մեր խնդիրը հետևյալն է, թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բացառելու համար և հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն Հայաստանի տարածքը», - ասաց Փաշինյանը։

«Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ»

Վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ ահռելի դիվանագիտական աշխատանք է արվել և արվում, ու թերևս սրանով պայմանավորեց Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի բացակայությունը կառավարության այսօրվա նիստից։

«ԱԳՆ մեր բոլոր գործընկերները հենց այս պահին էլ օպերատիվ զբաղվում են այդ աշխատանքով», - ասաց Փաշինյանը՝ արդյունավետ որակելով այս օրերին տարվող դիվանագիտական աշխատանքները։

«Ինչո՞ւ, որովհետև այսօր մեր միջազգային գործընկերների և Հայաստանի դիրքորոշումները նույնական են՝ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը։ Սա մի փաստ է, որը աշխատանքային մակարդակում արձանագրված, է և ես ուզում եմ, որ մենք սա արձանագրենք նաև հրապարակային», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ - « Բայց, բնականաբար, սա չանելու համար Ադրբեջանն օգտագործում է որոշակի գործողություններ, լծակներ և Հայաստանում ունի անսպասելի, կամ հիմա կարող ենք ասել, որ ունի շատ սպասելի դաշնակիցներ։ Ժամանակակից աշխարհում տեղեկատվական պայքարը երբեմն ավելի կարևոր է լինում, քան բուն դաշտում տեղի ունեցողը, և կրկին ուզում եմ ասել, որ չեմ խուսափի այդ բառից՝ Ադրբեջանը Հայաստանի քաղաքական վերնախավում ունի տեղեկատվական պայքարի գործակալներ։ Ընդ որում, այդ մարդկանց գործունեությունը նոր չի, և էդ մարդիկ նախ 2020-ին Ադրբեջանին հրավիրում էին հարձակվել Հայաստանի վրա՝ հրապարակային, բաց, էդ մարդիկ վերջերս ԱԺ-ում, ամենատարբեր տեղերում ցույց էին տալիս այն արահետները, որոնցով կարելի է հնարավորինս ապահով հատել Հայաստանի սահմանը, հիմա այդ մարդիկ Ադրբեջանին աջակցում են, որպեսզի այն դիվանագիտական աշխատանքը, որ անում ենք, և այն դիվանագիտական արձանագրումները, որ տեղի են ունեցել, ահա դրանք իրագործելուց խուսափելու հնարավորություն ունենա, և հերթական անգամ հյուսվում է Հայաստանի կառավարության կողմից գծագրվող դավադրությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության»։

«Եթե Ադրբեջանը պայմանավորվածություններն իրագործի, ես այդ թուղթը ստորագրելու եմ»

Անդրադառնալով համացանցում հաճախ հայտնվող աշխատանքային թղթերին՝ ոչ պաշտոնական խողովակներով տարածվող, Փաշինյանը մտահոգություն հայտնեց, որ դրանք կարող են տացված լինել Ադրբեջանից։

«Ես ինչքան վերլուծում եմ՝ որտեղի՞ց կարող են ստանալ, դա Ադրբեջանն է, որովհետև եռակողմ խոսակցություն է գնում՝ Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան, և ինչքան վերլուծում եմ, ես հասկանում եմ, որ նրանք այդ թղթերը ստանում են Ադրբեջանից։ Եվ այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված՝ նախնական համաձայնություններ, այդ լուծումները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի Հանրապետության շահերին, ոչ թե 99,9, այլ 100 տոկոսով, և եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ որ խոսել ենք, այո՛, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է ՀՀ շահերին։ Ես այդ թուղթը չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ», - ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր մայիսի 19-ին, սակայն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

XS
SM
MD
LG