Մատչելիության հղումներ

Ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր․ Հարությունյանը՝ Շոյգուին


Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանն ու Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն երեկ երեկոյան հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը։

Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, Վաղարշակ Հարությունյանը ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի սադրանքների արդյունքում ստեղծված իրադրությունը և հայկական կողմի գործողությունները։

Երկուստեք կարևորվել է խնդրի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։

Նշելով, որ ոտնձգությունները Հայաստանի ինքնիշխան տարածքների հանդեպ բացարձակ անընդունելի են, Հայաստանի ռազմական գերատեսչության ղեկավարի պաշտոնակատարը շեշտել է՝ ադրբեջանցի զինվորականները պարտավոր են վերադառնալ ելման դիրքեր։

Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության ընթացքը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք այլ հարցեր։

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»։

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում, որոնց հերթական փուլը նախատեսված էր մայիսի 19-ին, սակայն Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։

XS
SM
MD
LG