Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքն իրականում տեղի է ունեցել մայիսի 17-ին, հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում:
Միջադեպի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն:
«Պաշտպանության նախարարությունը հետամուտ է լինելու բոլոր հանգամանքների բացահայտմանը և համապատասխան իրավական հետևանքների կիրառմանը», - ասված է հաղորդագրությունում:
Հիշյալ տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ադրբեջանցի մի քանի տասնյակ զինվորականներ քաշքշելով, հարվածելով դուրս մղում մի քանի հայ զինծառայողների ինչ-որ տարածքից՝ հայտարարելով, թե դա իրենց հողն է, միջադեպի ընթացքում հրազեն չի կիրառվում։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից «Ազատությանը» հաստատել էին, որ երկուշաբթի օրը հայ և ադրբեջանցի զինվորների միջև միջադեպ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: ՊՆ-ից հավելել էին, որ ամեն ինչ հարթվել է առանց լուրջ հետևանքների:
Նշենք, որ Գեղարքունիքի մարզը գտնվում է Հայաստանի արևելքում: