Մատչելիության հղումներ

Սև լիճ. զբոսաշրջային ուղղությունը ռազմականացված գոտու է վերածվում


Սև լճի ափին վրանային վերջին ճամբարն է, վերջին գիշերակացը նախորդ տարվա ամռանը. սա այն ժամանակ էր, երբ Սև լիճն ու Իշխանասարը Հայաստանի ու Արցախի՝ Լաչինի սահմանին էին: Հիմա տեղանքը հայ-ադրբեջանական թեժ ու դեռ չորոշված գոտի է:

«Բնականաբար, ինքը արշավային, տուրիստական երթուղիներից հաստատ դուրս կգա, ինքը սահմանամերձ գոտի է, դրա մասին մոռանալ կարելի է: Եթե հովիվները կարողանան օգտվել` անասուններն այնտեղից ջուր խմեն, էլի կարելի է համարել, որ լավ է իրավիճակը», - ասում է Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը:

Խորհրդային Միության գլխավոր շտաբի ռազմական քարտեզներում հայ-ադրբեջանական բաժանարար գիծն անցնում է Իշխանասարի գագաթով ու լճի հյուսիսային մասից մի կտոր էլ կտրում, Ադրբեջանին է տալիս` Սև լճի շուրջ 25 տոկոսը. «Սա 1973 թվի սովետական գենշտաբի քարտեզ է, Մեծ Իշխանասար որ գրած է, եռանկյունին որ նշված է, գագաթը դա է, այսինքն` սահմանը գալիս է գագաթով ու գնում է դեպի Փոքր Իշխանասար: Փոքր Իշխանասարի գագաթից էլ ուղիղ դրել, կիսել են, այսինքն` լիճը չեն կիսել, լճի մոտ 20-30 տոկոսն անցել է Ադրբեջանի կողմ, մեծ մասը` մեր կողմ»:

Սև լճի՝ Ղարագյոլի պատկանելության հարցին վերջին օրերին ակտիվ անդրադառնում են ադրբեջանական աղբյուրները. այդ երկրի աշխարհագրության ինստիտուտի ներակայացուցիչ Զիյադդին Ագաևն, օրինակ, հորդորում է տասնամյակների վաղեմության քարտեզները հիմք չընդունել սահմաններ գծելիս, որովհետև ասում է՝ լեռնային լճերը, նրանց ափերը տարիների ընթացքում կարող են փոփոխվել: Հայտնի է, սակայն, որ ադրբեջանական կողմն էլ Հայաստանի պետական սահմանի խախտումը հիմնավորում է քարտեզներով, ըստ հայկական կողմի՝ կեղծ քարտեզներով։

Հայկական աշխարհագրական նախագծի ղեկավար Տիգրան Վարագը շեշտում է՝ Սև լիճն իր ափերով լեռների մեջ է, ջուրը գնալու տեղ չունի, լճի սահմաններն անփոփոխ են. «Քանի որ լիճը գոգավորության մեջ է առաջացել, այսինքն` կողքն էլ ուրիշ գոգավորություն չկա, որ ջուրը գնա, լցվի այնտեղ, սահմանները տեղաշարժվեն և այլն, միայն խնդիր այն կարող է առաջանել, որ մի տարի շատ է ջուրը, մի տարի` մի քիչ ավելի քիչ, բայց այնտեղ մի քանի մետրի տարբերություն է լինելու: Ինձ թվում է` դրանից սահմանները չեն փոխվելու»:

Նույնն է պնդում Յուրի Ջավադյանը: Նա Խորհրդային Հայաստանի ջրային տնտեսության և մելիորացիայի նախարարն էր, լճից դեպի հարակից 7 համայնքներ խմելու ու ոռոգման համակարգեր իր ղեկավարությամբ են կառուցվել։ Ջավադյանը շեշտում է` սովետի տարիներին, թեպետ, լճի մի փոքր կտոր Ադրբեջանինն էր, հայկական կողմը լիճը մաքուր պահելու համար փորձում էր թույլ չտալ, որ ադրբեջանցի հովիվները իրենց հոտը ջրին մոտեցնեն. «Խորհրդային տարիներին իրենք ոչխարը բերում էին, արածացնում էին այնտեղ, բերում, լվացնում էին, և ջուր էին խմում այնտեղ, մենք պոստ դրեցինք, արգելեցինք, որ այլևս այդտեղ ոչխար չբերեն, լողացնեն, ոչ էլ ջուր խմացնեն»:

Ադրբեջանական կողմը 1987թ. նոյեմբերի 17-ին Ադրբեջանի մինիստրների սովետի որոշումն է վկայակոչում՝ հիմնավորելու, թե լիճն ամբողջությամբ ադրբեջանական է: Այդ որոշմամբ ստեղծվում է Ղարա գյոլի պետական արգելոցը։ Նման մի որոշում էլ Հայաստանի մինիստրների սովետն ունի, ֆեյսբուքյան գրառմամբ շեշտում է բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը.- «Այդ ժամանակ ստեղծվել է Սև լիճ-Գարագյոլ միջհանրապետական արգելոցը, և նման մի որոշում ստորագրվել է նաև Հայաստանի մինիստրների սովետի կողմից։ Արգելոցը գտնվում էր Հայկական ՍՍՀ Գորիսի և Ադրբեջանական ՍՍՀ Լաչինի շրջաններում, ընդ որում լճի միայն հյուսիս-արևելյան մի փոքր մասն էր, որ գտնվում էր սահմանից այն կողմ, իսկ արգելոցը պահպանվել է Հայաստանի կողմից, և աշխատակիցները միշտ եղել են հայաստանցիներ։ Սա նշանակում է, որ Սև լիճը որևէ կերպ, որևէ հիմնավորմամբ, որևէ քարտեզով, որևէ ժամանակաշրջանում չի եղել ու չի կարող լինել Ադրբեջանի կազմում»։

Էրիկ Գրիգորյանն այս գրառմանը կցել է նաև «ԽՍՍՀ արգելոցները» վերնագրով գրքի՝ Սև լճի հատվածը: Այստեղ նշված է՝ «Միջհանրապետական արգելոց Սև լիճ-Ղարագյոլ հայ ադրբեջանական սահմանին»։ Արգելավայրն այժմ ռազմականացված գոտու է վերածվում. ադրբեջանցիները լճին հարակից բարձունքներում են:

«Եթե մենք ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ Սև լիճը գտնվում է Հայաստանի Հանրապետության հարավային հատվածի ամենանեղ հատվածում, որտեղ Հայաստանի արևելյան և արևմտյան սահմանների միջև հեռավորությունն ամենաքիչն է՝ բոլոր տեղանքներից», - օրերս բացատրել էր Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի քարտեզի վրա այս հատվածը Սյունիքը ուղիղ կտրող ամենանեղ գիծն է: Յուրի Ջավադյանի խոսքով՝ եթե ադրբեջանցիները հետ քաշվեն ու տեղակայվեն լճի իրենց պատկանող ափին, իսկ հայկական կողմը տեղակայվի հայկական ափերին, որևէ խնդիր չպետք է լինի, հարցն այն է, թե ով է նստելու Իշխանասարի գլխին՝ այնտեղ դեռ ձյուն է. «Իշխանասարի վրա հանկարծ իրենք պոստ դնեն, ափի մեջ կլինի ամբողջ Գորիս, Կապան, Տաթև, Սիսիան»:

XS
SM
MD
LG