Նա մեզ տրամադրեց խորհրդային Միության Գլխավոր շտաբի ռազմական քարտեզը, որ կազմվել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Ի դեպ, փոխվարչապետ Ավինյանը ավելի վաղ «Ազատությանն» ասել էր, որ սահմանային ճշտումներ արվում են խորհրդային ռազմական քարտեզների տրամաբանությամբ։
«Ըստ այդ Գլխավոր շտաբի քարտեզի, Սև լիճը, որ բաղկացած է երկու լճերից՝ մեծ և փոքր, մեծ լճի մոտ 85 տոկոսը գտնվում է Հայաստանի տարածքում, իսկ փոքր լիճը ամբողջովին գտնվում է Հայաստանի տարածքում», - նշեց Վիրաբյանը։
Ռազմական այս քարտեզը Մոսկվան Ազգային արխիվի նախկին տնօրեն Ամատունի Վիրաբյանին է տրամադրել 2004 թվականին։ Սոթքի ոսկու հանքի օտարերկրացի շահագործողները ցանկացել էին հայ ադրբեջանական սահմանի վերաբերյալ ճշգրիտ տեղեկություն, և այդ ժամանակ էլ մոսկովյան արխիվից ուղարկել էին այս մանրամասն քարտեզը, որտեղ Գորիսի տարածաշրջանն առանձին է ներկայացված։
Ադրբեջանական կողմն այժմ վերցրել է Սև լիճը և կիլոմետրերով խորացել դեպի հայկական տարածքներ։ Այնինչ Սև լճի հյուսիսային հատվածում մի փոքր կտոր է իրենց տարածքում։
Ինչո՞ւ է Խորհրդային Միությունը լիճը բաժանել․ որպեսզի այդ ջրից եղբայրական Ադրբեջանի ոչխարներն ու կովերն էլ օգտվեն։
«Քանի որ մի պետություն է եղել, նաև էդտեղ ամառային արոտավայրեր են, որպեսզի օգտվեն նաև Ադրբեջանի կողմի կենդանիները, մարդիկ և այլն», - ասաց Վիրաբյանը։
Պատմական գիտությունների թեկնածու Համո Սուքիասյանը նույնպես շեշտում է, որ Խորհրդային Միությունը սահմանանշման ժամանակ տնտեսական հարցերը շատ էին կարևորում․ - «Մի կողմից հայկական, մյուս կողմից ադրբեջանական հոտաղները երբ որ իրենց անասունները պիտի բարձրացնեն լեռան գագաթը, ջրով ապահովելու խնդիրը նաև պիտի կարողանային լուծել»։
Սուքիասյանը «Հայկական տարածքների բռնակցումը Թուրքիայի և Խորհրդային Ադրբեջանին 1920-30-ական թվականներին» աշխատության հեղինակներից է։ Նրա ձեռքի տակ 1927 թվականի քարտեզն է, և այստեղ էլ լիճը (Կարագյոլ է գրված) Ադրբեջանում չէ, միայն մի կտորը՝ անասունների ծարավը հագեցնելու համար։
«Սև լիճը բաժանված է Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև, և պարզ նկատելի է, որ լճի առնվազն երկու երրորդը Խորհրդային Հայաստանի սահմաններում է գտնվում։ Նույն իրավիճակը մենք կարող ենք տեսնել նաև հաջորդ տարիներին՝ 1930-ականներին կամ 60-70-ականների քարտեզներում։ Եվ կարող ենք արձանագրել, որ 20-ականներից հետո Սև լճի շրջանում սահմանագիծը՝ որպես էդպիսին, էական փոփոխությունների չի կրել», - նշեց պատմաբանը։
Ադրբեջանցիները Սև լճի տարածքը շրջափակել են և, ինչպես այսօր վարչապետի պաշտոնակատարը նշեց, ունեն կեղծ քարտեզներ։
Պատմաբանին կեղծ քարտեզների գոյությունը չի զարմացնում․ - «Մեկ դեպք է, որ պաշտոնական քարտեզները հրատարակվել են խորհրդային տարիներին, մեկ դեպք է այսօր պատրաստված քարտեզները։ Բացառված չէ, որ դրանք լինել այս օրերին, այսինքն՝ , 1990-ականներին կամ 2000-ականներին, նույնիսկ 2021-ին պատրաստված ինչ-որ քարտեզ լինի»։
Համո Սուքիասյանը շեշտում է, որ Սյունիքիում ծագող սահմանային խնդիրները հարևան Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների հետևանք են։