Մատչելիության հղումներ

Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության աճի միտում. Փաշինյան 


Հայաստանի տարածք ադրբեջանական զինուժի ներխուժման վեցերորդ օրը, երբ Երևանի ռազմավարական դաշնակից համարվող Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը դեռ շարունակում են ձեռնպահ մնալ դաշնագրերով նախատեսված գործողություններից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ «հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության եւ ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում»:

Հայաստանի կառավարության ղեկավարը նման գրառմամբ է հանդես եկել Ֆեյսբույքի իր էջում՝ առավոտյան կայացած Անվտնագության խորհրդի նիստից հետո՝ հավելելով, որ «բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը»։

Պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանական բանակն «ուղղակի զբաղեցնում է իր դիրքերը»:

Մայիսի 12-ից ի վեր, երբ հայտարարվեց երեք՝ Սև լճի, Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով ադրբեջանակյան զինուժի ներխուժման և փաստացի դիրքավորման մասին, Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի արդեն չորորդ նիստն է գումարվում։

«Սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ», - ԱԽ այսօրվա նիստին հայտարարեց Փաշինյանը՝ նշելով․ - «Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել ՀԱՊԿ մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ»։

Վարչապետի պաշտոնակատարը դեռ հինգշաբթի՝ մայիսի 13-ի երեկոյան հայտարարեց Ռուսաստանի առաջնորդած ռազմաքաղաքական դաշինքին՝ ՀԱՊԿ-ին դիմելու մասին, իսկ հաջորդ օրը պաշտոնական նամակներով դիմեց դաշինքի անդամ մյուս պետությունների ղեկավարներին և ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին՝ առաջացած սպառնալիքի վերացման նպատակով արտակարգ խորհրդատվություններ անհապաղ սկսելու համար:

ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ առայժմ հայտնի չէ, թե երբ են սկսվելու խորհրդատվությունները՝ առաջարկելով իր հետ կապվել վաղը։

«Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը», - հավաստիացրեց վարչապետի պաշտոնակատարը:

Ըստ Փաշինյանի, բավականին երկար ժամանակ Հայաստանում զարգացվում է Ադրբեջանի նախագահի հնչեցրած «Զանգեզուրի միջանցք» թեզը․ - «Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու»:

Հաջորդ խնդիրը, վարչապետի պաշտոնակատարի խոսքով, հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման գործընթացն է․ - «Սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով»։

Հարց է առաջանում՝ եթե Հայաստանի կառավարության ղեկավարը բարձրաձայնում է «Զանգեզուրի միջանցքի» և հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման մասին, արդյո՞ք սրանք են Ադրբեջանի պահանջները, և նման կերպ խախտելով Հայաստանի սահմանները, Բաքուն ձգտում է զիջումներ կորզել Երևանից, կրկնենք՝ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի փաստացի անգործության պայմաններում։

«Հետագա անելիքների մասին. երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար: Մենք պետք է գործարկենք և քաղաքական միջոցներով կարողանանք հասնել մեր խնդրի լուծմանը: Եվ եթե այսպիսի արդյունքի հնարավոր չլինի հասնել, այդ դեպքում նույն տրամաբանության մեջ պետք է գործի դրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները»:

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից։

Կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG