Բաքուն առայժմ որևէ կերպ չի արձագանքում և չի մեկնաբանում Հայաստանի պետական սահմանը անցնելու՝ հայկական կողմի մեղադրանքները։
Ադրբեջանի սահմանային ծառայությունը ո՛չ երեկ, ո՛չ այսօր Սյունիքի հետ սահմանակից շրջանների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, թե փորձել է կապ հաստատել պաշտոնյաների հետ, սակայն փորձերն արդյունք չեն տվել։
Երկրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի պետական սահմանը և մոտ 3.5կմ առաջ անցել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն Անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է գումարում այս հարցով․ երեկ նա նիստում հայտարարել էր, թե հայկական կողմը չի կարող հաշտվել այս իրավիճակի հետ՝ չբացառելով, որ դիվանագիտական ճանապարհից բացի կարող են գործի դրվել նաև այլ լուծումներ։