Մատչելիության հղումներ

Սև լճի հատվածում իրադրությունը շարունակում է մնալ նույնը․ այսօր ԱԽ նիստ կգումարվի


Երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը, այսօր կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, այնտեղ են նաև մեծ թվով հայ զինվորներ։ Վարչապետի պաշտոնակատարի փոխանցմամբ, իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա, երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

Փաշինյանը տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք որակեց. - «Նրանք ունեն կեղծ քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմանից ներս, այդ քարտեզները կեղծված են և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակներում հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ»։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորեց այն հարցը, թե ինչպե՞ս է հնարավոր եղել, որ ադրբեջանցի զինվորները հատեն և միջդիրքային տարածքներով հասնեն Սև լիճ։ «Դա առանձին քննարկման խնդիր է, անպայման կդիտարկվի», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվել, հայտարարեց վարչապետի պաշտոնակատարը՝ նշելով․ - «Գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ։ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի, և Ադրբեջանի զինված ուժերը պետք է ետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»։

Փաշինյանը տեղեկացրեց, որ այսօր կառավարության նիստից հետո Անվտանգության խորհրդի նիստ կգումարվի, կքննարկեն իրադրությունը, երեկվանից տեղի ունեցած զարգացումները, կկայացվեն որոշումներ իրադրության հետագա կառավարումը ապահովելու վերաբերյալ։

Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Դեռ երեկ՝ օրվա առաջին կեսին, Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում՝ տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ՝ ճգնաժամային։

XS
SM
MD
LG