Ադրբեջանական զինվորականների անօրինական ներկայությունը Սև լճի տարածքում ու դրանից ներս կոպտորեն խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանային բնակիչների իրավունքները և հաստատում Սյունիքի շուրջ անվտանգության գոտու բացարձակ անհրաժեշտությունը: Այս մասին երեկ երեկոյան իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի այսօրվա ուսումնասիրությունները հաստատում են, որ Սև լճին հարակից վայրերն անփոխարինելի նշանակություն ունեն սահմանային բնակավայրերի բնակիչների կենսական կարիքների համար: Այդ տարածքներն օգտագործվում են՝ որպես արոտավայրեր, ինչպես նաև այդ վայրերից են գոյանում հարակից համայնքների խմելու և ոռոգման ջրային պաշարները» , - գրել է Թաթոյանը՝ շարունակելով․ - «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը վճռականորեն արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները կոպտորեն խախտում են ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները, ունեն նրանց ահաբեկելու նպատակ: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը զրկում է ՀՀ քաղաքացիներին իրենց ընտանիքների եկամտի միակ աղբյուր անասնապահությամբ զբաղվելու, արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից, իրական վտանգ է ստեղծում համայնքների բնակիչների համար ոռոգման ու խմելու ջրի հասանելիության, նրանց կյանքի ու անվտանգության համար»:
«Ադրբեջանական զինվորականների նկարագրված արարքները բացահայտ սադրանք են ՀՀ բնակչության նկատմամբ: Նրանց անօրինական արարքների պատճառով այսօր ողջ օրվա ընթացքում մեծ լարվածություն է առաջացել հայաստանյան հասարակությունում, խաթարվել է մարդկանց հոգեկան անձեռնմխելիությունն ու անդորրը», - ընդգծում է օմբուդսմենը։
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը պատրաստվում է այս հայտարարությունն ուղարկել միջազգային մարմիններին՝ արձանագրումով, թե նկարագրվածը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի մարզի շուրջ պետք է հրատապ կարգով ստեղծվի անվտանգության գոտի:
Ադրբեջանի զինված ուժերը երեկ առավոտյան հատել են Հայաստանի պետական սահմանը և, ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։ Նույն օրը Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ տեղում բանակցություններ են ընթանում, արդյունքների մասին առայժմ չի հաղորդվում։