Իսրայելն այսօր շարունակել է հարվածները պաղեստինյան Գազայի հատվածին, իսկ «Համաս» խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Իսրայելի քաղաքների, այդ թվում՝ Թել Ավիվի ուղղությամբ։
Հրթիռների մի մասը, ճեղքելով Իսրայելի հակաօդային պաշտպանության «երկաթե գմբեթը», որոշ ավերածություններ ու մարդկային կորուստներ են պատճառել։ Իսրայելական կողմը հաղորդում է 7 զոհի ու տասնյակ վիրավորների մասին։ Պաղեստինյան Գազայի հատվածի առողջապահական համակարգի պաշտոնյաները հայտնում են, որ Իսրայելի ավիահարվածներից առնվազն 35 մարդ է սպանվել, այդ թվում՝ 10 երեխա, ավելի քան 200 մարդ վիրավորվել է։
Իսրայելի զինվորականները պնդում են, որ «Համաս»-ի թիրախներին են հարվածել, որոնց արդյունքում երկու տասնյակ զինյալ է սպանվել։
Բռնությունների այս ալիքը ամենաուժեղն է 2014-ից ի վեր, երբ Իսրայելի ու Համասի միջև զինված բախումներ էին տեղի ունեցել։ Միջազգային հանրությունը մտահոգված է, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ Կատաղի բախումներ են սկսվել հրեա և արաբ խառը բնակչություն ունեցող իսրայելական մի շարք քաղաքներում։
Թել Ավիվին մոտ գտնող Լոդ քաղաքում ընդհարումների հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել։ Իսրայելական մամուլը հաղորդում է, որ քաղաքի արաբ բնակչի զոհվելուց հետո հրկիզվել է սինագոգը։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Լոդում արտակարգ դրություն է հայտարարել։
ՄԱԿ-ը, Քաթարը, Եգիպտոսը փորձում են միջնորդել հրադադար հաստատելու համար։ Միացյալ Նահանգները կողմերին կոչ է արել դադարեցնել բռնությունները, դատապարտելով Իսրայելի դեմ հրթիռակոծությունները: Վաշինգտոնը հայտարարել է, որ Իսրայելը ինքնապաշտպանվելու օրինական իրավունք ունի։
Անկարան դատապարտել է Վաշինգտոնի դիրքորոշումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քննարկվել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը։ Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Անկարան ակնկալում է միջազգային հանրության գործողություններ Իսրայելի դեմ։
Ըստ այդ հաղորդագրության՝ Էրդողանը Պուտինին ասել է, որ միջազգային հանրությունը Իսրայելին պետք է զսպվածության դաս տա, և Թուրքիան աշխատում է մոբիլիզացնել միջազգային արձագանքները։ Էրդողանը նաև կոչ է արել միջազգային խաղաղապահներ ուղարկել տարածաշրջան՝ պաղեստինցիներին պաշտպանելու համար։ Նման առաջարկով Թուրքիան հանդես է գալիս 2018 թվականից սկսած։
Ֆրանսիան Իսրայելին կոչ է արել «համաչափ ուժ» կիրառել։
Հակամարտությունը բարդացրել է Իսրայելի հարաբերությունները Արաբական ծոցի երկրների հետ, որոնցից մի քանիսը անցած տարվա ընթացքում նորմալացրել էին հարաբերությունները Թել Ավիվի հետ։ Արաբական Լիգայի երկրները Իսրայելին դատապարտել են Գազայի վրա ոչ թիրախային և անպատասխանատու հարձակումների համար, հայտարարելով, որ անցած շաբաթ Երուսաղեմում վտանգավոր սրացման պատասխանատուն Իսրայելն է։
Իսլամական համագործակցության կազմակերպությունը մայիսի 11-ին արտահերթ հանդիպում է անցկացրել Դուբայում և բռնությունների համար մեղադրել Իսրայելին։ Համաժողովում ընդունված հայտարարությունում Իսլամական համագործակցության կազմակերպությունը դատապարտել է Ալ-Աքսա մզկիթի անձեռնմխելիությունը խախտելու Իսրայելի կողմից շարունակվող գործողությունները, բարբարոս հարձակումները հավատացյալների վրա և այդ տարածքում պաղեստինցիների տեղաշարժի սահմանափակումները։
Այսօրվա ռազմական հակամարտության պատճառը անցած ուրբաթ երեկոյան Արևելյան Երուսաղեմում իրավիճակի սրացումն է։ Իսրայելի անվտանգության ծառայությունները որոշել էին մահմեդականների սրբազան Ռամադան ամսին սահմանփակել հավատացյալների մուտքը Ալ-Աքսա։ Մզկիթի մերձակայքում բախուներ էին սկսվել Իսրայելի ոստիկանության և պաղեստինցիների միջև, որը վերածվել է հրթիռակոծությունների ու ավիահարվածների։
Իսրայելական զորքը այսօր մոտեցել է Գազայի հատվածին, այդ թվում՝ տանկեր, զրահամեքենաներ ու ծանր հրետանի։
Փորձագետները նշում են, որ հակամարտությունում որոշակի դեր են խաղում նաև ներքաղաքական իրավիճակները։ «Համասը» փորձում է օգտագործել հակամարտությունը, ցույց տալու, որ ինքն է պաղեստինցիների միակ պաշտպանը, նսեմացնելով պաղեստինցիների ղեկավար Մահմուդ Աբասի և նրա «Ֆաթահ» կուսակցության դերակատարությունը։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հակամարտությունը հնարավորություն է տալիս իր կողմը գրավել կրոնական և ազգայնական ուժերին, պառակտել ընդդիմադիրներին, որոնք մարտին կայացած ընտրություններից հետո փորձում են կառավարություն ձևավորել առանց նրա։