Մատչելիության հղումներ

Թուրքիան Իսրայելն անվանում է «ահաբեկիչ պետություն»


Թուրքիան Իսրայելին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների համար` պահանջելով դադարեցնել «զարհուրելի և դաժան հարձակումները» պաղեստինցիների դեմ․ երբեմնի ռազմավարական դաշնակիցների հարաբերությունները կրկին սրվել են Երուսաղեմում Իսրայելի ուժայինների և պաղեստինցիների միջև տեղի ունեցած նոր բախումներից հետո։

Վերջին օրերին ոստիկանական գործողությունների արդյունքում ավելի քան 300 պաղեստինցի է վնասվածքներ ստացել։ Իսրայելը հայտնում է 17 վիրավոր ոստիկանի մասին։

«Մենք մահմեդական աշխարհին ասում ենք՝ ժամանակն է դադարեցնել Իսրայելի զարհուրելի և դաժան հարձակումները։ Մարդկությանն ասում ենք՝ ժամանակն է իր տեղը դնել այս ապարտհեյդ պետությունը», - Թվիթերում գրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի ներկայացուցիչ Ֆահրեթին Ալթունը։

Վերջին օրերի բախումներից հետո, որոնք ամենաթեժն են 2017 թվականից ի վեր, նախագահ Էրդողանն անձամբ էր Իսրայելն անվանել «ահաբեկիչ պետություն»։

Այսօր կրկին բախումներ են տեղի ունեցել Իսրայելի ուժայինների և պաղեստինցիների միջև՝ պայմանավորված Երուսաղեմի օրվա տոնակատարությունների անցկացմամբ։ Մայիսի 9-ից 10-ը հրեաները նշում են 1967 թվականի Վեցօրյա պատերազմի արդյունքում մայրաքաղաքի հին հատվածի՝ Իսրայելի վերահսկողության տակ անցնելու օրը։

Ընդհարումները հետևում են արևելյան Երուսաղեմում օրեր առաջ տեղի ունեցած բախումներին, որոնց պատճառը որոշ պաղեստինցի ընտանիքների իրենց տներից հանելու վերաբերյալ Իսրայելի գերագույն դատարանի հնարավոր որոշումն է։ Երկուշաբթի նախատեսված դատավճռի հրապարակումը ժամանակավորապես հետաձգվել է՝ պայմանավորված ներկա ճգնաժամային իրավիճակով։

Թուրքիայի նախագահը կոչ է արել բոլոր մահմեդական երկրներին և միջազգային հանրությանը «արդյունավետ միջոցներ» կիրառել ընդդեմ Իսրայելի, հավելելով, որ նրանք, ովքեր լռում են, «մասնակիցն են այնտեղ տեղի ունեցող դաժանություններին»։

«Դաժան Իսրայելը՝ ահաբեկիչ պետություն, անսիրտ և անբարոյական կերպով հարձակում է գործում մահմեդականների վրա Երուսաղեմում»,- հայտարարել է Էրդողանը` հայտնելով, որ Թուրքիան «գործում է միջազգային կառույցների շրջանակում անհապաղ քայլեր նախաձեռնելու ուղղությամբ»։

«Մենք շարունակելու ենք լինել մեր պաղեստինցի եղբայրների և քույրերի ձայնը և պաշտպանել նրանց իրավունքները», - երկուշաբթի Թվիթերում գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

Նույն օրը Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը ևս պահանջել է «քայլեր ձեռնարկել` դադարեցնելու Իսրայելի երբեք չավարտվող ագրեսիան իրենց սեփական հողի վրա ապրող անզեն քաղաքացիականների դեմ», հավելելով, որ այլապես այդ երկիրը միայնակ է կրելու դրանց պատասխանատվությունը։

Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի պատասխանել այս հայտարարություններին։ Ավելի վաղ երկրի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել էր, որ օրենքն ու կարգուկանոնը պահպանվելու են մայրաքաղաքում։

Մի շարք երկրներ և միջազգային կառույցներ են դատապարտել լարվածության նոր ալիքը Երուսաղեմում, այդ թվում` ՄԱԿ-ը, Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Ռուսաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի հանդիպում է՝ քննարկելու ստեղծված իրավիճակը։

Թեև Թուրքիան և Իսրայելը մի շարք ընդհանուր տնտեսական և տարածաշրջանային զարգացման շահեր ունեն, երկու երկրների հարաբերությունները վերջին տասնամյակում պարբերաբար խորը ճգնաժամի են առերեսվում։ Հիմնական պատճառը Թուրքիայի հանրային աջակցությունն է պաղեստինցիներին։ 2010 թվականին Անկարան հետ կանչեց իր դեսպանին Իսրայելում և վեց տարվա դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո երկրում նոր դեսպան նշանակեց 2016-ին։ Երկու տարի անց դեսպանը կրկին հետ կանչվեց, և միայն նախորդ տարվա դեկտեմբերին Անկարան նոր դեսպան ուղարկեց Երուսաղեմ։

XS
SM
MD
LG