Մատչելիության հղումներ

4 ամսվա գերությունից վերադարձած զինվորը դեռ ի վիճակի չէ վերադառնալ ծառայության, ասում է մայրը


Լուսանկարում Անիչկա Միկոյանն է` Արայիկ Գալստյանի մայրը, արխիվ
Լուսանկարում Անիչկա Միկոյանն է` Արայիկ Գալստյանի մայրը, արխիվ

Երեք ամիս առաջ ադրբեջանական գերությունից վերադարձած շարքային զինծառայող Արայիկ Գալստյանին տեղեկացրել են, որ առաջիկայում պետք է վերադառնա ծառայության։ Մայրը՝ Անիչկա Միկոյանն ասաց, ճիշտ է՝ կոնկրետ ժամկետ չեն նշել, բայց ինքը դեմ է, որ որդին վերադառնա բանակ. ադրբեջանական բանտում 4 ամիս անցկացնելուց հետո դեռևս սթրեսը չհաղթահարած տղան պատրաստ չէ զինվորական ծառայությանը՝ ո՛չ ֆիզիկապես, ո՛չ էլ հոգեպես։

«Արայիկը որ հրազենային վնասվածք ունի, իրա ձախ ոտքի ներվը չի աշխատում, հետո էնտեղ երեխին փոքր զոբ է դուրս եկել գերության մեջ: Երեխու հոգեկանը տեղում չի, ո՞նց կարելի է էտ երեխեքին, քանի ամիս էնտեղ են եղել, չհաշված 40 օր էլ շրջափակման մեջ են եղել: Վախի մեջ, ամեն րոպե վախի մեջ, ո՞նց կարելի է էտ երեխեքին տանել, նրանք չեն կարողանա», - հարցնում է մայրը:

Լոռու մարզի բնակիչ 18-ամյա շարքային զինծառայողը գերությունից վերադառնալուց հետո արդեն երկու ամիս է` վերականգնողական կենտրոնում է։ Մայրն ասում է, որ միայն իր տղային չեն զգուշացրել, նման զգուշացումներ ստացել են նաև նրա հետ գերեվարված և հայրենիք վերադարձած մյուս զինծառայողները։

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի տվյալներով` անցած ամիսներին գերեվարված 3 զինծառայող արդեն վերադարձել է բանակ։ Ասում է՝ ադրբեջանական բանտում գտնվելն արդեն իսկ խոշտանգում է, և զինվորները շարք վերադառնալու փոխարեն պետք է պետության հոգածության տակ երկարատև վերականգնողական բուժում անցնեն. «Օրինակ` տղան, որի մասին ես ասում եմ, շատ բորբոքված էմոցիոնալ վիճակում է, որ իրեն տարել են, ինքն ասում է, որ հրամանատարները, սպաները լքել են իրենց, թողել են մենակ, և իրենք հայտնվել են գերության մեջ: Եվ սա առիթ կարող է լինել, որ նրան հենց ուղարկեն բանակ, որ ինքն այնտեղ չկարողանա, վրեժխնդրության նման մի մոտեցում է սա»:

44-օրյա պատերազմից հետո Ալեքսանյանը հանդիպումներ է ունենում մարտական գործողությունների մասնակցած զինծառայողների հետ։ Կարծում է՝ անգամ նրանք ի վիճակի չեն վերադառնալ բանակ ու շարունակել ծառայությունը, ուր մնաց՝ ռազմագերիները. «Ուղղակի մարդկային մոտեցում է պետք, որը փաստորեն շարունակվում է, ասում եմ, էլի այդ նույն վերաբերմունքը»:

«Զինապարտության մասին» օրենքը չի սահմանում գերությունից հետո զինծառայությունից ազատման հնարավորություն կամ էլ տարկետման իրավունք։ Սա, սակայն, չի նշանակում, որ կառավարությունը չի կարող արագ լուծում տալ այս հարցին, կարծում է տասնամյակներ շարունակ բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանը. «Ես ավելի շատ կապում եմ Պաշտպանության նախարարության համապատասխան մարմինների բռի վերաբերմունքի հետ, անմարդկային վերաբերմունքի հետ: Եթե գերին, որը վերադարձել է, խոշտանգվել է և չի վերականգնվել, որովհետև վիրավոր է, և որովայնի մասում ունի վիրավորում, և ոտքի մեջ ու ուղերում ուն կոտրվածքներ, տարել են բանակ, երկու ամիս էլ չի անցել այդ վերականգնողական կենտրոնից, ես սա համարում եմ անմարդկային վերաբերմունք, և ես պնդում եմ, որ Պաշտպանության նախարարությունը, բազմաթիվ դեպքեր կան, և հիմա շարունակվում է նաև գերիների նկատմամբ, սա արտառոց իրավիճակ է: Օրենք չունեք, օրենք ընդունեք, օրենք չունեք, ուրիշ բան մտախեք»:

Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը ևս զբաղվում է ռազմագերիների հարցերով, առաջիկայում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա։ Զոհրաբյանը կարծում է՝ ադրբեջանական բանտերով անցած զինվորներն անկախ իրենց հոգեկան ու ֆիզիկական վիճակից՝ առնվազն մեկ տարի չպետք է ծառայեն։ Պատգամավորն առաջարկում է, որ մեկ տարի անց մասնագիտական հանձնաժողովը որոշի՝ ունակ է գերությունից վերադարձած զինծառայողը ծառայությունը շարունակելու, թե՝ ոչ. «Օրինակ` նույն Արայիկի դեպքում, ես խոսել եմ հարազատների հետ, հարազատները պնդում են, որ ունի հիշողության հետ կապված խնդիր, որ հոգնում է, չի կարողանում երկար ոտքի վրա կանգնել: Հիմա այդ ի՞նչ գերխնդիր է ռազմագերիներին գերությունից ազատված, դրանով մենք ի՞նչ ենք ուզում ասել, ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել»:

Արցախյան առաջին պատերազմից հետո նախկին ռազմագերիների խնդիրների հարցում մասնագիտացած իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը պնդում է՝ գերեվարված անձինք խոշտանգումների զոհեր են, և եթե անգամ գերությունից վերադառնալուց երեք ամիս անց նրանց որոշում են տանել բանակ, ապա պետք է ծառայությունը առավել մեղմ լինի. «Պետք է նախևառաջ հաշվի առնվեն կոնկրետ այդ անձի` տուժածի ողջ վնասվածի և կտտանքներից հետո կարծիքը և իրավիճակը: Ես ինքս խիստ կասկածով եմ վերաբերվում, որ 3 ամսից հետո Ադրբեջանում ամիսներ գերության մեջ մնացած անձը վերականգնվել է այն աստիճան, որ կարող է գնալ և ամբողջությամբ շարունակել իր ծառայությունը բանակում»:

Ալավերդյանի խոսքով` միջազգային մարդասիրական իրավունքը չի խրախուսում նախկին ռազմագերու արագ վերադարձը զինված ուժեր։ Խրախուսելի է այլընտրանքային ծառայությունը։ Իրավապաշտպանի տարիների փորձը ցույց է տալիս, որ տարիներ անց էլ գերության մեջ եղած մարդիկ չեն հաղթահարում հոգեբանական խնդիրները։

XS
SM
MD
LG