Մատչելիության հղումներ

18-ամյա զինվորը վերադարձավ գերությունից. մայրն աչքալուսանքներ է ընդունում


«Աննկարագրելի բան ա, հուզմունքս, էնքան ուրախացել եմ, էս 4 ամիս ավել է` իմ աչքից մենակ արցունք էր գնում», - պատմում է Արայիկի մայրը:

Երջանկությունից փայլող Անիչկա Միկոյանը աչքալուսանքներ է ստանում որդու՝ ադրբեջանական գերությունից հայրենիք վերադառնալու կապակցությամբ։ Հարևանները մեկը մյուսի հետևից գալիս և հարցուփորձ են անում մորը, կիսում նրա ուրախությունն այնպես, ինչպես կիսել են անցած ամիսներին նրա սպասումն ու տխրությունը։ Արայիկ Գալստյանը և ևս 4 ռազմագերի երեկ ուշ երեկոյան ռուսական կողմի աջակցությամբ Հայաստան վերադարձան. «Աչքդ լիս ըլնի, թող բարով-խերով գա ստի, ուրախանա»:

Անցած 4 ամիսներին 18-ամյա շարքային զինծառայող որդու վերադարձի հույսով ապրող մայրը օրերն էր մթնեցնում` աղոթելով, որ Արայիկն ու մյուս ռազմագերիները օր առաջ տուն վերադառնան։ Վերջին անգամ որդու հետ խոսել էր պատերազմի ընթացքում, հետո կապը կորել էր, և միայն համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից էր իմացել Արայիկի և նրա ընկերների գերեվարման մասին։ Անիչկա Միկոյանի 4-ամսյա տառապանքներին երեկ վերջ դրեց եղբայրը. «Անցյալ օրը եղբայրս զանգեց, որ քուր ջան, ասաց, ասում են` գերիներ են բերում, հնարավոր է` Արայիկենց էլ բերեն, Նարեկի պապան գնացել է օդանավակայան: Վայ, ասացի, չգիտեմ, էսա զանգեմ, զանգեցի, ասացի` Սարո ջան, ինչ-որ ասում են` երեխեքին բերում են հա՞: Ասաց` հա, ես էլ ուզեի, թե աչքալուսանք անեի ձեզ: Էնա էտ մոմենտին էն տղես Երևանից վազեց, ախպերս, լրիվ վազել, գնացել են: Սաղ գիշեր ես հեռախոսը ձեռքիցս չեմ իջացրել, չեմ հասցրել նույնիսկ խոսեմ: Երեխեքը եկան, ասացին` Գալստյան Արայիկ Հրաչյայի, երկրորդ համարն էր արդեն»:

Անորոշությունից ու տառապանքից մի բուռ դարձած մայրն արդեն հասցրել է խոսել Երևանում բուժզննություն անցնող որդու հետ։ Արայիկի ուրախ ձայնն էլ ավելի է ոգևորել մորը. «Մամ ջան, ասի` մեռնեմ կյանքիդ, էտ մարդն ասավ` վայբեր ունենք, մեկ էլ մեր հարևանի տղի վայբերով զանգեցի, լրիվս տեսանք: Դիմակը հանել ա, ասավ` մամ ջան, տես` ես լավ եմ, ասի` ցավդ տանեմ»:

Երեկվանից Անիչկայի հեռախոսը չի լռում՝ աչքալուսանքը աչքալուսանքի հետևից, և ամեն զանգողի հետ մոր ոգևորվածությունն ավելի է մեծանում։ Անցած ամիսների ընթացքում ընդհանուր ցավը մտերմացրել է ռազմագերիների ընտանիքներին։ Սպասման դառը օրերը իրար հետ զրուցելով են անցկացրել։ Այսօր տիկին Անիչկային շնորհավորողների մեջ նաև դեռևս հայրենիք չվերադարձած գերիների ծնողներն են. «Տղես էլ գնացել է, տեսել է, ախպերս, լրիվ տեսել են իրեն: Ասավ` լավ են, ուղղակի Նառա ջան, ուղղակի չէինք կարա իրանց մոտ խոսենք էլի, որ հարցուփորձ անեինք, չէինք կարող, թե չէ որ գա, ես քեզ կզանգեմ, կխոսեք իրար հետ»:

Որդու՝ ոտքից թեթև վիրավորված լինելու հանգամանքը չի խամրեցնում մոր երջանկությունը։ Սրտատրոփ սպասում է Երևանից նրա վերադարձին՝ միասին շատ անելիքներ ունեն:

Երեկ Հայաստան վերադարձած 5 ռազմագերիներից 2-ը պատերազմի ընթացքում էին գերի ընկել, իսկ 3-ը՝ պատերազմից հետո՝ Խծաբերդի տարածքից գերեվարված 62 պահեստազորայինների խմբից են։ Արցախում խաղաղապահ առաքելության հրամանատար Ռուստամ Մուրադովը հայտնել է, որ իրենց աջակցությամբ երեկ նաև Բաքու են վերադարձրել մեկ ադրբեջանցի գերու։

Հայկական կողմի տվյալներով՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների թիվն անցնում է 200-ից։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Իսկ Ադրբեջան է տեղափոխվել 16 անձ, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Շահբազ Գուլիևն ու և Դիլհամ Ասկերովը։

XS
SM
MD
LG