Պատերազմից երկու ամիս առաջ բանակ զորակոչված 18-ամյա Արամայիս Սիրեկանյանը, չհասցնելով զենքին բավարար ծանոթանալ, հայտնվել է Հադրութի, Ֆիզուլիի և այլ շրջաններում ընթացող մարտերի թեժ կետերում։ Շուրջ 28 օր կյանքի ու մահվան կռիվ տալուց հետո Արամայիսը հոկտեմբերի 28-ին դիպուկահարի կրակոցից գանգուղեղային ծանր վիրավորում է ստացել. «Ունքիցս խփել են, էս կողմից դուրս է եկել»:
Արամայիսը ծնողների հետ վերջին անգամ հոկտեմբերի 23-ին էր խոսել, 5 օր անց արդեն հարազատները ստացել են որդու վիրավորվելու մասին լուրը։
«Ասացի`ի՞նչ է եղել, թող քնեմ, ասի` Մայիսիկից խաբար կստանանք հեսա, մի նեղվի, լացում էր կինս, դե կին ա, մայր, ես իմ տղամարդ հալով լացում էի, ինքը չէ՞ր լացի: Կինս ասաց` հիվանդանոցից զանգել են, ասում են` ձեր տղեն ծայրահեղ ծանր «Էրեբունի» հիվանդանոցում ա», - պատմում է հայրը` Դավիթ Գրիգորյանը:
Որդու վիճակը ծայրահեղ ծանր էր. ապրելու հավանականությունը` փոքր։ Փամփուշտը, բարեբախտաբար, գլխուղեղը քիչ է վնասել, բայց փշրել է գանգի աջ հատվածի ոսկորները։ Բեկորները դեռ ամբողջությամբ հեռացված չեն, քանի որ այդ վիրահատությունն էլ լրացուցիչ ռիսկեր է պարունակում։ 3 ծանր վիրահատությունից հետո Արամայիսը կենդանության նշաններ է ցույց տվել։
Շուրջ 2 ամիս հիվանդանոցում պայքարելուց հետո Արամայիսը հաղթեց՝ իր ոտքով տուն վերադարձավ՝ չպատկերացնելով, որ մի նոր պայքարի մեջ է մտնելու՝ սոցիալական դժվարությունների, կորցրած երազանքների ու առաջ շարժվելու դժվարությունների պատճառով. «Ծրագրեր ունեի, որ բանակից գալուց պետք ա թև ու թիկունք լինեինք, տուն առնեինք ի վերջո, մտածում էի` կմտնեմ, ինչ-որ մի տեղ կաշխատեմ, փող կկուտակեմ ու կսկսեմ իմը, փոքր ֆերմա էինք ուզում հիմնել անասուններով»:
Երազանքների ու ծրագրերի մասին հիմա Արամայիսը անցյալ ժամանակով է խոսում, ստացած վիրավորումից հետո ոչ ֆիզիկական աշխատանք է կարողանում կատարել, ոչ էլ երկար քայլել. «Ծակում է գլուխս հիմնականում, աջ կողմս ծակծկում է, բայց ոտքս որ բռնվում է, չեմ կարողանում քայլել»։
Արամայիսին հաշմանդամության 3-րդ կարգ է տրվել, բայց՝ քաղաքացիական, հետևաբար պետպատվերից օգտվելու համար պետք է օրերով սպասի, մինչև հերթը կհասնի, կամ սպասարկվի արտահերթ ու վճարովի տարբերակով։ Իսկ դեղի համար գումար փնտրող ընտանիքը դրա հնարավորությունը չունի։
«100 հազար դրամ գյուղապետարանից օգնություն տվին ինձ, ես դեղերի կեսն առա, կեսն էլ չկար, նոր էի սկսում հայթայթել, այսպես ասած: 500 հազար իրեն հատկացրել են, այդ 500 հազարը տվել են դակումենտները հավաքելու համար, բնական հյութի գումար եմ տվել, որ ինքը վերականգնվի», - պատմում է հայրը։
Վարձով բնակվող այս ընտանիքում հիմա միայն մայրն է աշխատում, հացի փռում՝ 2000 դրամ օրավարձով, ինքը՝ Արամայիսը հիմա աշխատել չի կարող, իսկ հայրը գումար է հայթայթում` ինչպես կարող է. «Հարևանները էստեղ կանաչի քաղում են, որպեսզի շուկա տանեն, վերցնում եմ 60 դրամով, տանում եմ շուկա, 70-80 դրամով ծախում եմ, որպեսզի պարապ չմնամ էլի»։
Պարբերաբար սկսվող ցավերը մղձավանջի են վերածում թե՛ Արամայիսի, թե՛ ծնողների կյանքը. «2 անգամ ճնշումը շատ էր բարձրացել, էստեղ որ ոսկոր չկա, միսն ա, պուլսացիա էր անում, երևում էր, վախեցա, զանգեցի բժիշկին, ասաց` կարա՞ս շուտ քույր գտնես ձեզ մոտ, ասացի հա»:
Հարևան բուժքույրը բժիշկի ցուցումով ներարկում է արել, ճնշումը կարգավորվել է, հիվանդանոց հասցնել չէին կարող, «Վազ 0-12» ավտոմեքենան հայրը վաճառել էր՝ անհրաժեշտ դեղերը գնելու համար, իսկ շտապօգնության սպասելը կարող էր ճակատագրական լինել։
Ինչո՞ւ քաղաքացիական, այլ ոչ թե զինվորական թոշակ։ Հենց այս հարցի պատասխանն է, որ փորձում է գտնել Արամայիսի հայրը՝ Դավիթը։ Հավաքված մեծաթիվ փաստաթղթերին պակասում է միայն մեկը՝ զինկոմիսարիատի կողմից տրվող պատճառային կապը, որի հիման վրա էլ նշանակվում է զինվորական թոշակ. «Զինկոմիսարիատը հարցումը կատարել է չաստ, իրանց չաստը տեղափոխել են հիմա, չգիտեմ, որտեղ, հիմա այդ չաստից մերժում եմ ստանում, որ պատճառային կապ չեն տալիս, ես էլ վայենկոմատին ասում եմ` ինչի հիման վրա չեք տալիս, եթե ես քննչական վարչությունից թուղթը բերել եմ, որ իմ երեխեն փախած չի եղել, տված է, որ իմ երեխեն մասնակցել է էդ վայեննի գործողության»:
Արտաշատի զինկոմիսարիատից պարզաբանեցին՝ վիրավորման պատճառով վաղաժամկետ զորացրված զինծառայողների դեպքում տարվում է քննություն՝ վիրավորման պատճառը պարզելու համար։ Հետևաբար քննության ավարտից հետո միայն կա՛մ կտրամադրվի պատճառային կապը, կա՛մ ոչ։ Մեր նկարահանումից հետո ծնողների հետ կապ են հաստատել Պաշտպանության նախարարությունից, խոստացել խնդիրը կարգավորել։
Իսկ մինչ այդ սեփական տուն ու փոքրիկ անասնական ֆերմա ունենալու փշրված երազանքներին մեկն էլ է ավելացել, պատմում է Արամայիսի հայրը։ Իր ընկերոջ մեքենան 5 րոպե վարելուց հետո Արամայիսը հիմա նաև մեքենա ունենալու մասին է երազում, բայց առայժմ երազանքները օրվա հացի փողը աշխատելուց, անհրաժեշտ բուժումն ավարտին հասցնելուց այն կողմ չեն անցնում։ Բայց Արամայիսն ուժեղ է, մեզ էլ հույս տվեց՝ ամեն ինչ լավ է լինելու։